Դ. Մարիամի Վերափոխումը Երկինք – Գրադարան – Mashtoz.org

Դ. Մարիամի Վերափոխումը Երկինք

Այս ուսմունքը հաստատում է, որ Մարիամը վերափոխվել կամ տեղափոխվել է Երկինք՝ հոգով և մարմնով (վերափոխվել = փոխվել, տեղափոխվել դեպի վեր):

Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեականի 966-րդ կետում կարդում ենք. «Անարատ Կույսը, ազատ պահվելով սկզբնական մեղքի ամեն տեսակ աղտից, երբ ավարտեց իր երկրային կյանքի ընթացքը, մարմնով և հոգով տարվեց երկնային փառքի մեջ և Տիրոջ կողմից բարձրացվեց որպես Թագուհի ամենայնի»:

Պիուս Տասներկուերորդ Պապը Աստվածամոր Վերափոխման մասին խորհրդածում է իր «Աստվածածին Կույս Մարիամը» («Deiparae Virginis Mariae», 1946թ.) նամակում, և այս ճշմարտությունը դոգմա է հռչակում իր«Ամենաառատաձեռն Աստված» («Munificentissimus Deus», 1950թ.) առաքելական սահմանադրությամբ: Նա, ուսումնասիրելով Սուրբ Կույսի Վերափոխման մասին Ընդհանրական Եկեղեցու բոլոր համայնքներում պատմականորեն գոյություն ունեցող հավատքն ու համոզմունքները, ծիսական սովորությունները, որոնք ի մի էին հավաքել կաթողիկէ եպիսկոպոսները, և հիմնվելով նրանց մեծամասնության աջակցության վրա, կատարեց այդ դոգմատիկ ձևակերպումը:

Եկեղեցու Վարդապետական Ուսուցման և Ծեսի համաձայն, Մարիամը Վերափոխումից առաջ մահացավ, բայց նրա մարմինն ապականություն չտեսավ: Այս ուսմունքը հիմնվում է հնագույն ավանդությունների վրա՝ Առաքելական ժամանակներից:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։