« ՏԵՍՆԵԼՈՎ ՆՐԱ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՎ՝ ՉԷՐ ՀԱՎԱՏՈՒՄ ՆՐԱՆ ՈՐՊԵՍ ԱՍՏՎԱԾ » – Գրադարան – Mashtoz.org

« ՏԵՍՆԵԼՈՎ ՆՐԱ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՎ՝ ՉԷՐ ՀԱՎԱՏՈՒՄ ՆՐԱՆ ՈՐՊԵՍ ԱՍՏՎԱԾ »

Սբ. Գրիգոր Մեծ Պապ (մոտ 540-604). « Երկխոսություններ », Գիրք XIV (SC 212).

 

[...] «Պակասամիտներն էլ են խորշում ինձնից» (Հոբ 19, 18 ըստ Վուլգաթայի)։ Իմաստունները սայթաքում էին(1)՝ կորցնելով ճշմարտության հանդեպ հավատքը, բայց իրավացիորեն կարելի է ասել՝ նաև պակասամիտները, որովհետև – քանի որ փարիսեցիներն ու օրենսգետներն արհամարհել էին Տիրոջը – ժողովուրդն էլ հետևեց նրանց անհավատությանը. հանձինս Նրա տեսան մարդուն և անարժան համարեցին աշխարհի Փրկչի ուսուցումները։

Հաճախ, իրոք, պակասամիտ եզրը ժողովրդի մեջ մատնանշում է աղքատներին։ [...] Արդ, մեր Փրկիչը մի կողմ էր թողել իմաստուններին ու հարուստներին, և եկել էր աղքատներին ու պակասամիտներին փնտրելու։ Եվ ահա՛ ասում է նաև, կարծես Իր վիշտն ավելացնելու համար. «Պակասամիտներն էլ են խորշում ինձնից»։ Այսինքն. արհամարհվեցի հե՛նց նրանց կողմից, որոնց ուզեցի բժշկել քարոզչությանս անմտությամբ։ Աստվածաշունչն, արդարև, ասում է. «Հիրավի, քանի որ Աստծո իմաստուն ծրագրի մեջ աշխարհը, իր ողջ իմաստությամբ հանդերձ, չճանաչեց Աստծուն, Աստծուն հաճելի եղավ փրկել հավատացյալներին քարոզչության անմտությամբ» (1Կր 1, 21)։ Բանն(2), արդարև, Աստծո իմաստությունն է, և այն, ինչը որ անմտություն է անվանվում այս իմաստության մեջ, Բանի մարմինն է. մարմնավոր մարդկանց անկարողության դիմաց՝ իրենց խոհականությամբ(3) հասկանալու Աստծո իմաստությունը, Իր քարոզչության անմտությամբ, այսինքն՝ Բանի մարմնով է, որ Նա կամեցավ բժշկել նրանց։ Ահա՛ թե ինչո՛ւ է հայտարարում. «Պակասամիտներն էլ են խորշում ինձնից»։

Նշանակում էր բացահայտ կերպով ասել. «Արհամարհված եմ հե՛նց նրանց կողմից, որոնց կամեցա փրկել առանց վախն ունենալու, որ ինձ պակասամիտի տեղ կդնեն»։ Հրեաների ժողովուրդը, մեր Փրկչի հրաշքները դիտելով, այդ նշաններին ի տես պատվում էին Նրան, ասելով. «Ահա՛ Քրիստոսը»։ Հետո, սակայն, տեսնելով Նրա մարդկային բնության տկարությունը, անարժան էին համարում հավատալ Նրան իբրև Արարիչ, և ասում էին. «Ո՛չ, մոլորեցնում է ժողովրդին» (Հվհ 7, 12)։ Եվ կարող է հավելել նաև. «Եվ երբ հեռացա նրանցից, խորշեցին ինձնից» (Հոբ 19, 18 ըստ Վուլգաթայի)։ [...]

(1) Բառացի՝ ընկնում էին։
(2) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
(3) Բնագրի եզրը կարող է նշանակել նաև «խոհեմությամբ»։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։