Սաղմոս 8 - Մարդն աստված լինելուց մի քիչ նվազ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 8 - Մարդն աստված լինելուց մի քիչ նվազ

Ահա մի տաղ, որն երգում է Աստծո մեծությունը: Բայց աստվածային վեհության լավագույն հայելացումը մարդու մեծությունն է: Տիեզերքի անհունության մեջ կորած այս նվաստ էակն Աստծո կողմից հաստատվել է արարչության թագավոր:
Հիսուսն այս սաղմոսի խոսքերից մեջբերում կատարեց Իր հաղթական մուտքի օրը Երուսաղեմ (Մտթ 21, 15-17): Պողոս Առաքյալն այս սաղմոսն ամբողջովին իրականացած է տեսնում հանձինս Հիսուսի (1Կր 15, 27; Եփս 1, 22; Եբր 2, 6-9):
Մենք սաղմոսերգուի հետ միասին դավանում ենք, որ հակառակ մարդու փոքրկությանը, Աստված նրան տվել է Իր փառքին նման փառք, նրա ձեռքերին հանձնելով ու վստահելով ամբողջ արարչությունը: Գիտենք, որ կանչված ենք գործակցելու Աստծո հետ և չենք անգիտանում, որ բոլոր դեպքերն ու իրադարձությունները կարող են նպաստել փրկության Իր ծրագրի իրականացմանը:
 
– Սաղմոսերգուն նշում է, որ երգը պետք է կատարվի «հնձանների» վրա: Խոսքը թերևս վերաբերվում է փղշտացիների Գաթ քաղաքում այդ ժամանակներում գործածվող երաժշտական մի գործիքի: Կամ էլ՝ այս սաղմոսը գրվել է բերքահավաքի կամ հունձքի ժամանակ երգվելու համար:
 

 

Կցորդ.  
Աստծո ձեռքի գործերի մեջ
կարող ենք տեսնել Նրա աստվածությունն ու հզորությունը (հմմտ. Հռմ 1, 20):
կամ.  
Ովքեր արժանի համարվեցին գալիք աշխարհին,
հավասար են հրեշտակներին և Աստծո որդիներն են (հմմտ. Ղկս 20, 35-36):

 


 

1Երգչախմբի ղեկավարի համար: «Հնձաններ»ի վրա:
Սաղմոս: Դավթի:
 
2Ո՜վ Տեր, Տեր մեր,
քանիցս մեծ է Անունդ համայն երկրի վրա.
երկնքից ավելի՝ Անունդ է պատմում մեծվայելչությունդ:
 
3Մանուկների ու կաթնակերների բերանում
հաստատեցիր զորությունդ ընդդեմ թշնամիների,
անդամալույծ դարձնելով թշնամուն ու հակառակորդին:
 
4Հայում եմ երկնքին, Քո մատների գործին,
լուսինն ու աստղերը, որոնք Դու հաստատեցիր.
5ի՞նչ է մարդը, որ Դու հիշում ես նրան,
մարդ արարածը, որ Դու այցելես նրան:
 
6Եվ սակայն, մի աստված լինելուց մի քիչ նվազ ստեղծեցիր նրան,
պսակեցիր փառքով ու պայծառությամբ,
7ձեռքերիդ բոլոր գործերի վրա իշխան կարգեցիր,
ամեն ինչ ենթարկեցիր նրա ոտքերի ներքո.
 
8ամեն տեսակի երամակներ ու նախիրներ,
նաև վայրի գազանները,
9երկնքի թռչուններն ու ծովի ձկները,
որ զեռում են ընդծովյա արահետներում:
 
10Ո՜վ Տեր, Տեր մեր,
քանիցս մեծ է Անունդ համայն երկրի վրա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։