« ՈՉ ՈՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՆՐԱ ՎՐԱ ՁԵՌՔ ԴՆԵԼ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՐԱ ԺԱՄԸ ԴԵՌ ՉԷՐ ՀԱՍԵԼ » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՉ ՈՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՆՐԱ ՎՐԱ ՁԵՌՔ ԴՆԵԼ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՐԱ ԺԱՄԸ ԴԵՌ ՉԷՐ ՀԱՍԵԼ »

Որոգինես Ադամանցիուս Ալեքսանդրիացի (մոտ 185-253). « Հովհաննեսի Ավետարանի մեկնություն », 19, 12 (PG 14, 548).

 

[...] Հիսուսին փնտրելը մեծավ մասամբ կատարվում է ինչ որ մի բարիք ստանալու նպատակով, քանի որ դա նշանակում է փնտրել Բանին(1), ճշմարտությունն ու իմաստությունը։ Բայց կասեք, որ «Հիսուսին փնտրել» խոսքերը երբեմն ասված են նրանց վերաբերյալ, ովքեր չարիք են կամենում Նրան։ Օրինակ. «Փորձեցին(2) ձերբակալել Նրան, բայց ոչ ոք չկարողացավ ձեռք դնել Նրա վրա, որովհետև Նրա ժամը դեռ չէր հասել» (Հվհ 7, 30)։ [...]

Նա գիտի, թե ումի՛ց է հեռանում և ո՛ւմ կողքին է մնում, երբ չի թողնում գտնել Իրեն, որպեսզի Իրեն փնտրելով՝ նպաստավոր պահին գտնենք Իրեն։ Պողոս Առաքյալն ասում է նրանց, ովքեր տակավին չեն գտել(3) Հիսուսին և դեռևս Նրա վրա չեն ուղղել իրենց հայացքները. «Մի՛ ասա քո սրտում. "Ո՞վ կարող է բարձրանալ երկինք"։ Սա նշանակում է այնտեղից վար իջեցնել Քրիստոսին։ Եվ կամ. "Ո՞վ կարող է իջնել վիհերի խորքը"։ Սա նշանակում է Քրիստոսին կրկին վեր բարձրացնել մեռելներից։ Ի՞նչ է ասում, ուրեմն, Գրվածքը։ "Քեզ մոտիկ է խոսքը, քո բերանի վրա է և քո սրտի մեջ"» (Հռմ 10, 6֊8)։

Երբ Տերն ասում է. «Դուք ինձ փնտրելու եք» (Հվհ 8, 21), մարդկանց հանդեպ տածած Իր սիրո համաձայն՝ նշմարել է տալիս Աստծո Արքայության իրողությունները, որպեսզի նրանք, ովքեր այն փնտրում են, այն չփնտրեն իրենցից դուրս, ասելով. «Ահա՛ այստեղ է, կամ. Ահա՛ այնտեղ է»։ Ավետարանը նրանց ասում է. «Աստծո Արքայությունը ձեր մեջ է» (Ղկս 17, 21)։ Քանի դեռ պահում ենք մեր հոգու մեջ պահ դրված ճշմարտության սերմը, և Իր պատվիրանները, Բանը չի հեռանում մեզնից։ Մինչդեռ, եթե չարը տարածվի մեր մեջ՝ ապականելով մեզ, Հիսուսը մեզ կասի. «Ես գնում եմ, և դուք փնտրելու եք ինձ, բայց մեռնելու եք ձեր մեղքի մեջ» (Հվհ 8, 21)։ [...]

(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
(2) Փորձել բայի իմաստը բնագրում արտահայտված է փնտրել բայով։
(3) Բառացի՝ չունեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։