« ՔՐԻՍՏՈՍԸ՝ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՔՐԻՍՏՈՍԸ՝ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆ »

Որոգինես (մոտ 185-253). « Քարոզներ Ղուկասի Ավետարանի մասին », 34, 3.7-9 (GCS 9, 201-202.204-205).

 

[...] Բարի Սամարացու առակը (Ղկս 10, 25-37) մեկնաբանած հին Հայրերից մեկի համաձայն՝ Երիքովից Երուսաղեմ իջնող մարդը ներկայացնում է Ադամին, Երուսաղեմը՝ դրախտը, Երիքովն՝ աշխարհը, ավազակները՝ թշնամի ուժերին, քահանան՝ Օրենքը, ղևտացին՝ Մարգարեներին, Սամարացին՝ Քրիստոսին։ Ինչպես նաև, վերքերը խորհրդապատկերն են անհնազանդության, գրաստը՝ Տիրոջ Մարմնի։ [...] Իսկ վերադառնալու խոստումը, Սամարացու կողմից տրված, այդ նույն մեկնաբանողի համաձայն՝ պատկերում է Տիրոջ երկրորդ գալուստը։ [...]

Այս Սամարացին « կրում է մեր մեղքերը » (Մտթ 8, 17) և տառապում է մեր համար։ Մահամերձին իր գիրկն է առնում և նրան տանում է մի իջևանատուն, այսինքն՝ Եկեղեցի։ Այն բաց է բոլորի առաջ, իր օգնությունը չի մերժում ոչ ոքի, և բոլորը այնտեղ են կանչվում Հիսուսի կողմից. « Իմ մոտ եկեք դուք բոլորդ, որ հոգնած եք ու ճնշված, և ես կկազդուրեմ ձեզ » (Մտթ 11, 28)։

Վիրավորին այնտեղ տանելուց հետո, Սամարացին իսկույն չի մեկնում, այլ՝ ամբողջ օրը մնում է իջևանատանը, մահամերձի կողքին։ Խնամում է նրա վերքերը, ո՛չ միայն ցերեկը, այլ նաև՝ գիշերով, նրան իր խնամաշատ ողջ հոգատարությամբ պատելով։ [...] Ճշմարտապես, հոգիների այս Պահապանը մարդկանց ավելի մերձավոր եղավ, քան Օրենքն ու Մարգարեները, «բարության ապացույց տալով» նրա հանդեպ, ով «ավազակների ձեռքն էր ընկել», և Իրեն նրան «մերձավոր» ներկայացնելով ո՛չ միայն խոսքերով, այլ՝ գործով։

Մեր համար, ուրեմն, հնարավոր է, հետևելով այս խոսքին. «Ինձ նմանվողներ եղեք, ինչպես որ ես՝ Քրիստոսին» (1Կր 11, 1), նմանվել Քրիստոսին և գութ ունենալ նրանց հանդեպ, ովքեր «ավազակների ձեռքն են ընկել», մերձավոր լինել նրանց, ձեթ ու գինի հեղել նրանց վերքերի վրա և վիրակապել դրանք, նրանց գրաստի վրա դնել և կրել նրանց բեռները։ Ուստի, այսպես վարվելու հորդորը մեզ տալու համար, Աստծո Որդին ասաց. – խոսքն ավելի մեզ բոլորիս ուղղելով, քան թե Օրենքի այն ուսուցչին. – «Գնա՛ և դու էլ նույնը արա՛» (Ղկս 10, 37)։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։