Սաղմոս 98 [97] - Երկիրը տեսավ Աստծո պարգևած փրկությունը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 98 [97] - Երկիրը տեսավ Աստծո պարգևած փրկությունը

Տերը շարունակում է իրականացնել փրկության Իր ծրագիրը: Թող բոլոր ժողովուրդները փառավորեն Նրան որպես իրենց տիրակալին, բերկրանքը թող պոռթկա ամբողջ երկրի վրա, որովհետև Աստված գալիս է. Նա մարդկության համար սկիզբ է տալիս խաղաղության ու արդարության Թագավորությանը: Համաշխարհային միևնույն հեռանկարն է ուրվագծվում Եսայի Մարգարեի գրքի երկրորդ մասում (Ես 40-55), որի հետ Արքայության Սաղմոսները բազմաթիվ ընդհանրություններ ունեն:
Քրիստոնեական Ծեսն առաջարկում է աղոթել այս սաղմոսը հատկապես Սուրբ Ծննդյան շրջանում, քանի որ այն լի է Աստծո՝ բոլոր մարդկանց Փրկչի գալստյան համար բերկրանքով:
 

 
Կցորդ.  
Իմ աչքերը տեսան փրկությունը,
որ Դու պատրաստել ես բոլոր ժողովուրդների առաջ (հմմտ. Ղկս 2, 30-31):
կամ.  
Յուրաքանչյուր լեռ և յուրաքանչյուր բլուր խոնարհեցվելու է, յուրաքանչյուր մարմին
տեսնելու է Աստծո պարգևած փրկությունը (հմմտ. Ղկս 3, 5-6):
կամ.  
Թող ձեզ հայտնի լինի, որ Աստծո պարգևած այս փրկությունը
առաքվել է հեթանոսներին (Գրծ 28, 28):
կամ.  
Աշխարհի թագավորությունը պատկանում է մեր Տիրոջը և Իր Քրիստոսին.
Նա թագավորելու է հավիտյանս հավիտենից (հմմտ. Հյտ 11, 15):

 


 
1Սաղմոս:
 
Նոր երգ երգեցեք Տիրոջը,
որովհետև Նա հրաշքներ գործեց.
Իր աջը և Իր սուրբ բազուկը
տվեցին Իրեն հաղթանակը:
 
2Տերը ճանաչել տվեց Իր պարգևած փրկությունը,
ժողովուրդներին հայտնեց Իր արդարությունը.
3հիշեց Իր հավատարմությունը,
Իսրայելի ժողովրդի հանդեպ Իր սերը.
և երկրի բոլոր սահմանները
տեսան Աստծո պարգևած փրկությունը:
 
4Աղաղակեցեք դեպի Տերը, երկրներ բոլոր,
ցնծացեք, նվագեցեք և երգեցեք.
5երգեցեք Տիրոջը տավիղով,
տավիղով ընկերակցեք երգասացությանը.
6շեփորի և եղջյուրի հնչմամբ
աղաղակեցեք ձեր Թագավորի՝ Տիրոջ առաջ:
 
7Թող զվարթանա ծովը և ինչ որ պարունակում է,
աշխարհն ու իր բնակիչները.
8թող ծափահարեն գետերը,
լեռները միասին պարեն.
9երեսի առաջ Տիրոջ,
որ գալիս է դատելու երկիրը:
 
Նա դատելու է աշխարհն արդարությամբ
և ժողովուրդներին ըստ Իր ուղղամտության:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։