Հետագա կյանքը որպես Միաբանության Մեծավոր. Մահը (1542-1556) – Գրադարան – Mashtoz.org

Հետագա կյանքը որպես Միաբանության Մեծավոր. Մահը (1542-1556)

Իգնատիոսը, ընտրվելով որպես Միաբանության առաջին Ընդհանուր Մեծավոր, իր ընկերներին որպես միսիոներներ ուղարկեց աշխարհի չորս կողմերը՝ հիմնելու համար դպրոցներ, ինստիտուտներ, վարժարաններ ու ակադեմիաներ, քարոզչության, խոստովանության և ուսուցման միջոցով թափանցելով հասարակական բոլոր խավերի մեջ։ Հետագա դարերի միապետները շատ հաճախ իրենց որպես խոստովանահայր ու խորհրդատու էին ընտրում Հիսուսյան Միաբանության հայրերին, որով նրանք կարողանում էին նշանակալի և դրական ազդեցություն ունենալ նաև կառավարությունների կողմից կայացված որոշումների վրա։

1548 թվականին առաջին անգամ հրատարակվեցին Հոգևոր Վարժանքները։ Այդ նույն տարվա ընթացքում հիմնվեց Մեսսինայի Հիսուսյան Առաջին Վարժարանը։ Իգնատիոսի անձնական նշանաբանը դարձավ նաև Միաբանության ընդհանուր նշանաբանը. «Ad maiorem Dei gloriam» («Աստծո մեծագույն փառքի համար»)։ Իգնատիոսի գլխավորությամբ՝ Հիսուսյանները մեծ դերակատարություն ունեցան Հակաբողոքական շարժման առումով, իսպանական դպրոցի շնորհիվ թույլ չտալով Եկեղեցու գերմանականացումը (փիլիսոփայական ու աստվածաբանական մտքի մեթոդի իմաստով)։

1553-1555 թվականներին Իգնատիոսն իր քարտուղարին՝ Հայր Գոնսալվես Դե Քամառային թելադրեց իր կյանքի պատմությունը։ Այս Ինքնակենսագրությունը, սակայն, թեև էական նշանակություն ունի Հոգևոր Վարժանքները հասկանալու համար, ավելի քան 150 տարի անտիպ մնաց Միաբանության դիվանում, մինչև որ պաշտոնական կերպով հրատարակվեց Վարք Սրբոցի հատորներից մեկում։

Իգնատիոսը, որ վերջին ժամանակներում տառապում էր լեղապարկի սուր բորբոքումի պատճառով, 1556 թվականի Հուլիսի 30-ի երեկոյան զգաց, որ մահն այլևս մոտ էր, և խնդրեց, որ իրեն մատակարարվի Վերջին Օծումը և իր համար հայցեն Սրբազան Պապի օրհնությունը։ Բայց քարտուղարը, տակավին ծանր չգնահատելով Իգնատիոսի վիճակը, խորհրդի մատակարարումը թողեց հաջորդ օրվան։ Հաջորդ օրվա՝ Հուլիսի 31-ի առավոտյան, սակայն, Իգնատիոսը մահացավ, 65 տարեկան հասակում։ Հուղարկավորությունը կատարվեց Օգոստոսի 1-ին, Հռոմի «Santa Maria della Strada» եկեղեցում։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։