Սաղմոս 84 [83] - Երանի՜ նրան, ով բնակվում է Քո հարկի ներքո – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 84 [83] - Երանի՜ նրան, ով բնակվում է Քո հարկի ներքո

Օրենքով պատվիրված ուխտագնացություններից մեկի ընթացքում (Ել 23, 17; 1Սմ 1, 3; Ղկս 2, 42), թերևս հունձքի հետ կապված տոնի համար, ուխտագնացներից մեկը զվարթ սրտով երգում է Աստծո հետ Տաճարում հանդիպելու իր բերկրանքը: Ուխտագնացի սրտից բխած այս տաղը, որ գերառատորեն հարուստ է Աստծո փափաքով և Նրա մտերմությունը վայելելու բերկրանքով, դառնում է հույսի ու վստահության երգ բոլոր քրիստոնյաների համար, որոնք երկրային այս պանդխտության միջով քայլում են դեպի երկնավոր Հոր տունը, ուր հավիտենական երանությամբ երգելու են անվերջանալի օրհնությունները:
 

 
Կցորդ.  
Մնայուն քաղաք չունենք այստեղ ներքևում,
այլ՝ փնտրում ենք գալիք քաղաքը (Եբր 13, 14):
կամ.  
Երբ ձեր համար տեղ պատրաստած կլինեմ,
կրկին կգամ և կվերցնեմ ձեզ իմ հետ (Հվհ 14, 3):
կամ.   Նախընտրում ենք դուրս գալ մարմնից և բնակվել Տիրոջ մոտ (2Կր 5, 8):
կամ.  
Փնտրեցեք վերին իրականությունները,
ուր Քրիստոսը նստած է Աստծո աջ կողմում (Կղս 3, 1):
կամ.  
Հափշտակվելու ենք՝ ընդառաջ ելնելու համար Տիրոջը
և այդպես միշտ լինելու ենք Տիրոջ հետ (հմմտ. 1Թղ 4, 17):
 

 
1Երգչախմբի ղեկավարի համար: «Հնձաններ»ի վրա: Կորխի որդիների: Սաղմոս:
 
2Քանի՜ցս սիրելի են Քո օթևանները,
տիեզերքի Տեր.
3հոգիս մաշվում է ու փափաքում
լինել Տիրոջ հետ.
սիրտս ու մարմինս ցնծում են
կենդանի Աստծո մեջ:
 
4Ճնճղուկը նույնպես գտնում է մի տուն, ո՜վ Տեր,
տատրակն՝ իր բույնը.
ուր կարող է դնել իր փոքրիկներին, Թագավոր իմ և Աստված իմ,
մոտ՝ Քո խորաններին:
 
5Երանի՜ նրան, ով բնակվում է Քո հարկի ներքո,
անվերջ կարող է օրհնել Քեզ.
6երանի՜ նրան, ով Քեզնում ունի իր ուժը,
իր սրտում ունի Քո ճանապարհները:
 
7Ծարավի հովտի միջով անցնելիս
բխեցնում է մի աղբյուր.
այն ծածկում է իր օրհնություններով,
գարնանային անձրևների նման.
8քայլելու է վերանորոգ կորովով,
բնակվելու համար Սիոնում, Աստծո առջև:
 
9Տեր, տիեզերքի Աստված, ընդունիր իմ աղոթքը,
լսիր, Հակոբի Աստված.
10ո՜վ Աստված, հայիր նրան, ով մեր վահանն է,
հայիր Քո Մեսիայի երեսին:
 
11Քո մոտ անցկացված միայն մեկ օրը
ավելի արժե, քան հազարն այլուր.
նախընտրում եմ իմ Աստծո օթևանի շեմին մնալ,
քան հյուրընկալվել ամբարշտության վրաններից ներս:
 
12Տեր Աստված սիրում է ողորմություն և ճշմարտություն,
տալիս է շնորհ և փառք.
Տերը բարիք չի մերժում նրան,
ով ընթանում է անբծության մեջ.
13երանի՜ նրան, ով Քեզնում է հաստատում իր վստահությունը,
Տեր, տիեզերքի Աստված:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։