Մայր Եկեղեցու – Գրադարան – Mashtoz.org

Մայր Եկեղեցու

«Մայր Եկեղեցու» (լատ.` Mater Ecclesiae) տիտղոսը Սուրբ Կույս Մարիամին պաշտոնապես առաջին անգամ տրվել է Վատիկանյան Երկրորդ Ժողովում` Սբ. Պողոս Վեցերորդ Պապի կողմից: Այս տիտղոսն իրականում պատկանում է Սբ. Ամբրոսիուս Մեդիոլանումացուն (339-397), բայց հայտնի չէր մինչև 1944թ., երբ վերաբացահայտվեց Հյուգո Ռահների կողմից: Ռահների մարեմաբանությունը հիմնված էր Եկեղեցու մեջ Մարիամի դերակատարության վերաբերյալ Ամբրոսիուսի և Եկեղեցու մյուս Հայրերի գրությունների վրա:

Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեականն ասում է, որ Մարիամը ողջ Եկեղեցու, այսինքն՝ բոլոր քրիստոնյաների Մայրն է: «Կույս Մարիամն ընդունված և հարգված է որպես ճշմարտապես Մայր Աստծո և Մայր Փրկչի, իր սիրով միանալով Եկեղեցու հավատացյալների ծննդյան առաքելությանը` Մարիամը Եկեղեցու Մայրն է»: Սբ. Պողոս Վեցերորդ Պապն իր «Աստծո Ժողովրդի հավատամքը» գրության մեջ գրում է. «Եկեղեցու Մայրը Եկեղեցու մեջ կատարում է հավատացյալների հանդեպ Մայրության իր առաքելությունը` համագործակցելով հավատացյալների հոգու մեջ աստվածային կյանքի ծննդյան ու զարգացման գործին»:

Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապն իր «Փրկչի Մայրը» («Redemptoris Mater») Կոնդակում հղում է անում Սբ. Պողոս Վեցերորդի վերոհիշյալ գրությանը և հաստատում, որ Մարիամը բոլոր քրիստոնյաների Մայրն է` և՛ քահանաների, և՛ աշխարհականների: Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապը ևս հիմնվում է Սբ. Պողոս Վեցերորդի գրության վրա և ասում է, որ դա հանրագումարում է այն ամենն, ինչ Մարիամի դերակատարության մասին գրված է Աստվածաշնչում: Ֆրանցիսկոս Պապը ևս իր 2015թ.ի ամանորյա քարոզի մեջ խոսել է այն մասին, որ Հիսուսն ու Մարիամը անբաժանելի են, ճի՛շտ ինչպես Հիսուսն ու Եկեղեցին: Մարիամը «Եկեղեցու Մայրն է, և Եկեղեցու միջոցով՝ Մայրն է ողջ մարդկության և բոլոր ժողովուրդների»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։