Ուխտագնացություն դեպի Սուրբ Երկիր (1523) – Գրադարան – Mashtoz.org

Ուխտագնացություն դեպի Սուրբ Երկիր (1523)

1523 թվականի Փետրվարի 28-ին Իգնատիոսը ճանապարհ ընկավ դեպի Բարսելոնա, այնտեղից նավարկելու համար դեպի Իտալիա, այնտեղից էլ՝ ուխտագնացության նպատակով դեպի Երուսաղեմ։ Նավին սպասելիս վարում էր Մանռեսայում ապրած միևնույն կյանքը. աղոթում էր, հիվանդանոցներում խնամում էր տառապյալներին, մուրալով ողորմություններ էր հավաքում իր և նրանց համար։ 1523 թվականի Մարտի 23-ին նավով մեկնեց Իտալիա և հինգ օր անց ժամանեց Ջենովա, որտեղից էլ գնաց Հռոմ։ Ստանալով Ադրիանոս Վեցերորդ Պապի օրհնությունը՝ ոտքով մեկնեց Վենետիկ, որտեղ Հունիսի 15-ի վաղ առավոտյան նավ նստեց։ Սեպտեմբերի 1-ին նավը հասավ Սուրբ Երկիր, որտեղ ուխտավորներին դիմավորեցին Ֆրանցիսկյան Միաբանության կրոնավորները, որոնք երկու շաբաթ նրանց հետ շրջեցին Երուսաղեմում, Բեթղեհեմում և Հորդանանում: Իգնատիոսը ֆրանցիսկյան վանահորը խնդրում է ընդունել իրեն իրենց վանք. «Հայր, ես կցանկանայի իմ մնացած օրերն անցկացնել Ձեր վանքում», որովհետև կամենում էր նվիրվել Արևելքում անհավատների մեջ Քրիստոնեությունը քարոզելու առաքելությանը: Վանահայրը համաձայնվում է, բայց ֆրանցիսկյանների Սուրբ Երկրի ընդհանուր մեծավորը մերժում է խնդրանքը, ուստի Իգնատիոսը կրկին վերադառնում է Բարսելոնա։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։