« ՀԻՍՈՒՍԸ ՄԻ ԱՄԱՅԻ ՏԵՂ ՔԱՇՎԵՑ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԱՂՈԹՈՒՄ ԷՐ » (Մրկ 1,35) – Գրադարան – Mashtoz.org

« ՀԻՍՈՒՍԸ ՄԻ ԱՄԱՅԻ ՏԵՂ ՔԱՇՎԵՑ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԱՂՈԹՈՒՄ ԷՐ » (Մրկ 1,35)

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). Աղոթքի մասին, VIII.XVIII; SC 54.

 
[...] Անհնարին եմ համարում աղոթքի բոլոր ձևերը տարբերակելը, բացառությամբ՝ երբ սրտի մեծապես եզակի մաքրություն կա և Սուրբ Հոգու արտակարգ լույսեր։ Դրանց թիվն այնքան մեծ է, որքան որ հնարավոր է գտնել մի հոգու մեջ, կամ ավելի ճիշտը՝ բոլոր – տարբեր վիճակների ու տրամադրվածությունների – հոգիների մեջ։ [...]
Աղոթքը ձևափոխվում է ամեն պահի, մաքրության աստիճանի համաձայն, որին հոգին հասել է, ինչպես նաև նրա տվյալ պահի տրամադրվածության համաձայն, դրա պատճառը արտաքին ազդեցությունները լինեն, թե սեփական անձից բխողները. և բավականին հաստատ է, որ ոչ ոքի համար միշտ միաձև(*) չի մնում։
Տարբեր ձևերով է մարդն աղոթում, կախված այն բանից, թե սիրտը թեթև է կամ տրտմությամբ ու հուսահատությամբ ծանր. գերբնական կյանքի արբեցության մեջ, թե բուռն փորձությունների մեջ ընկճված. երբ աղերսվում է ներում սեփական հանցանքների համար կամ հայցվում է մի շնորհ, մի առաքինություն, կամ դարմանումը մի մոլության. դժոխքի մտքից ու դատաստանի վախից ներշնչված զղջման մեջ, և երբ տոչորվում ենք գալիք բարիքների ցանկությամբ և հույսով. հակառակությունների ու վտանգների մեջ, կամ խաղաղության ու ապահովության մեջ. եթե մեզ հեղեղված ենք զգում լույսով՝ երկնային խորհուրդների հայտնության արդյունքում, թե առաքինության մեջ ամլության ու մտքի ցամաքության պատճառով անդամալուծված։ [...]
Աղոթքի այս տարբեր ձևերին հաջորդելու է մի է՛լ ավելի վսեմ վիճակ ու ավելի անդրանցական վերացում։ Դա մի հայացք է միայն Աստծո վրա, սիրո մի մեծ կրակ։ Հոգին հալվում է և խորասուզվում սուրբ նախասիրության մեջ, և զրուցում է Աստծո հետ որպես իր սեփական Հոր, մեծապես ընտանի կերպով, մեծապես յուրահատուկ աստվածասիրության քնքշանքի մեջ։ [...]
(*) Բառացի՝ ինքն իրեն համանման։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։