Սաղմոս 90 [89] - Սովորեցրու մեզ հաշվել մեր օրերը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 90 [89] - Սովորեցրու մեզ հաշվել մեր օրերը

Միմիայն Աստված է մնում: Մարդը, որը ոչնչից ստեղծված և մեղքով արատավորված արարած է, անցնում է: Մարդու կյանքը, որքան էլ որ երկարատև լինի, ժամանակավոր է: Ադամի անկման ու նզովման վաղեմի պատմությունը (Ծնդ 3, 19) որպես նպատակ ունի բացատրել մեր մահկանացու վիճակի սկզբնապատճառը: Անցյալում, Հին Ուխտի մարդիկ այն ընդունում էին որոշակի տրտմությամբ ու համակամությամբ (տե՛ս, օրինակի համար, Ժողովողի գիրքը): Մարդու կյանքի տևողությունը հաշվված է. իմաստություն է խորհրդածել դրա մասին: Բայց այդ մտքով չի բացառվում ուրախությունը, երբ Աստծո ներկայությունը լուսավորում է օրերը, որոնք Նա պարգևում է յուրաքանչյուրին, և ժամանակները, որոնք Նա պատրաստում է Իր ժողովրդի համար: Իմաստության այդ խորհրդածությունը դառնում է դարձի աղոթք:
 

 
Կցորդ.  
Խոտը չորանում է, ծաղիկները՝ թափվում,
բայց Տիրոջ խոսքը հավիտյան է մնում (հմմտ. 1Պտ 1, 24-25):
կամ.  
Եթե ապրում ենք, ապրում ենք Տիրոջ համար.
եթե մեռնում ենք, մեռնում ենք Տիրոջ համար (Հռմ 14, 8):
կամ.  
Աստված հեռու չէ մեզնից յուրաքանչյուրից. Նրանում ենք ապրում,
Նրանում ենք շարժվում, Նրանում գոյություն ունենք (հմմտ. Գրծ 17, 27-28):
 

 
1Աղոթք: Մովսեսի՝ Աստծո մարդու:
 
Տեր, սերնդից սերունդ
ապաստան եղար մեր համար.
2լեռների ծագումից,
երկրի ու աշխարհի ստեղծումից առաջ արդեն,
Դու կաս հավիտենից և հավիտյան, Աստված:
 
3Դու մարդուն վերադարձնում ես հողի փոշուն,
երբ ասում ես. «Ադամի որդիներ, վերադարձեք».
4Քո աչքին՝ հազար տարիները երեկվա պես են,
մի օրվա պես, որ անցնում է, գիշերվա մի ժամվա նման:
 
5Նրանց անէացնում ես, ինչպես երազն առավոտյան,
նման են խոտին, որ ծլում է.
6առավոտյան ծլարձակում է ու ծաղկում,
երեկոյան հնձվում է ու չորանում:
 
7Մենք սպառվում ենք Քո բարկությունից,
ցասումդ սարսափեցնում է մեզ.
8մեր հանցանքները դնում ես Քո առաջ,
մեր գաղտնի մեղքերը՝ երեսիդ լույսի ներքո:
 
9Ցասմանդ հետևանքում՝ անէանում են մեր օրերը,
մեր տարիները վերանում են շնչի նման.
10մեր կյանքը հասնում է յոթանասուն տարվա,
ութսունի, եթե ուժերը բավականացնում են.
մեծամասնությամբ տանջանք են ու հոգնություն,
շուտով վերջանում են և մենք անհետանում ենք:
 
11Ո՞վ է ճանաչում ցասմանդ զորությունը,
ո՞վ է զգացել բարկությանդ ծանրությունը.
12սովորեցրու մեզ հաշվել մեր օրերը
և կհասնենք սրտի իմաստությանը:
 
13Վերադարձիր, Տեր. մինչև ե՞րբ.
և մխիթարություն բեր Քո ծառաներին.
14առավոտյան հագեցրու մեզ Քո սիրով,
կցնծանք և կուրախանանք ամբողջ օրը:
 
15Զվարթացրու մեզ այն օրերի փոխարեն,
որոնցում տրտմեցրիր մեզ,
այն տարիների փոխարեն, որոնցում տեսանք չարիքը.
16հայտնիր ծառաներիդ Քո գործը,
փառքդ, Տեր, նրանց որդիների վրա:
 
17Թող մեր վրա լինի մեր Աստծո քաղցրությունը,
հաստատիր մեր համար մեր ձեռքերի գործը,
մեր յուրաքանչյուր գործը հասցրու իր ավարտին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։