Թագուհի Երկնքի – Գրադարան – Mashtoz.org

Թագուհի Երկնքի

Այս ուսմունքին՝ այն մասին, որ Սուրբ Կույս Մարիամը թագադրվել է որպես Երկնքի Թագուհի, կարելի է հանդիպել արդեն վաղ միջնադարյան Եկեղեցու Հայրերի մոտ: Սբ. Գրիգոր Նազիանզացին (329-390) Մարիամին անվանում է «Տիեզերքի Թագավորի Մայրը» և «Կույս Մարիամը, որ ծնեց ողջ աշխարհի Թագավորին»: Սբ. Եփրեմ Ասորին (306-373) գրում է. «Երկինքը Քո մայրը չէր, բայց Դու այն դարձրեցիր Քո գահը: Որքա՜ն գահից ավելի պատվարժան ու հարգարժան է Թագավորի Մայրը»: Ընդհանրական Եկեղեցին Մարիամին պատվում է որպես Թագուհի Երկնքի, ով իր թագի վրա կրում է տասներկու աստղեր, ինչպես նկարագրված է Հայտնության գրքում (12, 1-5):

Բազմաթիվ Քահանայապետներ են Մարիամին պատվել նման տիտղոսներով. Պիուս Իններորդը՝ «Թագուհի Երկնքի ու երկրի», Լևոն Տասներեքերորդը՝ «Թագուհի և Տիրուհի տիեզերքի», Պիուս Տասներկուերորդը՝ «Թագուհի աշխարհի»: Այս տիտղոսների համար աստվածաբանական և տրամաբանական հիմք է ստեղծում Մարիամի մասին Աստվածածին լինելու ուսմունքը: Որպես Աստվածամայր՝ Մարիամը մասնակցում է Փրկության ծրագրին: Ընդհանրական Եկեղեցու հավատքն ուսուցանում է, որ Մարիամը՝ Աստծո Կույս Մայրը, մայրական հոգատարությամբ թագավորում է ողջ աշխարհի վրա, ճի՛շտ ինչպես նա Թագուհու փառքով թագադրված է երկնային երանության մեջ, ինչպես գրում է Պիուս Տասներկուերորդը. «Իհարկե, եզրի ամբողջական և սեղմ իմաստով միայն Հիսուս Քրիստոսը՝ Աստված-Մարդն է Թագավոր, բայց Մարիամը ևս, որպես Աստվածային Քրիստոսի Մայր, որպես Փրկագործության մեջ Նրա գործակիցը, թշնամիների դեմ Նրա պայքարի մեջ և նրանց նկատմամբ Նրա վերջնական հաղթանակի մեջ, ունի բաժին՝ Քրիստոսի թագավորական արժանապատվության մեջ, թեև սահմանափակ ու համանման ձևով: Որովհետև Քրիստոսի հետ իր միությունից Մարիամը ձեռք է բերում մի ճառագող մեծություն, որը գերազանցում է որևէ ա՛յլ արարածի, Քրիստոսի հետ իր միությունից Մարիամը ստանում է արքայական իրավունքը՝ տնօրինելու Աստվածային Փրկչի թագավորության գանձարանը: Քրիստոսի հետ իր միությունից, ի վերջո, բխում է Որդու և Հոր առջև նրա մայրական բարեխոսության անսպառ արդյունավետությունը»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։