Մարեմական ջերմեռանդական սովորությունները – Գրադարան – Mashtoz.org

Մարեմական ջերմեռանդական սովորությունները

Ընդհանրական Եկեղեցու ավանդության մեջ շատ տարածված և հարգված են մարեմական ջերմեռանդական զանազան սովորություններ. հավաքական և անձնական նվիրում Աստվածածնին, Վարդարանի աղոթքը, Մայիսյան մարեմական ջերմեռանդությունը, Հրեշտակ Տեառն աղոթքը, Թագուհի Երկնիցը, իննօրյաները, տարբեր վզնոցների կամ մարեմական հանդերձանքների կրումը, Առաջին Շաբաթների աղոթքը, և այլն:

Այս ջերմեռանդությունները տարածել են ո՛չ միայն հոգևորականներն ու վանականները, այլ նաև՝ աշխարհականները: Դրանք մեծ մասամբ սկսվել են վանական կամ ժողովրդական բարեպաշտական աղոթական սովորությունների մակարդակում, որպես հիմք ունենալով անհատական կամ հոգևոր փորձառությունները, տեսիլքները, երևումները: Օրինակ, Վարդարանի աղոթքը ծագել է անուս ժողովրդին և վանականներին աղոթելու հնարավորություն ընձեռելու, Սուրբ Կույսին վարդեր նվիրելու սովորություններից, ինչպես նաև՝ Տիրամոր երևումներից, ըստ բենեդիկտյան վանական ավանդության: Սուրբ Հայրերն իրենց մարեմաբանության համար որպես հիմք հաճախ ընդունում են հավատքի համընդհանուր ընկալումը՝ «sensus fidei» - «հավատքի զգացումը»: Օրինակ, Սբ. Ալֆոնսուս Մարիա Դե Լիգուորին Եկեղեցու Հայրերի գրություններն արժևորում էր որպես այդ հավատքի ընդհանուր ընկալման արտահայտություններ և, ըստ այդմ, գրում է. «Հավատացյալների մեծամասնությունը մշտապես ապավինել է Աստվածամոր բարեխոսությանը՝ իրենց փափագած շնորհների համար»: Իսկ Պիուս Տասներկուերորդ Պապն իր «Մեծափայլ Պսակը փառքի» («Fulgens corona») Կոնդակում գրում է. «Եթե ուշադիր զննենք Երանելի Կույս Մարիամին ուղղված ժողովրդական գովաբանությունները, ապա ո՞վ կհամարձակվի կասկածել, որ նա, ով բոլոր ժամանակներում ավելի մաքուր էր, քան բոլոր հրեշտակները, որևէ պահի, նույնիսկ ամենակարճ ակնթարթում, ազատ չի եղել մեղքի արատից»:

Անարատ Հղության և Սուրբ Կույսի Վերափոխման մասին ուսմունքները հիմնականում ձևակերպվել են Աստծո Ժողովրդի հավատքի այս ընկալման կամ ներքին զգացողության հիման վրա, այսինքն՝ «հավատքի գերբնական ընկալման հիման վրա, երբ եպիսկոպոսից մինչև պարզ աշխարհական, համընդհանուր համաձայնություն են հայտնում հավատքի և բարոյական հարցերի վերաբերյալ», ինչպես բացատրում է Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեականը: Վարդապետություն հռչակելուց առաջ Հռոմի Սրբազան Պապերը խորհրդակցում են ողջ Եկեղեցու հավատացյալների հետ, ուսումնասիրում ու հաշվի առնում նրանց կարծիքները, և համոզվելով, որ այդ վարդապետական ձևակերպումների նկատմամբ արդեն երկար ժամանակ գոյություն ունի ընդհանուր հավատք և ընդունելություն, տալիս են այդ ընկալման դոգմատիկ կամ վարդապետական ձևակերպումը: 2010թ.ին Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապը, վերոհիշյալ երկու վարդապետությունների հռչակման մասին խոսելիս, Աստծո Ժողովրդին անվանեց «առաջնային ուսուցիչ» և ասաց. «Ե՛վ Անարատ Հղության, և՛ Կույսի Վերափոխման նկատմամբ հավատքը արդեն գոյություն ուներ Աստծո ժողովրդի մեջ, քանի դեռ աստվածաբանությունը չէր գտել բանալին՝ դրանք հավատքի ամբողջության մեջ մեկնաբանելու համար: Հետևաբար, Աստծո Ժողովուրդը նախորդում է աստվածաբաններին՝ շնորհիվ այդ գերբնական հավատքի ընկալման  (sensus fidei), այսինքն՝ Սուրբ Հոգուց ներշնչված այդ կարողության, որը մեզ ունակ է դարձնում ընդունելու հավատքի իրականությունը սրտի և մտքի խոնարհությամբ: Այս իմաստով, Աստծո ժողովուրդը մի ''առաջնային ուսուցիչ'' է և պետք է ավելի խորությամբ ուսումնասիրվի և մտավոր կերպով ընդունվի աստվածաբանության կողմից»:

Հռոմի Սրբազան Պապերը մշտապես խրախուսել են մարեմական բարեպաշտական սովորությունների տարածումն ու զարգացումը: Սբ. Պողոս Վեցերորդ Պապն իր «Մարեմական Մեծարանք» («Marialis Cultus») նամակում գրում է. «Սուրբ Պետրոսի Աթոռին կանչվելու պահից սկսած՝ Մենք մշտապես ձգտել ենք հարստացնել Երանելի Կույս Մարիամի հանդեպ ջերմեռանդությունները»: Իսկ Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապն իր «Կույս Մարիամի Վարդարանը» («Rosarium Virginis Mariae») Կոնդակում գրում է. «Բոլոր ջերմեռանդությունների մեջ, Մարիամին ուղղված ջերմեռանդությունն է, որ մարդկային հոգին առավելագույնս նվիրագործում և նմանեցնում է Տիրոջը»:

Կույս Մարիամի հանդեպ ջերմեռանդական նվիրումը, սակայն, չի հասնում պաշտամունքի, որը վերապահված է միմիայն Աստծուն: Մարիամը մարդ է, բայց արտոնյալ՝ բոլոր մարդկանց և Սրբերի համեմատ, քանի որ Աստծուց ընտրվեց որպես Մայր Քրիստոսի և Մայր Եկեղեցու:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։