Սաղմոս 82 [81] - «Դուք աստվածներ եք» – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 82 [81] - «Դուք աստվածներ եք»

Իշխանավորներն ու դատավորները երկրի վրա անդամներն են Աստծո դատարանի, որոնց Աստված պաշտոն է տվել՝ աշխարհի կառավարման գործում գործակցելու Իրեն եւ, որպես այդպիսիք, նրանք «աստվածային» գործ են կատարում (6): Բայց նրանց ձեռքերում ինչպիսի՞ ճակատագրի է արժանանում աղքատների դատը: Իրավունքի փոխարեն անարդարություն բանեցնելով, հզորները խռովում են աշխարհի կարգը (5): Բայց նրանք էլ են դատվելու Աստծո կողմից: Երբ ի վերջո կարողանում ենք հասկանալ, թե Աստծո համար ի՛նչ է նշանակում արդարությունը, մեր չափազանց մարդկային դատաստանները դրանից այլայլված են մնում:
 

 
Կցորդ.  
Մաքուր և անբիծ պաշտամունքը
որբերին ու այրիներին օգնության հասնելն է (հմմտ. Հկբ 1, 27):
կամ.   Ձեր Տերը երկնքում է և Նրանում չկա կողմակալություն (հմմտ. Եփս 6, 9):
կամ.   Մի՛ դատեք ըստ արտաքինի, այլ՝ դատեք արդար դատաստանով (Հվհ 7, 24):

 


 
1Սաղմոս: Ասափի:
 
Աստված նախագահում է աստվածային հավաքին,
Նա դատում է աստվածների մեջ.
2«Մինչև ե՞րբ եք կողմնակալությամբ դատելու,
նպաստելու՝ ամբարիշտների դատին:
 
3Պաշտպանեցեք տկարին ու որբին,
արդարություն արեք աղքատին ու կարիքավորին.
4ազատեցեք տկարին ու խեղճին,
խլեցեք նրանց ամբարիշտների ձեռքից»:
 
5Չեն հասկանում և չեն կամենում կշռադատել,
քայլում են խավարի մեջ.
սասանվել են երկրի հիմքերը:
 
6«Ասել էի. Դուք աստվածներ եք,
դուք բոլորդ՝ Բարձրյալի որդիներ.
7այնուամենայնիվ, մեռնելու եք մարդու նման,
ընկնելու եք՝ ինչպես բոլոր հզորները»:
 
8Ոտքի ել, Աստված, և դատիր երկիրը,
Քեզ են պատկանում բոլոր հեթանոսները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։