« ԾԱՌԻ ՀԱՄԱՐ ԷԼ ԿԱ ՀՈՒՅՍ » – Գրադարան – Mashtoz.org

« ԾԱՌԻ ՀԱՄԱՐ ԷԼ ԿԱ ՀՈՒՅՍ »

Սբ. Գրիգոր Մեծ Պապ (մոտ 540-604). « Երկխոսություններ », Գիրք XII (SC 212).

 

[...] «Քանի որ ծառի համար էլ կա հույս. եթե կտրվում է, տակավին վերընձյուղում է, և իր ծիլերը չեն դադարում աճել» (Հոբ 14, 7)։ [...]

Սուրբ Գրքում ծառը խորհրդանշում է և՛ խաչը, և՛ մարդուն – արդար լինի նա, թե անարդար – , և՛ Աստծո մարմնացյալ Իմաստությունը։

Իսկապես, խաչն է, որ մատնանշում է ծառը, երբ կարդում ենք. «Տանք նրան փայտը՝ հացի փոխարեն» (Երմ 11, 19)։ Քանի որ հացի փոխարեն փայտը տալը՝ նշանակում է խաչափայտը Տիրոջ մարմնի վրա դնելը։

Ծառ բառը հիշեցնում է նաև մարդուն, – արդար, թե անարդար – , երբ Տերը մարգարեի բերանով ասում է. «Ես եմ, Տերը, որ խոնարհեցրել եմ վեր խոյացած ծառը և վեր եմ խոյացրել խոնարհված ծառը», քանի որ այս խոսքերը համապատասխանում են Ճշմարտությանը. «Ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհվում է, կբարձրացվի» (Ղկս 14, 11)։ [...]

Եվ ծառը պատկերում է նաև Աստծո մարմնացյալ Իմաստությունը, որի մասին Գրվածքն ասում է. «Կյանքի ծառ է նրա համար, ով հետևում է իրեն» (Առկ 3, 18), և Ինքն Իր մասին է դա ասում. «Եթե այսպես են վարվում մատղաշ ճյուղի հետ, ինչպե՞ս կվարվեն չոր փայտի հետ» (Ղկս 23, 31)։ [...]

«Քանի որ ծառի համար էլ կա հույս. եթե կտրվում է, տակավին վերընձյուղում է» (Հոբ 14, 7)։ Երբ չարչարանքների մեջ արդարը մահացու հարված է ստանում հանուն ճշմարտության, վերագտնում է կյանքը կանաչ փարթամության մեջ հավիտենական կյանքի։ Եվ ով այս աշխարհում ուժ է գտնում հավատքի մեջ, այնտեղ՝ վերևում ուժ է գտնում երանացնող տեսության մեջ։ «Եվ իր ծիլերը չեն դադարում աճել», քանի որ շատ հաճախ, ի տես արդարների կրած չարչարանքների, հավատացյալները բազմանում են սիրո մի մղմամբ՝ երկնային Հայրենիքի հանդեպ, և հոգևոր կյանքի կանաչ փարթամությունը ճանաչում են այն բերկրանքի մեջ, որ տեսան, թե այն ինչպե՛ս է գործում այս աշխարհում ոգու այդպիսի՜ ուժով, Աստծո փառքի համար։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։