Մարեմաբանության պատմությունը – Գրադարան – Mashtoz.org

Մարեմաբանության պատմությունը

Վաղ շրջանի քրիստոնյաներն ի սկզբանե ավելի ոգեշնչվում էին իրենց նահատակների օրինակով, բայց աստիճանաբար սկսեցին առավել ուշադրությամբ խորհրդածել Կույս Մարիամի անձի շուրջ և Նրա մեջ տեսնել մի կամուրջ՝ հնի և նորի միջև, առաջին կնոջ՝ Եվայի և նոր կնոջ՝ Մարիամի միջև կապը, ինչպես նաև այդ առնչությամբ՝ հին մարդու՝ Ադամի և նոր մարդու՝ Քրիստոսի միջև կապը, հին մարդու նորոգումը, որ հնարավոր եղավ Մարիամի շնորհիվ: Մարիամին ուղղված հնագույն աղոթքը – «Ընդ հովանեաւ պաշտպանութեան քո ապաւինիմք ... » - «Քո պաշտպանության հովանու ներքո ենք ապավինում ... » – թվագրվում է 3-րդ դարի կեսով: Եգիպտոսում ևս նույն դարում է սկսվել Մարիամի հանդեպ հատուկ ջերմեռանդական բարեպաշտությունը: «Աստվածածին-Թեոտոկոս» տիտղոսը Սուրբ Կույսի համար գործածել է արդեն Որոգինես Ադամանցիուս Ալեքսանդրացին (185-253):

Վերածննդի ժամանակաշրջանում մեծ թափով զարգացավ մարեմական արվեստը՝ Մարիամի պատկերումը: Բոտիչելլին, Լեոնարդո դա Վինչին, Ռաֆայելը ստեղծեցին Սուրբ Կույսին պատկերող գլուխգործոցներ: 16-րդ դարում Տրիդենտյան Ժողովը հաստատեց եկեղեցիներում Մարիամի պատկերագրության կաթոլիկ ավանդությունը, որի արդյունքը եղավ մարեմանական արվեստի և մարեմաբանության զարգացումը՝ Բարոքքոյի ժամանակաշրջանում: Բողոքականության տարածման ժամանակաշրջանում Ընդհանրական Եկեղեցին բողոքական հարձակումներից պաշտպանում էր իր մարեմաբանությունը: 1571թ.ին Լեպանտոյի ճակատամարտում թուրքերի դեմ ձեռք բերված ռազմական հաջողությունը վերագրվեց Մարիամի բարեխոսությանը, որից հետո Եվրոպայում մարեմական ջերմեռանդության մի նոր վերելք սկսվեց: Միայն 17-րդ դարում մարեմաբանական գրությունների ավելի քան 500 էջ է հրատարակվել:

Պապերը խրախուսել են Սուրբ Կույսի հանդեպ ջերմեռանդությունների տարածումը՝ տոների հաստատմամբ, Վարդարանի, Լիթանիայի և ա՛յլ աղոթքների տարածմամբ, մարեմական միաբանությունների հիմնադրմամբ, Մարիամի երևումների պաշտոնական ճանաչմամբ, ինչպես օրինակ՝ Լուրդի ու Ֆաթիմայի պարագայում: Ալեքսանդր Յոթերորդ (1599-1667) և Կղեմես Տասներորդ (1590-1676) Պապերը պաշտոնապես հավանություն տվեցին Հիսուսի Սուրբ Սրտի և Մարիամի Անարատ Սրտի միասնական ջերմեռանդությանը, որին նաև աջակցում էր Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը 20-րդ դարում:

19-20-րդ դարերում Պապերը հաստատեցին Մարիամի Անարատ Հղության (1854) և Վերափոխման (1950) դոգմաները: Վատիկանյան Երկրորդ Ժողովը (1962-1965) ընդարձակ ձևով խոսեց Մարիամի՝ Եկեղեցու Մայր լինելու ճշմարտության մասին և Նրա անփոխարինելի, եզակի տեղի ու դերի մասին՝ Փրկագործության աստվածային ծրագրում (տե՛ս՝ «Լույս Ազգաց» - «Lumen Gentium» վերտառությամբ վարդապետական սահմանադրությունը՝ Եկեղեցու մասին):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։