« ՄԵԾԱՐԺԵՔ ՄԱՐԳԱՐԻՏԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԵԾԱՐԺԵՔ ՄԱՐԳԱՐԻՏԸ »

Որոգինես Ադամանցիուս Ալեքսանդրացի (մոտ 185-253). « Մատթեոսի Ավետարանի մեկնություն », 10, 9-10 (GCS 10, 10-11).

 

[...] Ով «մեծարժեք մարգարիտներ է փնտրում», նրան ասվում է. «Փնտրեցեք և կգտնեք», ինչպես նաև. «Ով փնտրում է, գտնում է» (Մտթ 7, 7֊8)։ Ի՞նչ են նշանակում, արդարև, «Փնտրեցեք», և կամ «Ով փնտրում է, գտնում է» խոսքերը։ Ասենք առանց վարանելու. մարգարիտները կամ մարգարիտը ձեռք է բերում նա, ով տալիս կամ կորցնում է ամենը, որի մասին Պողոսն ասում է. «Ամեն բան մի կողմ թողեցի՝ Քրիստոսին շահելու նպատակով» (Փլպ 3, 8), «ամեն բան» ասելիս հասկանալով մյուս մարգարիտները, իսկ «Քրիստոսին շահել» ասելիս՝ միակ մեծարժեք մարգարիտը։

Թանկարժեք է, հետևաբար, կանթեղը նրանց համար, որ գտնվում են խավարի մեջ, և կանթեղի կարիքը կա, քանի դեռ չի ծագել արևը։ Թանկարժեք է նաև պայծառ փայլը Մովսեսի դեմքի վրա (2Կր 3, 7), նաև Մարգարեների, իմ ընկալմամբ, և գեղեցիկ տեսարան է, որովհետև այդ պայծառ փայլի շնորհիվ ներածվում ենք Քրիստոսի Դեմքի տեսությանը. այդ պայծառափայլությանը վկայություն տալով՝ Հայրն ասում է. «Սա է իմ սիրելի Որդին, որ ունի իմ ողջ հաճությունը» (Մտթ 3, 17)։ Բայց «այն, ինչը որ փառավոր էր, այլևս այդպիսին չէ՝ Նոր Ուխտի գերապանծ փառքի համեմատ» (2Կր 3,10), որի համար կարիքն ունենք, մի առաջին հանգրվանում, այն փառքի, որն ընդունում է [իր] չեղարկումն ի նպաստ «գերապանծ փառքի», ինչպես որ կարիքը կա մի «մասնակի ճանաչողության», որը, «երբ կգա այն, ինչը որ կատարյալ է, կչեղարկվի» (1Կր 13,9)։

Ուստի յուրաքանչյուր հոգի, որ հասել է վաղ մանկության տարիքին և գտնվում է «դեպի կատարելություն» ձգվող ընթացքի մեջ (Եբր 6, 1), մինչև որ իր մեջ կհաստատվի «ժամանակի լրումը» (Գղտ 4, 4), կարիք ունի մանկավարժի, կառավարչի ու տեսուչի, որպեսզի, երբ ազատ արձակվի, մեծարժեք մարգարիտին համանման ժառանգություն ստանա, – համանման «այն բանին, ինչը որ կատարյալ է, որ գալիս է չեղարկելու այն, ինչը որ մասնակի է» (1Կր 13,10), – երբ հոգին ընդունակ կլինի ստանալու Քրիստոսի ճանաչողության գերազանց վեհությունը (Փլպ 3, 8)։

Բայց շատերը, որ չեն ըմբռնել Օրենքի բազմաթիվ մարգարիտների գեղեցկությունը և ո՛չ էլ բոլոր Մարգարեների(*) մեջ «պարունակված տակավին մասնակի ճանաչողությունը», սխալմամբ երևակայում են, թե կարող են առանց նախապես սրանք պարզելու և խորապես ու ամբողջապես հասկանալու՝ գտնել այն միակ մեծարժեք մարգարիտը. [...] կատարյալ կերպով հասկացված Ավետարանը և Հիսուս Քրիստոսի գործերի ու խոսքերի վերաբերյալ ողջ իմացությունը։ [...]

 

(*) Բառացի՝ ողջ մարգարեության։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։