Սաղմոս 71 [70] - Մի՛ լքիր ինձ, երբ հասնի ծերությունը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 71 [70] - Մի՛ լքիր ինձ, երբ հասնի ծերությունը

Իր տարիներն ապրած և ծերությանը հասած տարեց մի մարդ – հավանաբար Տաճարին ծառայող մի դպիր – մի հայացք է նետում իր անցյալի վրա. մանկությունից ի վեր, իր երկարատև կյանքի յուրաքանչյուր օրը կամեցել է հավատարիմ մնալ Տիրոջը և ապրել Նրա հետ մտերմությամբ: Աստծո փառաբանությունն է եղել իր կյանքի ընկերը: Խորապես վստահասիրտ լինելով, նա աղերսում է Աստծուն օգնության հասնել իրեն, որովհետև կամենում է շարունակել փառաբանել Նրան իր բոլոր ուժերով: Նրա աղոթքը նմանվում է Երեմիա Մարգարեի «խոստովանություններին» (Եր 17, 14-18): Հետագայում, այս անձնական աղոթքը վերածվել է հավաքական աղոթքի, Իսրայելի համար: Որպես այդպիսին, մեր անձնական աղոթքներում գործածելուց բացի, մենք այն կարող ենք աղոթել Քրիստոսի Եկեղեցու համար:
 

 
Կցորդ.  
Ես գիտեմ, թե ում եմ հավատացել:
Նա կպահպանի իմ ավանդը մինչև այն օրը (հմմտ. 2Տմ 1, 12):
կամ.   Մենք երանելի ենք հռչակում նրանց, ովքեր հարատևել են (Հկբ 5, 11):
կամ.   Բարի պատերազմը մղեցի, ընթացքս ավարտեցի, հավատքս պահպանեցի (2Տմ 4, 7):
կամ.   Ով մինչև վերջ կհարատևի, նա կփրկվի (Մտթ 24, 13):
կամ.  
Տերը կերպարանափոխելու է մեր թշվառության մարմինը,
կերպարանակից դարձնելու համար Իր փառավոր մարմնին (հմմտ. Փլպ 3, 21):
կամ.   Ամենակարողը մեծ գործեր կատարեց ինձնում, և Սուրբ է Նրա Անունը (Ղկս 1, 49):

 


 
1Քեզ եմ ապավինում, Տեր,
թող ընդմիշտ ամոթով չմնամ.
2արդարությանդ համաձայն՝ ազատիր ինձ և պաշտպանիր,
մոտեցրու ինձ ականջդ և փրկիր ինձ:
 
3Եղիր իմ համար մի վեմ, որ ընդունում է ինձ,
մի օթևան միշտ հասանելի.
որոշել ես փրկություն պարգևել ինձ,
Դու ես իմ ժայռն ու իմ ամրոցը:
 
4Ամբարիշտի ձեռքից ազատիր ինձ, Աստված իմ,
այլասերվածի ու բռնավորի գրավումից.
5Դու ես, Տեր Աստված, իմ հույսը,
երիտասարդությունիցս ի վեր Դու ես իմ հենարանը:
 
6Մայրական արգանդում արդեն Քեզ էի վստահում,
մորս ծոցում Դու էիր իմ պաշտպանը.
հավիտյան Դու ես լինելու իմ գովքը:
 
7Շատերին մի հրաշք թվացի,
բայց Դու ես իմ օգնությունն ու իմ ուժը.
8բերանս լի է Քո գովասանքով,
ամբողջ օրը՝ Քո փառքով.
9ծերությունը հասած՝ մի՛ մերժիր ինձ,
երբ պակասում են ուժերը, մի՛ լքիր ինձ:
 
10Թշնամիներս խոսում են իմ դեմ,
ովքեր լրտեսում են ինձ, միասին դավադրում են.
11ասում են. «Աստված նրան լքել է, հետապնդեցեք նրան,
շտապեցեք, չունի մեկը, որ ազատի նրան»:
 
12Ո՜վ Աստված, հեռու մի՛ մնա,
Աստված իմ, շուտով հասիր ինձ օգնության.
13թող շփոթության մատնվեն և ոչնչացվեն նրանք,
ովքեր դավեր են նյութում իմ կյանքի դեմ.
ամոթով ու անարգությամբ թող պատվեն,
ովքեր փնտրում են իմ դժբախտությունը:
 
***
 
14Ես չեմ դադարում հուսալ և գովել Քեզ,
15բերանս հռչակում է Քո արդարությունը,
ամբողջ օրը՝ փրկության Քո գործերը.
դրանք անքանակ են և չեմ կարողանում հաշվել:
 
16Վերապրում եմ Քո սքանչելիքները, Տեր Աստված,
միայն Քո արդարությունն եմ մտաբերում.
17երիտասարդությունիցս ի վեր Դու կրթում ես ինձ, Աստված,
մինչև այսօր ես հռչակում եմ Քո հրաշքները:
 
18Հասել են ծերությունն ու սպիտակ մազերը,
ո՜վ Աստված, ինձ մի՛ լքիր.
նրան, ով գալիս է, կավետեմ Քո զորությունը,
ապագա սերնդին՝ Քո հրաշագործությունները:
 
19Արդարությունդ, Աստված, հասնում է մինչև երկինք,
Դու ես, որ կատարում ես մեծագործություններ.
ո՜վ Աստված, ո՞վ է Քեզ նման:
 
20Անցկացրեցիր ինձ բազում փորձությունների միջով,
բայց Դու ես լինելու, որ վերապրեցնելու ես ինձ,
երկրի խորքերից բարձրացնելու ես ինձ:
 
21Ինձ վեր կբարձրացնես, ինձ ավելի մեծ դարձնելու համար,
կրկին Դու կլինես ինձ մխիթարողը.
22տավիղի վրա կդավանեմ հավատարմությունդ, Աստված,
քնարի վրա կերգեմ Քո համար, ո՜վ Սուրբդ Իսրայելի:
 
23Շուրթերս երգելու են Քո համար,
որովհետև Դու փրկեցիր իմ կյանքը.
24լեզուս, ամբողջ օրվա ընթացքում,
խորհրդածելու է արդարությանդ գործերը.
որովհետև նրանք, ովքեր չարիք են կամենում ինձ,
ամոթահար են մնալու ու ստորացած:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։