« ԱՆՑՆԵԼ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՆՑՆԵԼ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ »

Սբ. Գրիգոր Մեծ (մոտ 540-604). « Երկխոսություններ », Գիրք 12 (SC 212).

 

[...] «Նրան մի քիչ ժամանակով կորով տվեցիր՝ նրան հավիտենական կյանքի անցկացնելու համար» (Հոբ 14, 20)։ Մի քիչ ժամանակով կորով ստացած. մարդն այդպիսին է, քանի որ սահմանափակ ժամանակով ստացել է այս աշխարհում ապրելու ուժը, այնպես՝ որ կարողանա անցնել հավիտենական կյանքին, ուր ոչ մի սահման չի կարող վերջ դնել իր կյանքին։ Բայց այն կարճ տևողության ընթացքում, որի ժամանակ կորով է ստանում, մարդն այնպիսի վիճակում է գտնվում, որ հավիտենականության մեջ կարող է կա՛մ անսահման ուրախություն գտնել, կա՛մ էլ՝ տանջանքներ, որոնցից չի կարող խուսափել։

Եվ հե՛նց այն պատճառով, որ մի քիչ ժամանակով կորով է ստացել, Հոբն իսկույն հավելում է այս արդարացի խոսքերը. «Կփոխես նրա դեմքը և նրան հրաժեշտ կտաս»։ Մարդու դեմքը փոխվում է, երբ նրա գեղեցկությունն ավերվում է մահվան ձեռամբ։ Նաև հրաժեշտ ստացած է լինում, քանի որ ունեցվածքներից, որ ձեռք է բերել, առանց իր հոժարությունը հարցնելու՝ ստիպվում է անցնել հավիտենականության աշխարհ. և երբ հասնում է այնտեղ, ի՞նչ է մնում այդ ունեցվածքներից, որոնց տերն է եղել ի գին բազմաթիվ խնդիրների։ Նա դա չի իմանում։

Ահա՛, ուստի, ա՛յլ խոսքեր ևս. «Հարգվա՞ծ են լինելու իր որդիները, թե՞ արհամարհված։ Նա դա չի իմանում» (Հոբ 14, 21)։ Ինչպես, արդարև, նրանք, ովքեր դեռ ողջ են, չգիտեն, թե որտե՛ղ են գտնվում մեռածների հոգիները, այդպես էլ մեռածները չգիտեն, թե ինչպե՛ս է [ընթանում] մարմնի մեջ կյանքը նրանց, ովքեր ապրում են իրենցից հետո. այսքա՜ն հեռու է հոգու կյանքը մարմնի կյանքից։ Եվ ինչպես որ մարմնավորն ու անմարմինը հակոտնյա են իրենց բնությամբ, նույնքան էլ միմյանցից տարբեր են ճանաչողության մեջ։ Ճանաչողություն, սակայն, որ վավերական չէ սուրբ հոգիների դեպքում, որովհետև, եթե նրանք իրենք իրենց մեջ տեսնում են Ամենակարող Աստծո շողարձակ պայծառությունը, չենք կարող կարծել, թե Նա ունի նրանցից դուրս մի գոյություն, որը նրանք չեն ճանաչում։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։