« ՀՈԳԵՎՈՐ ԳՐՎԱԾՔՆԵՐԻ ԱՐԳԱՎԱՆԴ ԴՐԱԽՏԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՈԳԵՎՈՐ ԳՐՎԱԾՔՆԵՐԻ ԱՐԳԱՎԱՆԴ ԴՐԱԽՏԸ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Երկնային իշխանությունների մասին », 3 (SC 54).

 

[...] Աստվածային Գրքերի հեղինակության կողմից մեր ուսուցման համար սահմանված ճշմարտությունների մեջ կան մի քանիսը, որոնք արտահայտված են մի այնպիսի ակնհայտ հստակությամբ, – նաև ներթափանցման կարողությամբ նվազ օժտված հոգիների համար, – որ ո՛չ միայն չեն քողարկվում մի առավել ծածուկ իմաստի մթությամբ, այլ որ՝ մեկնաբանության օգնությունն անգամ դրանց դեպքում անհրաժեշտ չէ. խոսքերը, սոսկ տառն ինքը տալիս են դրանց ողջ իմաստը։

Ուրիշները, մինչդեռ, քողազերծվում են խորհրդավոր մթությունների ետևում, և անսահմանափակ դաշտ են բացում ջանքերի ու հոգատարության առաջ նրա, ով կամենում է հստակեցնել դրանք ու հասկանալ։ [...]

Աստվածաշունչն իրավացիորեն կարելի է համեմատել պարարտ ու արգասաբեր հողամասի հետ։ Այս հողատարածքում բազմաթիվ բույսեր են ծնվում ու աճում ի նպաստ մարդու կյանքի, առանց նախնական եփման անհրաժեշտության։

Ուրիշներ, եթե կրակի վրա [եփվելով] չկորցնեին նախնական պնդությունը՝ դառնալով քաղցր ու փափուկ, լավ կլիներ չգործածել դրանք. մանավանդ թե՝ կարող են մինչև իսկ վնասակար լինել։

Ուրիշներ հնարավոր է ուտել և՛ մեկ, և՛ մյուս ձևով. եթե կրակի միջով ընդհանրապես չեն անցկացվում, նրանց հում վիճակը բնավ տհաճ չէ, ո՛չ էլ որևէ վնաս է պատճառում. դրանք եփելը, սակայն, լավ հատկություններ է ավելացնում։ [...]

Նման տնօրինությունը բավական ակնհայտությամբ տեսանելի է դառնում հոգևոր Գրությունների արգավանդ դրախտում։ Որոշ հատվածներ տառացի իմաստից արդեն փայլում են մի այնպիսի լուսավոր հստակությամբ, որ, պարզապես վերցնելով բառերն այնպես, ինչպես դրանք հնչում են, լսողներին մատուցում են ամենից ավելի սննդարար ու առատ կերակուրը։ [...]

Ուրիշներ, մինչդեռ, եթե [մատուցվելուց առաջ] չմշակվեին այլաբանական մեկնաբանությամբ և չփափկացվեին հոգևոր կրակի միջով անցկացվելով, ներքին մարդուն առողջարար և որևէ փտածությունից զերծ սնունդ մատակարարելու փոխարեն՝ նրան ավելի հիվանդության պատճառ կհանդիսանային, քան թե կազդուրման։ [...]

Որոշ հատվածներ վերցվում են և՛ տառացի, և՛ այլաբանական իմաստով, և [երկու տարբերակներն էլ] հավասարաչափ կերպով օգտակար են ու անհրաժեշտ. և՛ մի, և՛ մյուս դեպքում հոգին դրա մեջ սննդարար կերակուր է գտնում։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։