Սաղմոս 101 [100] - Անբծության ճանապարհը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 101 [100] - Անբծության ճանապարհը

Աստծո հետ կնքված Ուխտը վարքի մի կանոն է ենթադրում յուրաքանչյուր իսրայելացու, նաև թագավորի համար: Այս սաղմոսը մի հայելի է ժողովրդին իշխողի համար, որին հուշում է ծրագրային մի քանի էական կետեր. անձնական անստգտանելի բարոյականություն, ուղղամիտ խորհրդատուների ընտրություն, պայքար անպարկեշտների, հպարտների ու ստախոսների դեմ, որոնցով լի են թագավորական պալատները, պայքար անարդարության դեմ: Այս ուսուցումը դասական է Աստվածաշնչում, թեև առավել հազվադեպ է նրա գործադրումը:
Յուրաքանչյուր մկրտված քրիստոնյա, հոգեպես Քրիստոսին պատվաստվելով, մասնակցում է Նրա քահանայական, թագավորական և մարգարեական պաշտոններին: Իր անձնական կյանքում և հասարակության ներսում իրեն հանձնված գործերում քրիստոնյան պետք է վարվի Քրիստոսի թագավորական պատասխանատվության զգացումով: Այսպիսով, այս սաղմոսը կարող է դառնալ նաև մեր աղոթքը, մեզ օրըստօրե առավել նման դարձնելով մեր հավիտենական Թագավորին, Հիսուս Քրիստոսին: Միայն Նա է միակ Սուրբն ու Կատարյալը:
 

 
Կցորդ.   Այսպիսի Քահանայապետի կարիքն ունեինք. սուրբ, անմեղ, անբիծ (հմմտ. Եբր 7, 26):
կամ.  
Սուրբ Հոգին ձեզ եպիսկոպոսներ է կարգել,
հովվելու համար Աստծո Եկեղեցին (Գրծ 20, 28):
կամ.  
Ով կառավարում է, իբրև Աստծո տնտես,
պետք է անստգտանելի լինի և ո՛չ թե հպարտ (հմմտ. Տիտ 1, 7):
կամ.  
Աստծո ծառան չպետք է կռվազան լինի,
այլ՝ բոլորի հետ հեզ, և ընդունակ՝ ուսուցանելու (2Տմ 2, 24):
կամ.  
Աստծո մարդ, փախիր աշխարհիկ իրողություններից,
ձգտիր սիրույն, համբերությանը, հեզությանը (հմմտ. 1Տմ 6, 11):
կամ.  
Փնտրիր արդարությունը, հավատքը, սերը, խաղաղությունը,
նրանց հետ միասին, ովքեր կանչում են Տիրոջը մաքուր սրտով (2Տմ 2, 22):

 


 
1Դավթի: Սաղմոս:
 
Սերն ու արդարությունն եմ երգելու,
տաղեր եմ ասելու Քեզ, Տեր.
2ընտրելու եմ անմեղության ճանապարհը,
ե՞րբ ես գալու իմ մոտ:
 
Անբիծ սրտով եմ ընթանալու
իմ տան ներսում.
3աչքերիս առջև չեմ հանդուրժելու
սատանայի գործերը:
 
Ատելու եմ դավաճանի վարմունքը,
առանց նրանից հմայվելու.
4հեռո՛ւ ինձնից այլասերված սիրտը,
չարագործին ճանաչել չեմ ուզում:
 
5Ով գաղտնի չարախոսում է իր մերձավորի դեմ,
նրան լռության կվերածեմ.
արհամարհող աչքն ու հպարտ սիրտը
չեմ կամենում հանդուրժել:
 
6Աչքերս երկրի հավատացյալների վրա են,
մոտ եմ մնալու նրանց.
ով ընթանում է անբծության ճանապարհով,
նա կլինի իմ ծառան:
 
7Տանս մտերմության շրջանակում չի նստելու նա,
ով կեղծիքներ է գործում.
ով սուտ է խոսում,
չի կարող դիմանալ աչքերիս առաջ:
 
8Օրըստօրե լռության եմ վերածելու
երկրի բոլոր ամբարիշտներին,
Տիրոջ քաղաքից արմատախիլ անելու համար նրան,
ով գործում է չարիք:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։