« ԻՆՉՊԻՍԻ՜ ՍՔԱՆՉԵԼԻՔ. ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐՆ ԱՌԱՔՅԱԼՆԵՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

« ԻՆՉՊԻՍԻ՜ ՍՔԱՆՉԵԼԻՔ. ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐՆ ԱՌԱՔՅԱԼՆԵՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Ողջախոհության մասին », 12-13 (SC 54).

 

[...] Ճշմարտապես մեծ ու սքանչելի են, և մարդկանց լիովին(1) անհայտ, – բացառությամբ նրանց, ովքեր դրանց փորձառությունն ունենում են, – շնորհի պարգևումները, որոնք Աստված, ըստ Իր անճառելի վեհանձնության, տալիս է Իր հավատարիմներին, մինչև իսկ այն ժամանակ, երբ նրանք տակավին գտնվում են այս ապականացու անոթներում։ [...]

Ո՞վ չէր ապշի Աստծո գործերի դիմաց և չէր բացականչի իր սրտի խորքից. «Ես գիտեմ, որ Տերը մեծ է» (Սղմ 135, 5), երբ տեսնում է ինքն իրեն կամ ուրիշ ինչ որ մեկի՝ ծայրահեղ ագահությունից առատաձեռնության, շվայտությունից ժուժկալության կյանքի, հպարտությունից խոնարհության [...] անցած։ Իսկապես այդտեղ են աստվածային սքանչելիքները, որոնք մարգարեի հոգին և իրեն նմանվողների հոգիները զարմանքով բացահայտում են հրաշքներով լի հայեցողության մեջ։

Որովհետև ի՞նչ ավելի մեծ հրաշք, քան տեսնելը, թե ինչպե՛ս են ագահ մաքսավորները կարճ ժամանակվա մեջ դառնում առաքյալներ, կատաղի հալածողները փոխակերպվում են Ավետարանը քարոզողների, պատրաստ՝ կրելու ամեն ինչ և սեփական արյան գնով տարածելու այն հավատքը, որը որ մինչ այդ հալածում էին։

Այսպիսիք են աստվածային գործերը, որոնց վերաբերյալ Որդին վկայում է, թե գործում է ամեն օր, Իր Հոր հետ միությամբ. «Իմ Հայրը միշտ գործում է, և ես էլ եմ գործում» (Հվհ 5, 17)։ Այսպիսիք են Աստծո գործերը, որոնց վերաբերյալ երանելի Դավիթը երգում է Սուրբ Հոգու մեջ. «Օրհնյա՜լ է Տերը՝ Աստվածն Իսրայելի. միայն Նա է հրաշքներ գործում» (Սղմ 72, 18)։ Դրանց մասին է խոսում Ամովս Մարգարեն. « [...] Նա խավարը արշալույսի է փոխում» (Ամս 5, 8)(2)։ «Այնտեղ են Բարձրյալի աջով գործված փոփոխությունները» (Սղմ 77, 11)(3)։ Եվ փրկագործության վերաբերյալ է, որ Մարգարեն Տիրոջն է ուղղում այս աղոթքը. «Վերահաստատի՜ր, ո՜վ Տեր, այն ամենն, ինչ արել ես մեր համար» (Սղմ 68, 29)։ [...]

Այո՛, դա է Աստծո մեծ հրաշքը. որ մի մարմնեղեն մարդ իրենից ետ մղած լինի մարմնական որևէ հակում. որ, բազմաթիվ ու բազմաբնույթ պարագաների մեջ գտնվելով, բազմաթիվ հարձակումների, որ թափվում են իր վրա, նա պահի իր հոգին նույն տրամադրվածության մեջ և անդրդվելի մնա դեպքերի չդադարող հոսքի ներսում։ [...]

(1) Բառացի՝ խորապես։
(2) Ըստ Յոթանասնիցի։
(3) Ըստ Վուլգաթայի։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։