« ԵԹԵ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱՔ ԻՄ ԽՈՍՔԻՆ, ՃՇՄԱՐՏԱՊԵՍ ԻՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԼԻՆԵՔ. ԿՃԱՆԱՉԵՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶԱՏԻ ՁԵԶ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵԹԵ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱՔ ԻՄ ԽՈՍՔԻՆ, ՃՇՄԱՐՏԱՊԵՍ ԻՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԼԻՆԵՔ. ԿՃԱՆԱՉԵՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶԱՏԻ ՁԵԶ »

Որոգինես Ադամանցիուս Ալեքսանդրացի (մոտ 185-253). « Քարոզներ Ելից գրքի մասին », 8.

 

[...] «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից՝ ստրկության վիճակից» (Ել 20, 2)։ Այս խոսքերն ուղղված չեն միայն նրանց, ովքեր մի անգամ դուրս ելան Եգիպտոսից, այլ՝ է՛լ ավելի քեզ, որ այժմ լսում ես դրանք, եթե, սակայն, դուրս ես գալիս Եգիպտոսից։ [...]

Մտածի՛ր. այս աշխարհի գործերն ու մարմնի արարքները մի՞թե ստրկության այս վիճակը չեն, և, մյուս կողմից, այս աշխարհի բաներից փախուստն ու Աստծո համաձայն կյանքը մի՞թե ազատության վիճակը չէ, այն խոսքի համաձայն, որ Տերն ասում է Ավետարանում. «Եթե իմ խոսքի մեջ մնաք, կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»։

Այո՛, Եգիպտոսը ստրկության վիճակն է. Երուսաղեմն ու Հրեաստանը՝ ազատության վիճակը(1)։ Լսիր Պողոս Առաքյալին, որ այս առումով ասում է. [...] «Վերին Երուսաղեմն ազատ է, և մեր մայրն է» (Գղտ 4, 26)։ Եվ ինչպես Եգիպտոսը՝ այս երկրային գավառը, Իսրայելի զավակների համար «ստրկության տուն» է կոչվել Երուսաղեմի և Հուդեայի հետ համեմատած, որոնք դարձան նրանց համար ազատության տուն, այնպես էլ, երկնային Երուսաղեմի հետ համեմատած – որը, կարող ենք ասել, ազատության մայրն է – աշխարհն ամբողջ, այն ամեն ինչի հետ միասին, որ պարունակում է, ստրկության տուն է։

Անցյալում, որպես մեղքի համար պատիժ, տեղի էր ունեցել(2) անցումը՝ ազատության դրախտից այս աշխարհի ստրկությանը։ [...] Սրա համար է, որ առաջին խոսքը, որ բացում է Աստծո պատվիրանները, վերաբերվում է ազատությանը. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից՝ ստրկության վիճակից»։ [...]

(1) Այսինքն՝ Եգիպտոսը ստրկության վիճակի խորհրդապատկերն է, մինչ Երուսաղեմն ու հինկտակարանյան ժողովրդի Ավետյաց Երկիրը խորհրդապատկերն են ազատության վիճակի։
(2) Բառացի՝ կար։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։