Սաղմոս 15 [14] - Ո՞վ կընդունվի օթևանիցդ ներս – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 15 [14] - Ո՞վ կընդունվի օթևանիցդ ներս

Այս սաղմոսում պարունակված են տաճար մուտք գործելու ծիսական արարողություններից մեկի խոսքերը: Ուխտավորներն արտասանում են արարողակարգի ծիսական հարցումը: Քահանաները թվարկում են պայմանները, որոնք հարկավոր են Աստծուն արժանապես մերձենալու և Նրան հաճո պաշտամունք մատուցելու համար. դրանք են ճշմարտության սկզբունքներով ապրելը, արդարության համաձայն գործելը և մերձավորների հանդեպ սերը: Օրենքը, Մարգարեներն ու Սաղմոսները (Ղտ 19, 11-18; Միք 6, 6-8; Ես 33, 14-16; Սղմ 23, 49) միաձայն են անկեղծ պաշտամունքի այս պահանջների հարցում: Հիսուսը մեզ տալիս է միևնույն ուսուցումը (Մտթ 5, 23...):
 

 

Կցորդ.  
Ով կատարում է իմ Հոր կամքը,
նա կմտնի երկնքի արքայություն (հմմտ. Մտթ 7, 21):
կամ.  
Եթե կամենում ես հավիտենական կյանքը ժառանգել,
պահիր պատվիրանները (Մտթ 19, 17):
կամ.   Ով սիրում է իր մերձավորին, լիովին կատարում է օրենքը (Հռմ 13, 8):

 


 

1Սաղմոս: Դավթի:
 
Տեր, ո՞վ կհյուրընկալվի վրանիցդ ներս,
ո՞վ կբնակվի Սրբությանդ լեռան վրա:
 
2Նա, ով ընթանում է անբծությամբ,
նա, ով գործում է արդարություն:
 
Նա, ով ասում է ճշմարտությունը, որ ունի իր սրտում,
3նա, ով իր լեզվով չի վարկաբեկում:
 
Նա, ով անարդարություն չի անում իր ընկերոջը
և չի ստորացնում իր մերձավորին:
 
4Իր աչքերից հեռացնում է այն, ինչն այլասերված է,
փառավորում է Տիրոջ հավատացյալներին:
 
Թեև երդվի ի վնաս իր, խոսքը չի փոխում,
5շահով դրամ փոխ չի տալիս,
կաշառք չի վերցնում անմեղների դեմ:
 
Նա, ով գործում է այսպես,
չի սասանվի հավիտյան:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։