Սաղմոս 38 [37] - Ուղղիր ինձ առանց բարկության – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 38 [37] - Ուղղիր ինձ առանց բարկության

Հիվանդության և բաժանումների ծանրության ներքո կքված, Աստծո պատիժը կրող մի մարդ: Նա իր ողբն է հյուսում, աղաչական ու միապաղաղ, անվերջանալի՝ ինչպես իր տառապանքները: Աստծո առաջ նա իրեն ներկայացնում է խեղճ, դավաճանված ու լքված: Հոբի նման, սակայն, չի ըմբոստանում (Հոբ 6, 4; 19, 13-21): Նա գիտակից է, որ մեղավոր է, արժանի՝ այդ վիճակին, և տառապում է լռության մեջ: Ոչ մի մեղադրանք կամ բողոք, ոչ մի նզովք հակառակորդների դեմ: Մի ծածուկ հույս է բնակվում նրանում: Աստծուն այս անմնացորդ կերպով հանձնումի զուգահեռներն ենք գտնում Եսայի և Երեմիա Մարգարեների գրություններում (Ես 53, 7; Ողբ 3, 26-29): Քրիստոնեական ավանդությունը հանձինս վշտակիր այս մարդու տեսել է չարչարանքները լռելյայն կրող Քրիստոսի պատկերը:
 

 
Կցորդ.  
Նրան, որ մեղք չէր ճանաչում,
Աստված մեղք դարձրեց մեր համար (հմմտ. 2Կր 5, 21):
կամ.  
Երբ Տիրոջ կողմից դատվում ենք, զգուշացվում ենք,
որպեսզի չդատապարտվենք (հմմտ. 1Կր 11, 32):

 


 
1Սաղմոս: Դավթի: Հիշատակելու համար:
 
2Տեր, զայրույթով մի՛ հանդիմանիր ինձ,
մի՛ ուղղիր ինձ բարկությամբդ.
3նետերդ հարվածեցին ինձ
և ձեռքդ ծանրանում է իմ վրա.
4բարկությանդ պատճառով՝ առողջ անդամ չի մնացել մարմնումս,
մեղքիս պատճառով՝ ոսկորներիցս ոչ մեկն անեղծ չէ:
 
5Հանցանքներս գլխիս են թափվում,
ուժերիցս գերազանց ծանրություն են.
6բորբոքված ու թարախակալված են վերքերս,
ահա թե ինչպես եմ վճարում հիմարությունս:
 
7Ծայր աստիճան ճնշված ու կքված,
մթագնած թափառում եմ ամբողջ օրը.
8մինչև ոսկրածուծս այրում է ջերմս,
մարմնումս առողջ անդամ չի մնացել այլևս:
 
9Ծայր աստիճան նվաղած ու տկարացած,
սրտիս դողի պատճառով հառաչում եմ.
10յուրաքանչյուր իմ փափաք Քո առջև է,
իմ հեծեծանքը Քեզ անհայտ չէ:
 
11Սիրտս բաբախում է և ուժերս լքում են ինձ,
նվազում է աչքերիս լույսը.
12մտերիմներս ու ընկերներս հեռու են մնում,
մերձավորներս՝ վերքերիցս հեռու:
 
13Որոգայթներ են լարում և փորձում են վնաս հասցնել կյանքիս
նրանք, ովքեր կամենում են իմ կործանումը.
չարությամբ լի խոսքեր են արտասանում
և ամբողջ օրը խաբեություն մտածում:
 
14Բայց ես, ինչպես մի խուլ, չեմ լսում,
ինչպես մի համր, չեմ բացում բերանս.
15այո՛, ինչպես մի մարդ, որ չի լսում
և նրա բերանը պատասխանելու անկարող է:
 
16Քեզ եմ ես հուսացել, Տեր,
կպատասխանես ինձ, Տեր Աստված իմ.
17ասում եմ. «Թող չուրախանան իմ դեմ,
թող չբարձրանան, եթե ոտքս սասանվի»:
 
18Բայց այժմ ես ընկնելու վրա եմ
և իմ ցավը ինձ միշտ ներկա է.
19ահա, ես խոստովանում եմ իմ հանցանքը,
սարսափում եմ մեղքիս պատճառով:
 
20Թշնամիներս հզոր են ու կորովի,
բազմաթիվ են, որ հակառակվում են ինձ խաբեություններով.
21բարիքի փոխարեն՝ չարիք են հատուցում ինձ,
մեղադրում են ինձ, եթե հետապնդում եմ բարին:
 
22Տեր, մի՛ լքիր ինձ,
հեռու մի՛ մնա ինձնից, Աստված իմ.
23շուտով օգնության հասիր ինձ,
Դու, Տեր, փրկություն իմ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։