1534թ․ Օգոստոսի 15. Ուխտ Մոնմարթրում – Գրադարան – Mashtoz.org

1534թ․ Օգոստոսի 15. Ուխտ Մոնմարթրում

Փարիզում ուսանելու տարիներին Իգնատիոսը ընկերանում է ա՛յլ ուսանողների հետ. ֆրանսիացի Պիեռ Ֆավրը, իսպանացիներ Ֆրանսիսկո Դե Խավիերը, Դիեգո Լաինեցը, Ալֆոնսո Սալմերոնը, Նիքոլաս Բոբադիլլան, և պորտուգալացի Սիմաո Ռոդրիգեսը։ Նրանցից յուրաքանչյուրին նա սովորեցնում է իր Հոգևոր Վարժանքների մեթոդը: Նրանք միաբանվում են Քրիստոսի ծառայությանը նվիրված ընկերություն ստեղծելու ցանկությամբ, կրոնական մի նոր միաբանություն, որի անդամները «նվիրվեն, ո՛չ մյուս միաբանությունների նման՝ աղոթքի և սեփական անդամների սրբացմանը, այլ, վանական կանոնների ամեն տեսակ խոչընդոտներից ազատ, գործնական կերպով ապրեն Քրիստոնեությունը, ծառայելով Եկեղեցու մեծ նպատակներին»։

1534 թվականի Օգոստոսի 15-ին, Ամենասուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Մոնմարթրի Սուրբ Դիոնիսիոսի եկեղեցում, նրանք բոլոր յոթն էլ Սուրբ Պատարագի ընթացքում, որ մատուցեց Պիեռ Ֆավրը, ուխտեցին աղքատություն, ողջախոհություն և հնազանդություն, հիմնելով միջազգային նկարագրի կրոնական միաբանություն, որին տվեցին զինվորական ծագում ունեցող «Հիսուսի Ընկերություն» անունը (լատիներեն՝ Societas Iesu)։ Միաբանության նպատակն էր միսիոներական ու աղքատախնամ աշխատանք կատարել Երուսաղեմում, կամ անպայմանադիր պատրաստակամությամբ քարոզչության մեկնել այնտեղ, ուր Հռոմի Սրբազան Պապը կհրամայեր իրենց:

 
***
 
Հիսուսյան Միաբանության զինանշանը
 
Միաբանությանը որպես զինանշան ընտրվեց հետևյալ պատկերը. լուսաշող ու ճառագայթող Արև (Ճշմարտության ու Արդարության Արեգակը), որի կենտրոնում գրված են լատիներեն մեծատառ «IHS» տառերը, որոնք համառոտությունն են հին հունարեն « ΙΗΣΟΥΣ », այսինքն՝ Հիսուս անվան։ «H» տառը որպես հիմք է ծառայում ասպետական ոճով գծված Խաչի համար, իսկ ներքևում խաչելության երեք գամերն են։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։