« ՀՈՐ ԵՎ ՈՐԴՈՒ ԿԱՄՔԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՈՐ ԵՎ ՈՐԴՈՒ ԿԱՄՔԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Աղոթքի մասին », 24 (SC 54).

 

[...] Սա է միտքը, որ Մեր Տերն Իր մարդկային բնության մեջ արտահայտում էր՝ տալու համար մեզ մի օրինակ, որին հարկավոր է հետևել, երբ ասում էր. «Հա՜յր իմ, եթե հնարավոր է, թող որ անցնի ինձնից այս բաժակը։ Բայց ո՛չ ինչպես ես եմ ուզում, այլ՝ ինչպես դու ես ուզում» (Մտթ 26, 39)։

Եվ սակայն, Իր կամքը տարբեր չէր Հոր կամքից։ «Արդարև, եկել է փրկելու այն, ինչ կորած էր, և Իր կյանքը տալու՝ շատերի փրկության համար» (Մտթ 18, 11; 20, 28)։ Իր կյանքի մասին Ինքն իսկ ասում է. «Ոչ ոք չի խլում այն ինձնից, այլ՝ ես ինքս եմ այն ընծայում, որովհետև իշխանությունն ունեմ ընծայելու այն և իշխանությունն ունեմ կրկին ետ վերցնելու այն» (Հվհ 10, 18)։

Կամքի շարունակական միության մասին, որ տիրում էր Հոր և Նրա միջև, սուրբ թագավոր Դավիթը 40-րդ սաղմոսում Նրան ասել է տալիս. «Թող որ քո կամքը ես կատարեմ։ Աստված իմ, սա՛ եմ ես փափագում» (Սղմ 40, 9)։ Իրոք, Հոր վերաբերյալ կարդում ենք. «Աստված, արդարև, այնքա՜ն սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց» (Հվհ 3, 16)։ Բայց Որդու վերաբերյալ գտնում ենք այս խոսքը. «Ինքն Իրեն տվեց մեր մեղքերի փոխարեն» (Գղտ 1, 4)։ Հոր մասին ասված է. «Չխնայեց Իր սեփական Որդուն, այլ՝ Նրան մեր բոլորիս համար տվեց» (Հռմ 8, 32)։ Բայց Որդու մասին ասված է. «Ընծայվեց, որովհետև Ինքն ուզեց» (Ես 53, 7)։

Հոր և Որդու միջև կամքի միությունն այսպիսով արտահայտված է ամենուր, մինչև Հարության խորհուրդը, ուր տեսնում ենք, որ Երկուսն էլ միայն մեկ և միևնույն գործողությունն ունեցան։ Հայրը, որ Երանելի Առաքյալի համաձայն՝ հարություն տվեց Որդու մարմնին. « ... Հայր Աստծո միջոցով, որ Նրան հարություն տվեց մեռելներից» (Գղտ 1, 1)։ Բայց Որդին էլ է հաստատում, որ կրկին ոտքի է կանգնեցնելու Իր մարմնի տաճարը. «Քանդեցեք այս տաճարը և ես այն կվերակառուցեմ երեք օրում» (Հվհ 2, 19)։

Տիրոջ օրինակով ուսանած, մեր բոլոր աղոթքները պետք է ավարտենք Իր խոսքին նմանվող մաղթանքով, և մեր բոլոր խնդրանքներին պետք է ավելացնենք այս խոսքը. «Սակայն ո՛չ թե ինչպես ես եմ ուզում, այլ՝ ինչպես որ կամենում ես Դու» (Մտթ 26, 39)։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։