Մարեմական ջերմեռանդության զուգահեռ արտահայտությունները – Գրադարան – Mashtoz.org

Մարեմական ջերմեռանդության զուգահեռ արտահայտությունները

Մարիամի վերաբերյալ ավանդական տեսանկյուններն ընդգծում են մարեմական վարդապետություններն ու ուսուցումները, որոնք ուղեկցվում են ջերմեռանդություններով: Բայց այս տեսանկյունները ժամանակի ընթացքում զարգացել են և ունեցել զուգահեռ արտահայտություններ: Օրինակ, Մարիամի որպես Երկնքի Թագուհի կերպարի կողքին, որպես զուգահեռ արտահայտություն, որդեգրվել է նաև Մարիամի որպես Խոնարհության Մայր կերպարը՝ 14-րդ դարասկզբում, ֆրանցիսկյան բարեպաշտության ազդեցությամբ: Մարիամ Թագուհու կողքին շեշտվել է Մարիամի խոնարհությունը՝ որպես Տիրոջ Աղախին, այսինքն՝ Սուրբ Կույսին սկսել են պատկերել նաև աղքատ կերպարի մեջ՝ հատակին նստած, և ո՛չ թե՝ գահին և թագադրված, հասարակ զգեստով, հաճախ բոկոտն, Մանուկ Հիսուսին խնամելիս: Առաջին կերպարը չի հակադրվում մյուսին, այլ՝ ընդգծվում են Սուրբ Կույսի տարբեր առաքինությունները:

Երբ ֆրանցիսկյանները սկսեցին քարոզել Չինաստանում, Խոնարհության Կույսի կերպարը բավական համահունչ եղավ չինական իրականությանը՝ պայմանավորված տեղի սոցիալական առանձնահատկություններով, հասարակ ժողովրդի ապրելակերպով, ինչպես նաև՝ Խոնարհ Տիրամոր կերպարի և չինական Գուանյին աստվածուհու կերպարների միջև որոշ նմանությամբ: 15-րդ դարակեսին Եվրոպայում ի հայտ եկավ Սուրբ Կույսի երկու կերպարների յուրօրինակ համադրության մի գաղափար, որը լավ ներկայացված է Դոմենիքո Դի Բարթոլոյի 1433թ.ի «Խոնարհության Տիրամայրը» կտավում. երկրային բոկոտն Կին, ով միաժամանակ Երկնային Թագուհին է: Նրա գետնին, պարզ բարձերի վրա նստած, ցածր դիրքը համադրված է աստղերի, թագի և թագուհու կարգավիճակի հետ:

 

 

Սուրբ Կույսի կերպարի մշակութային համապատասխանեցման մեկ ա՛յլ օրինակ է Խուան Դիեգոյի պատմությունը՝ 1531թ.ին Մեքսիկայում Գուադալուպեի Տիրամոր երևման մասին: Խուան Դիեգոյի նկարագրությամբ՝ Սուրբ Կույսն իրեն երևացել է ո՛չ թե եվրոպական կամ արևելյան արտաքինով, այլ՝ ացտեկների թագուհուն բնորոշ կերպարով ու զգեստավորմամբ, խոսելով բնիկների նահուատի լեզվով և ո՛չ թե իսպաներեն: Երևման այդ պատմությունն ու սրբապատկերը բեկումնային կետ եղավ՝ Լատինական Ամերիկայի բնիկների Քրիստոնեության դարձի համար և մինչև օրս շատ սիրված ավանդություն է այդ ցամաքամասի երկրներում, Գուադալուպեի Տիրամայրն էլ պատվվում է այդ նույն արտաքինով: Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը խրախուսեց Տիրամոր կերպարի այսպիսի տեղայնացումը և Խուան Դիեգոյի սրբադասման արարողության ժամանակ նույնիսկ թույլատրեց լատինամերիկացիներին հանդես գալ ացտեկների պարերով, ինքը խոսեց նահուատի լեզվով, իսկ Խուան Դիեգոյին անվանեց «Խոսող Արծիվ», և խնդրեց նրա բարեխոսությունը՝ ցույց տալու այն ճանապարհը, որը մոտեցնում է Տեպեյակի «Թուխ Կույսին»:

 

 

 Մարիամին ամենատարբեր եկեղեցական համայնքներում և մշակույթներում դարեր շարունակ համարել են հրաշագործ: Ֆլորենցիայի Օռսանմիքելեի[1] Տիրամոր հրաշքների մասին պատմություններն, օրինակ, գալիս են Վերածննդյան շրջանից: Լեհաստանի ավանդության մեջ շատ սիրված է Չեստոխովայի Սև Տիրամոր հրաշքների պատմությունը: Ամեն տարի միլիոնավոր ուխտավորներ են այցելում ֆրանսիական Լուրդ՝ հրաշալի բուժումների ակնկալիքով, որոնք տեղի են ունեցել շատերի հետ: Տիրամոր բարեխոսությամբ բուժումների պատմությունները շատ են, բայց Սուրբ Աթոռը հավաստի է համարում նրանք, որոնք փաստվում են և վկայվում մանրազնին ուսումնասիրություններով:

[1] Հապավում-անունն է « Orto San Michele » - « Սուրբ Միքայելի Պարտեզ » եկեղեցու, որ կառուցվել է Սուրբ Միքայելի վանքի պարտեզի տեղում, որն այլևս չկա։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։