Նախաբան – Գրադարան – Mashtoz.org

Նախաբան

Մարեմաբանությունը Տեր Հիսուս Քրիստոսի Երանելի Մոր՝ Մարիամ Աստվածածնի մասին աստվածաբանական գիտությունն է: Այն ուսումնասիրում է Մարիամի անձը և նրա դերակատարությունը Փրկագործության մեջ և Եկեղեցում:

Սուրբ Կույս Մարիամի առնչությամբ Ընդհանրական Եկեղեցին ունի չորս դոգմա (կամ հրամանակարգ վարդապետություն, այսինքն՝ բոլոր քրիստոնյաների հավատքի համար պարտադիր ուսմունք), որոնք կազմում են մարեմաբանության հիմքը. Աստծո Մայր կամ Աստվածածին լինելը, Անարատ Հղությունը, Անխախտ Կուսությունը և Վերափոխումը: Բայց ի հավելումն այս չորսի, Մարիամի մասին Ընդհանրական Եկեղեցում զարգացվել են նաև ա՛յլ վարդապետություններ՝ հիմնվելով Աստվածաշնչի, աստվածաբանական խորհրդածության և Եկեղեցու Սրբազան Ավանդության վրա: Մարեմաբանության զարգացումը որպես աստվածաբանության առանձին ճյուղ՝ սկսվել է վաղ միջնադարում և շարունակվում է մինչև օրս, հնում՝ Սուրբ Հայրերի գրվածքներով և աստվածաբանական վերլուծություններով, ծիսական շարականներով և աղոթքներով, ջերմեռանդական աղոթքների տարածմամբ, իսկ նոր ժամանակներում՝ պապական գրություններով և անվանի աստվածաբանների աշխատություններով: Չորս հիմնական դոգմաներից առաջին երկուսը ձևակերպվել են վաղ միջնադարից սկսած, իսկ վերջին երկուսը՝ 19-20-րդ դարերում: Մարիամի մասին պապական ուսուցումները պաշտոնական Առաքելական Նամակների տեսքով հրապարակվում են նաև մեր օրերում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։