Մարեմաբանությունը և քրիստոսաբանությունը – Գրադարան – Mashtoz.org

Մարեմաբանությունը և քրիստոսաբանությունը

Մարիամի կերպարի շուրջ քննարկումներն Ընդհանրական Եկեղեցու աստվածաբանության մեջ մշտապես կապված են եղել քրիստոսաբանության, այսինքն՝ Քրիստոսի սուրբ խորհրդի ուսումնասիրության հետ:

Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապն իր «Փրկչի Մայրը» կոնդակում քննարկում է Մարիամի ճշգրիտ տեղը Փրկագործության ծրագրի մեջ և գրում է. «Հետևելով Վատիկանյան Երկրորդ Ժողովի ուղղությանը, ես ուզում եմ ընդգծել Աստվածամոր հատուկ ներկայությունը Քրիստոսի և Նրա Եկեղեցու խորհրդի մեջ: Որովհետև սա մի հիմնարար բաղկացուցիչ է՝ Ժողովի մարեմաբանության մեջ»[1]:

Աստվածաբանները խորությամբ ուսումնասիրել են մարեմաբանության և քրիստոսաբանության կապը: Ավելին, մարեմաբանությունը նաև օգնում է ավելի խորությամբ հասկանալ Եկեղեցու խորհուրդը, որը Քրիստոսի Խորհրդավոր Մարմինն է: Սբ. Պիուս Տասներորդ Պապը գրում է. «Գոյություն չունի մարդկությանը Քրիստոսի հետ միավորելու ավելի ուղիղ ճանապարհ, քան՝ Մարիամը»[2]:

«Կաթողիկէ Կրթության Վարչությունը» իր փաստաթղթերից մեկում գրում է. «Աստվածաբանության պատմությունը ցույց է տալիս, որ Սուրբ Կույսի խորհրդի ընկալումն օգնում է առավել խորությամբ հասկանալ և՛ Քրիստոսի, և՛ Եկեղեցու խորհուրդները, նաև՝ մարդու կոչումը»[3]:

Կարդինալ Ռայմոնդ Բըրքը գտնում է, որ Սուրբ Կույս Մարիամի մասին մեր գիտելիքների խորացումը պետք է լինի «Եկեղեցու մշտական աշխատանքը»:

[1] Հովհաննես Պողոս Երկրորդ, Կոնդակ «Redemptoris Mater» - «Փրկչի Մայրը» (25 Մարտ 1987թ.), 1.
[2] Պիուս Տասներորդ, Կոնդակ «Ad diem illum» - «Այդ բերկրալի օրը» (2 Փետրվար 1904թ.), 5.
[3] «The Virgin Mary in Intellectual and Spiritual Formation», Congregation for Catholic Education Rome, March 25, 1988, item 18.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։