Մարեմաբանական ուսումնասիրությունների կենտրոնները – Գրադարան – Mashtoz.org

Մարեմաբանական ուսումնասիրությունների կենտրոնները

Մարեմաբանական ուսումնասիրությունների պատմական մի նոր փուլ սկսվեց հատկապես 1950-58թթ.ին՝ Պիուս Տասներկուերորդ Պապի պաշտոնական արտոնություններով ու նախաձեռնություններով: Նա հիմնեց մի քանի հաստատություններ, որոնց առաքելությունն էր համակողմանիորեն խորացնել մարեմաբանական ուսումնասիրությունները՝ Սուրբ Կույսի հանդեպ Եկեղեցու ջերմեռանդությունն առավել զարգացնելու և տարածելու տեսլականով:

«Մարեմական Քահանայապետական Միջազգային Ակադեմիան» (Pontificia Academia Mariana Internationalis), որն այդ ժամանակ հիմնված հաստատություններից է, նպատակ ունի միավորելու մարեմաբանության զարգացմամբ շահագրգիռ բոլոր անձնաց և կառույցներին՝ թե՛ կաթոլիկ, թե՛ օրթոդոքս, թե՛ բողոքական, թե՛, նույնիսկ, մահմեդական: Այս միջազգային կառույցն իր այդ նպատակն իրականացնում է մարեմաբանական միջազգային խորհրդաժողովներ կազմակերպելով, մարեմաբանական ուսումնասիրություններին աջակցելով և դրանք հրատարակելով: Այս կառույցը համակարգում է աշխարհում գործող բոլոր մարեմական ակադեմիաների և հասարակությունների գործունեությունը և վերահսկում է, որպեսզի մարեմաբանական վարդապետական հիմնական դրույթներից շեղումներ չլինեն:

«Սալեզյան Մարեմական Ակադեմիան» (Academia Mariana Salesiana), որը ևս հիմնել է Պիուս Տասներկուերորդը, Պապական Սալեզյան Համալսարանի մի մասն է և աջակցում է Սուրբ Կույսի հանդեպ ջերմեռանդության տարածմանը՝ Սբ. Հովհաննես Բոսկոյի (1815-1888) ավանդության համաձայն:

«Մոնֆորտյան Մարեմական Կենտրոնը» (Centro Mariano Montfortano), որն 1950թ.ին Բերգամոյից տեղափոխվել է Հռոմ, աջակցում է Սբ. Լուի-Մարի Գրինյոն Դը Մոնֆորի (1673-1716) մարեմաբանության ուսումնասիրությանն ու տարածմանը: Կենտրոնը հրատարակում է «Madre e Regina» - «Մայր և Թագուհի» հանդեսը:

«Մարիանում» Քահանայապետական Աստվածաբանական Ֆակուլտետը (Pontificia Facoltà Teologica Marianum) ևս ստեղծվել է 1950թ.ին, այն գիտական աստիճաններ է շնորհում մարեմաբանական ուսումնասիրությունների համար: Յուրաքանչյուր երկու տարին մեկ այս հաստատությունը կազմակերպում է գիտաժողովներ՝ մարեմաբանական նոր մոտեցումներ գտնելու և Սուրբ Կույսի խորհրդին առավել մերձենալու նպատակով:

«Մարեմական Ազգային Ընկերակցությունը» (Collegamento Mariano Nazionale), հիմնված՝ 1958թ.ին, Պիուս Տասներկուերորդի մարեմական վերջին նախաձեռնությունն է, և համակարգում է մարեմական հովվական ձեռնարկներն Իտալիայում, կազմակերպում է Սուրբ Կույսին նվիրված ուխտագնացություններ և հոգևոր կրթություններ՝ քահանաների համար, ինչպես նաև երիտասարդական հավաքներ՝ մարեմական թեմաներով, հրատարակում է «Madonna» - «Տիրուհի» ամսագիրը:

Ներկայում ամենաակտիվը «Մարիանումն» է, որի հիմնադիրը եղել է Հայր Գաբրիելե Մարիա Ռոսքինին (1900-1977) Պիուս Տասներկուերորդի հովանավորությամբ: Ֆակուլտետը տրամադրում է մարեմաբանության մասնագիտական կրթություն՝ մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններով: Այս հաստատությունն ունի մարեմաբանության վերաբերյալ ավելի քան 85.000 կտոր գրականություն, ինչպես նաև՝ մի քանի պարբերականներ, ամսագրեր, որոնցից ամենահայտնին «Marianum»ն է, հիմնված դեռևս 1939թ.ին Հայր Ռոսքինիի կողմից:

1975թ.ին Օհայոյի «Դեյթընի Համալսարանում» հիմնվեց «Մարեմական Հետազոտությունների Միջազգային Հաստատությունը»՝ «Մարիանում»ի հետ համագործակցությամբ, կրթական և գիտական նույն գործառույթներով:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։