Սաղմոս 23 [22] - Իմ հովիվը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 23 [22] - Իմ հովիվը

Լավ խնամված մի գառնուկ, մեծ ուշադրությամբ պատված մի հյուր. ամենօրյա կյանքի այս երկու իրողությունները սաղմոսերգուին ընծայում են երկու պերճախոս պատկերներ՝ երգելու համար Տիրոջ հետ լինելու բերկրանքը: Աստծուն հովվի պատկերով ներկայացնելը զուգահեռներ է գտնում մարգարեական գրություններում (Ես 40, 11; Եզ 34, 11-16), և դառնալու էր ամենահայտնի խորհրդապատկերը, որով Հիսուսն Ինքը խոսելու էր Իր մասին (Հվհ 10, 1-29), այն աստիճան, որ Նոր Կտակարանի ներշնչված հեղինակները ևս սիրով տալիս են Նրան այս տիտղոսը (Եբր 13, 20; 1Պտ 2, 25; Հյտ 7, 17): Ջուրը, ձեթը և գինու գավաթը, որոնց մասին խոսում է սաղմոսը, մտածել են տալիս քրիստոնեական սկզբնավորման Խորհուրդներին. Մկրտությանը, Դրոշմին և Ամենասուրբ Հաղորդությանը: Առաջին քրիստոնյաների համայնքներում, նոր մկրտվածներն այս սաղմոսն էին երգում, մինչ քայլում էին դեպի եկեղեցին, ուր առաջին անգամ լինելով մասնակցելու էին Սուրբ Պատարագին:
 

 
Կցորդ.  
Եվ Գառը լինելու է նրանց հովիվը,
առաջնորդելու է նրանց դեպի կյանքի ջրերի աղբյուրները (հմմտ. Հյտ 7, 17):
կամ.   Ես եմ բարի հովիվը, ճանաչում եմ իմ ոչխարներին (հմմտ. Հվհ 10, 14):
կամ.   Մի՛ վախեցիր, փոքրիկ հոտ, ձեր Հորը հաճելի եղավ ձեզ տալ արքայությունը (Ղկս 12, 32):
կամ.  
Հովիվն ընթանում է իր ոչխարների առջևից.
նրանք հետևում են իրեն, որովհետև ճանաչում են իր ձայնը (հմմտ. Հվհ 10, 4):
կամ.  
Ուրիշ ոչխարներ ևս լսելու են իմ ձայնը.
դառնալու են մեկ հոտ և մեկ հովիվ (հմմտ. Հվհ 10, 16):
կամ.   Խաղաղության Աստվածը ննջեցյալների միջից վերադարձրեց ոչխարների մեծ հովվին (Եբր 13, 20):
կամ.  
Նման էիք մոլորված ոչխարների,
բայց այժմ վերադարձել եք ձեր կյանքերի հովվին (հմմտ. 1Պտ 2, 25):
կամ.   Երբ կհայտնվի հովիվների հովիվը, կստանաք փառքի պսակը (հմմտ. 1Պտ 5, 4):

 


 
1Սաղմոս: Դավթի:
 
Տերն է իմ հովիվը,
ինձ ոչինչ չի պակասում.
2դալար խոտի արոտավայրերում
հանգստացնում է ինձ:
 
Դեպի խաղաղ աղբյուրներն է առաջնորդում ինձ,
3սթափեցնում է կյանքս.
առաջնորդում է ինձ արդարության արահետներում
Իր Անվան սիրո համար:
 
4Եթե նույնիսկ գնամ մահվան խավար հովիտը,
ոչ մի չարիքից չեմ վախենում.
Քո ցուպն ու գավազանը մխիթարում են ինձ
և Դու իմ հետ ես:
 
5Իմ առջև սեղան ես պատրաստում,
թշնամիներիս դիմաց.
հոտավետ յուղով օծում ես գլուխս,
բաժակս լցվել է և հորդում է:
 
6Բարություն և սեր են ընկերակցելու ինձ
կյանքիս բոլոր օրերում.
անվախճան օրեր շարունակ
վերադառնալու եմ Տիրոջ բնակավայրը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։