« ՏԱԿՆՈՒՎՐԱ ԱՐՎԱԾ, ՓՈԽԱԿԵՐՊՎԱԾ՝ ՇՆՈՐՀԻ ՄԻՋՈՑՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ՏԱԿՆՈՒՎՐԱ ԱՐՎԱԾ, ՓՈԽԱԿԵՐՊՎԱԾ՝ ՇՆՈՐՀԻ ՄԻՋՈՑՈՎ »

Սբ. Գրիգոր Մեծ (մոտ 540-604). « Երկխոսություններ », Գիրք 11 (SC 212).

 

[...] Ինձ տհաճ չէ օրինակ վերցնել Պողոսից։ Դեպի Դամասկոս էր գնում, ձեռքին նամակներ, որոնք ուզել էր՝ Քրիստոսի դեմ գնալու համար, երբ ճանապարհին, անսպասելի կերպով, Սուրբ Հոգու շնորհը հեղեղեց նրան և նա կորցրեց դաժանությունը, որ ուներ, փոխակերպվեց, և ահա՛ ինքն է հանուն Քրիստոսի ընծայվում այն պատուհասներին, որոնք մտադիր էր հասցնել Քրիստոնյաներին։

Նա, ով երեկ, ապրելով ըստ մարմնի, գործի էր անցել՝ մահվան մատնելու համար Տիրոջ Սրբերին, այժմ հաճույքով զոհաբերում է իր կյանքը՝ փրկելու համար կյանքը Սրբերի։

Իր դաժանության սառնաշունչ մեքենայությունները փոխակերպվել են հրավառ սիրո, և նա, ով անարգող էր ու հալածող, այժմ ունի քարոզողի խոնարհությունն ու աստվածապաշտությունը։ Նա, ով անհամեմատելի շահ էր համարում Քրիստոսին սպանելը՝ հանձինս Իր աշակերտների, այլևս համարում է, որ իր կյանքը Քրիստոսն է, և մահն է իր շահը (հմմտ. Փլպ 1, 21)։

Այսպես, ջուրը թողնվում է, որ հոսի, իսկ հողը շրջվում է (հմմտ. Հոբ 12, 15), որովհետև հազիվ ստանում է Սուրբ Հոգու շնորհը, Պողոսի հոգին փոխակերպում է իր քարացած ու դաժան վիճակը։ Հակառակը, Տերը Մարգարեների բերանով Իր բողոքն է արտահայտում Եփրայիմի դեմ. "Եփրայիմը մոխրի տակ եփված հացի նման է, որ շուռ չի տրվում" (Ովս 7, 8)։

Մոխրի տակ եփված հացը լիքը մոխիր ունի իր վրա. տակի մասը մաքուր է, վերևի մասն այնքան ավելի կեղտոտ է, որքան ավելի մոխիր կա։ Եթե, ուրեմն, հոգին մտածում է միայն երկրային բաների մասին, սրանք ինչպիսի՞ կշիռ կունենան իր վրա։ Մոխրի զանգվածի նման չե՞ն։ Բայց եթե կամքն է ունենում շրջվելու՝ իրեն ծածկող մոխիրը թափ տալով, մաքուր երեսը, որ ուղղել էր դեպի վար, կրկին ուղղում է դեպի վեր։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։