Հիսուսյան Միաբանության նպաստը Հայության կյանքում – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսյան Միաբանության նպաստը Հայության կյանքում

Հիսուսյան Միաբանությունը կարևոր առաքելավայրեր ու վարժարաններ ունի նաև Միջին Արևելքում, հատկապես Սիրիայում և Լիբանանում, ուր ուսանել են բազմահազար հայ պատանիներ։

Հիսուսյան Միաբանությանը անդամակցել են մի քանի տասնյակ հայազգի հոգևորականներ, որոնցից ընդամենը մեկ անուն հիշատակելու համար՝ այստեղ հիշենք վաստակաշատ վարդապետ Հայր Սահակ Քեշիշյանին, որի բազմաթիվ գործերից հիշարժան է Սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» ամբողջական թարգմանությունը ֆրանսերենի։

Հիսուսյան Միաբանության Ընդհանուր Մեծավորներից մեկը՝ Սբ. Իգնատիոս Լոյոլացուց հետո 29րդը՝ Փիթըր Հանս Քոլվենբախը (1928-2016), ազգությամբ հոլանդացի, ով Հիսուսյան Միաբանությունը առաջնորդել է 1983-2008 տարիներին, քահանա է ձեռնադրվել 1961 թվականի Հունիսի 29-ին՝ Բեյրութում, որպես Հայ Կաթողիկէ Եկեղեցու քահանա, և իր համար ընտրել է Հայկական Ծեսը։ Նա հմուտ հայագետ էր, լեզվաբան (լուսանկարը այս էջի վերևում)։

Հիսուսյան Միաբանության նպաստը բավականին մեծ է եղել նաև պատանի Մխիթար Սեբաստացու կյանքում։ Երբ նա տակավին փնտրտուքների մեջ էր, Նախախնամությունը նրա ճանապարհին մի քանի անգամ հանդիպել է տվել Հիսուսյան Միաբանության անդամ վարդապետների, որոնք իրենց իմաստուն խորհուրդներով կարողացել են ուղղորդել պատանի Մխիթարին, նաև հոգևոր սնունդ մատակարարելով նրա սրբատենչ սրտին։ Հետագա դարերի ընթացքում էլ, մինչև վերջերս, Մխիթարյան Միաբանության աշակերտները միշտ ուսանել են Հռոմի Պապական «Գրիգորյան» Համալսարանում, որը Հիսուսյան Միաբանությանը պատկանող փիլիսոփայական ու աստվածաբանական ուսումների աշխարհահռակ կենտրոնն է։ Հիսուսյանների այդ համալսարանում են կոփվել Մխիթարյան Միաբանության անվանի վարդապետները և ապա այդ գիտելիքներն ու նվիրումն են փոխանցել Հայությանը իրենց բազմահազար հատորներով։

Վերջում ավելացնենք, որ Հիսուսյան Միաբանության անդամներից է ներկայիս Հռոմի Պապը՝ Ն.Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, ով հայտնի է իր հայանպաստ դիրքորոշումներով և՛ կրոնական, և՛ քաղաքական հարթությունների վրա։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։