« ԲԱՐԿՈՒԹՅԱՆԴ ՄԵՋ ՀԻՇԻՐ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԴ » (Աբք 3, 2) – Գրադարան – Mashtoz.org

« ԲԱՐԿՈՒԹՅԱՆԴ ՄԵՋ ՀԻՇԻՐ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԴ » (Աբք 3, 2)

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Ընկերության մասին », 26 (SC 54).

 

[...] Ինչպիսին էլ որ լինեն իրեն ուղղված վիրավորանքները, վանականը պահպանում է խաղաղությունը, չեմ ասում՝ միայն շրթունքների վրա, այլ՝ սրտի խորքում։ Եթե իրեն նվազագույն չափով անգամ խռովված է զգում, թող որ բացարձակ լռության մեջ մնա և ճշգրիտ կերպով հետևի այն խոսքերին, որ ասում է Սաղմոսերգուն. «Խռովված եմ և բնավ չեմ խոսում» (Սղմ 76, 5). «Ասացի. "Կհսկեմ վարքիս վրա, որպեսզի չմեղանչեմ իմ լեզվով. արգելակ կդնեմ իմ բերանին, մինչ ամբարիշտը կանգնած է իմ դիմաց"։ Հանդարտ մնացի, խոնարհվեցի, պահպանեցի լռությունը՝ նաև բարի բաների համար» (Սղմ 38, 2֊3)։

Չպետք է կանգ առնի՝ քննելու ներկան. իր շրթունքները չպետք է արտասանեն այն, ինչ այդ պահին իրեն հուշում է իրեն տակնուվրա անող բարկությունը, այն, ինչ իրեն թելադրում է չափազանց գրգռված սիրտը։ Ավելի, թող որ իր հոգու մեջ մտաբերի անցյալ սիրո շնորհը, կամ իր հայացքն ուղղի դեպի ապագան, հոգով տեսնելու համար խաղաղությունը՝ արդեն վերականգնված այնպես, ինչպես նախկինում էր։ Թող որ հոգու հայացքը սևեռի խաղաղության վրա, ճի՛շտ այն պահին, երբ սաստիկ զգացողություններ է ապրում, այն մտքով, որ խաղաղությունը շատ շուտով վերադառնալու է։

Մինչ իր մեջ զգում է համերաշխության(1) մոտակա իրականության քաղցրությունը, չի զգա ներկա բախման դառնությունը, և նախընտրաբար մի պատասխան կտա, որի պատճառով հետո կարիքը չի ունենա հանդիմանելու ինքն իրեն, ո՛չ էլ՝ կհանդիմանվի եղբոր կողմից, երբ ընկերությունը վերահաստատված կլինի։ Այսպես վարվելով՝ կկատարի մարգարեի խոսքերը. «Բարկությանդ մեջ հիշիր ողորմությունդ» (Աբք 3, 2)։ [...]

 

(1) Բառացի՝ համասրտության։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։