« ՀԱՅՐ ՄԵՐ, ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՍ, ՍՈՒՐԲ ԹՈՂ ԼԻՆԻ ՔՈ ԱՆՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԱՅՐ ՄԵՐ, ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՍ, ՍՈՒՐԲ ԹՈՂ ԼԻՆԻ ՔՈ ԱՆՈՒՆԸ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Աղոթքի մասին », 18 (SC 54).

 

[...] «Հայր մեր»։ Մեր բերանով դավանում ենք, որ տիեզերքի Աստվածն ու Տերը մեր Հայրն է. և այդտեղ է, որ հաստատում ենք, որ ծառայական վիճակից կանչվել ենք որդեգրության վիճակին։

Եվ հավելում ենք. «Որ երկնքում ես»։ Մեր կյանքի ժամանակն, ուստի, ա՛յլ բան չէ այլևս, եթե ո՛չ՝ աքսոր. և այս երկիրը՝ մի օտար երկիր, որ բաժանում է մեզ Հորից։ Փախչենք այստեղից, և աճապարենք – փափագի ողջ մղումով – դեպի այն երկրամասը, ուր հռչակում ենք, որ գտնվում է Հայրը։ Հասնելով Աստծո որդիների արժանապատվությանը՝ շուտով կբոցավառվենք այն գորովալի զգացումներով, որ գտնվում են բոլոր լավ զավակների սրտերում. և առանց այլևս մեր շահի մասին մտածելու, Հոր փառքի հանդեպ վառ տենչը կունենանք միայն։

Կասենք Նրան. «Սուրբ թող լինի Քո Անունը», ի վկայություն այն բանի, որ Իր փառքն է մեր ցանկությունն ու մեր ուրախությունը, հետևողությամբ Նրա, Ով ասել է. «Ով ինքն իրենից է խոսում, իր սեփական փառքն է փնտրում. իսկ ով փնտրում է փառքը նրա, ով առաքել է իրեն, նա ճշմարտախոս է, և նրա մեջ անարդարություն չկա» (Հվհ 7, 18)։ [...]

Այս խոսքերը – «Սուրբ թող լինի Քո Անունը» – շատ լավ կարելի է բացատրել նաև այն իմաստով, որ Աստված սրբացվի մեր կատարելության միջոցով։ Եվ ուստի, ասել Նրան. «Սուրբ թող լինի Քո Անունը», կարծես նշանակում է ասել Իրեն. «Հա՜յր, մեզ այնպիսին դարձրու, որ արժանի լինենք ճանաչելու, հասկանալու Քո սրբության մեծությունը, կամ առնվազն, որ այս սրբությունը տարածվի մեր ողջ հոգևոր կյանքի մեջ»։ Սա այն է, ինչը որ կատարվում է մեր հետ, երբ «մարդիկ տեսնում են մեր բարի գործերը և փառավորում են Հորը, որ երկնքում է» (Մտթ 5, 16)։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։