Սաղմոս 29 [28] - Տիրոջ ձայնը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 29 [28] - Տիրոջ ձայնը

Այս սաղմոսը Աստծո փառքին ուղղված օրհներգ է: Սաղմոսերգուն Տիրոջ ձայնն է նշմարում մի մեծ փոթորիկի սանձազերծման մեջ, որն անցնում է իր երկրի ամբողջ տարածքով, հյուսիսից՝ ծովից ու Լիբանանի լեռնաշղթայից մինչև հարավ՝ Քադեսի անապատը, անցնելով Հուդայի երկրով, ուր կանգնած է Երուսաղեմի Տաճարը: Սաղմոսն ավարտվում է հաստատումով, որ Տերն ուժ ու խաղաղություն է պարգևում Իր ժողովրդին:
Փառաբանությունը, որով Սուրբ Պատարագի ծիսակատարության ժամանակ ավարտում ենք «Հայր մեր» աղոթքը («Քոնն է արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից»), մեզ վերապրել է տալիս այս սաղմոսի կենտրոնական թեման. Քրիստոսի տերությունն ամբողջ տիեզերքի վրա:
Եկեղեցին 28րդ սաղմոսն արտասանում է հատկապես Աստվածահայտնության տոնի օրը, երբ տոնում է Հիսուսի Մկրտությունը և կատարում է Ջրօրհնեքի արարողությունը: Աստծո ձայնը, որն հնչում է փոթորիկի մեջ, հրավիրում է մեզ առավել ուշադրությամբ ունկնդրելու Հորը, որն Հորդանանի ափին որպես Մեսիա, այսինքն՝ Օծյալ Փրկիչ է ճանաչում Իր Միածին Որդուն:
 

 
Կցորդ.   Ասում էին. Ո՞վ է սա, ուրեմն, որ հրամայում է քամուն ու ջրին (հմմտ. Ղկս 8, 25):
կամ.  
Հանկարծ երկնքից մի որոտում եկավ
և կրակի նմանվող լեզուներ հայտնվեցին (հմմտ. Գրծ 2, 2-3):

 


 
1Սաղմոս: Դավթի:
 
Մատուցեք Տիրոջը, Աստծո որդիներ,
մատուցեք Տիրոջը փառք և զորություն.
2մատուցեք Տիրոջը Իր Անվան փառքը,
երկրպագեցեք Տիրոջը Իր Սրբության վայրում:
 
3Տիրոջ ձայնը ջրերի վրա է,
փառքի Աստվածը որոտաց,
Տերը, հեղեղային ջրերի վրա:
 
4Տիրոջ ձայնը հզոր է,
Տիրոջ ձայնը փառավոր է,
5Տիրոջ ձայնը փշրում է մայրիները:
 
Տերը փշրում է Լիբանանի մայրիները,
6Հորթի նման ցատկոտել է տալիս Լիբանանին,
երիտասարդ գոմեշի նման՝ Սիրիոնին:
 
7Տիրոջ ձայնը առաքում է կրակի լեզուներ,
8Տիրոջ ձայնը դղրդացնում է անապատը,
Տերը ցնցում է Քադեսի անապատը:
 
9Տիրոջ ձայնը սասանում է կաղնիները,
մերկացնում է մինչև իսկ ծավալուն անտառները.
Նրա օթևանում ամեն բան աղաղակում է. «Փա՜ռք»:
 
10Տերն իշխում է փոթորիկին,
Տերը բազմում է Թագավոր ընդմիշտ.
11Տերը զորություն է տալիս Իր ժողովրդին,
Տերն օրհնում է Իր ժողովուրդը խաղաղությամբ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։