Աղերս Աստծուն – Գրադարան – Mashtoz.org

Աղերս Աստծուն

Ինչպե՞ս աղոթել Աստծուն

1. 1. Դու մե՜ծ ես, Տե՜ր, և արժան ես գովքի, մե՜ծ է զորությունդ, իսկ իմաստությունդ՝ անքանակ[1]։ Եվ մարդը կամենում է փառաբանել Քեզ: Մարդը՝ այս փոքրիկ մասնիկը Քո արարչության, որ կրում է ճակատագիրն իր մահկանացու, որ կրում է փաստը իր մեղքի[2], և փաստը, որ Դու հակառակ ես հպարտներին[3]։ Եվ այնուամենայնիվ, մարդը՝ այս փոքրիկ մասնիկը Քո արարչության, կամենում է փառաբանել Քեզ: Դու Ինքդ ես նրան մղում զմայլվելու փառաբանությանդ մեջ, որովհետև մեզ ստեղծել ես Քո համար, և անհանգիստ է մեր սիրտը, քանի դեռ  հանգիստ չի գտնում Քո մեջ:

Տո՜ւր ինձ, Տե՜ր, ճանաչել և հասկանալ[4], եթե հարկ է նախ աղոթե՞լ Քեզ, թե՞ փառաբանել, նախ ճանաչե՞լ, թե՞ աղոթել: Բայց ինչպե՞ս կարող է աղոթել նա, ով չի ճանաչում Քեզ: Տգիտությամբ կարող է աղոթել սրան, մյուսի փոխարեն: Ուրեմն, թերևս հարկ է աղոթել ճանաչելո՞ւ համար: Բայց ինչպե՞ս կարող են աղոթել Նրան, Ում չհավատացին։ Եվ ինչպե՞ս հավատալ, եթե ինչ որ մեկը նախապես չի ավետարանում[5]: Թող որ օրհնեն Տիրոջը նրանք, ովքեր փնտրում են Նրան[6], որովհետև փնտրելով՝ կգտնեն Նրան[7], և գտնելով՝ կփառաբանեն: Թող որ ես փնտրեմ Քեզ, Տե՜ր, աղոթելով, և աղոթեմ Քեզ՝ հավատալով, որովհետև ավետիսդ հասել է մեզ: Թող որ աղերսի Քեզ, Տե՜ր, իմ հավատքը, որ տվեցիր ինձ և ներշնչեցիր շնորհիվ մարդացած Որդուդ, շնորհիվ Ավետարանչիդ գործունեության:

 

Ինչո՞ւ աղոթել Աստծուն

2. 2. Բայց ինչպե՞ս աղոթել Աստծուն, Աստծուն՝ իմ Տիրոջը: Նրան աղոթել՝ նշանակում է հրավիրել Նրան իմ մեջ: Բայց գոյություն ունի՞ իմ մեջ մի վայր, ուր Աստված կարողանա գալ իմ մեջ, ուր կարողանա գալ իմ մեջ Աստված, Աստված, որ ստեղծեց երկինքն ու երկիրը[8]: Կա՞ հիրավի իմ մեջ, Տեր Աստված իմ, ինչ որ մի բան, որ ունակ լինի Քեզ բովանդակելու: Բովանդակո՞ւմ են Քեզ երկինքն ու երկիրը, որոնք Դու ստեղծեցիր և որոնց մեջ ինձ ևս ստեղծեցիր։ Եվ կամ, որովհետև առանց Քեզ ոչինչ գոյություն չէր ունենա այն ամենից, որ այժմ գոյություն ունի, թերևս պատահում է, որ մինչ գոյություն ունի, Քեզ բովանդակո՞ւմ է։ Եվ քանի որ ես նույնպես գոյություն ունեմ այսպես, ինչի՞ է ծառայում խնդրելը, որ գաս իմ մեջ, մինչ գոյություն չէի ունենա, եթե արդեն իսկ իմ մեջ չլինեիր: Դեռ չեմ իջել սանդարամետի խորքերը, և սակայն Դու նաև այնտեղ ես, և երբ իջնեմ այնտեղ, Դու հավասարապես ներկա կլինես[9]: Ուրեմն ես չէի լինի, Աստված իմ, ուղղակի գոյություն չէի ունենա, եթե ներկա չլինեիր իմ մեջ, կամ ավելի ճիշտը՝ չէի լինի, եթե չլինեի Քո մեջ, որովհետև ամեն բան Քեզնից է, Քեզնով, Քո մեջ[10]: Այո՛, այսպե՛ս է, Տե՜ր իմ, այսպե՛ս է: Որտե՞ղ եմ, ուրեմն, աղոթում Քեզ, եթե Քո մեջ եմ: Որտեղի՞ց պիտի գաս իմ մեջ: Ո՞ւր կարող եմ հեռանալ, դեպի դուրս երկնքից ու երկրից, որպեսզի այնտեղ իմ մեջ գա իմ Աստվածը, որ ասաց. «Լի են ինձնով երկինքն ու երկիրը»[11]:

 

Աստծո ներկայությունը տիեզերքում

3. 3. Բայց երկինքն ու երկիրը թերևս Քեզ բովանդակո՞ւմ են, որովհետև լի են Քեզնով, թե՞ Դու նրանց լցնում ես և դեռ ավելանում է Քեզնից, որովհետև Քեզ չեն բովանդակում։ Եվ արդյոք ո՞ւր ես լցնում Քեզնից ավելացած այդ մասը, լիացնելուց հետո երկինքն ու երկիրը: Կամ ավելի ճիշտ չէ՞, որ կարիքը չունես Քեզ բովանդակող ոչնչի, Դու, որ բովանդակում ես ամեն ինչ, որովհետև այն, ինչը որ լիացնում ես, բովանդակելով ես լիացնում: Իրոք, Քեզնով լի անոթները չէ, որ հաստատուն են դարձնում Քեզ: Եթե նույնիսկ նրանք ընդարձակվեն, Դու չես տարածվում. երբ հեղվում ես մեր վրա[12], ո՛չ թե Դու ցածրանում ես, այլ՝ մեզ բարձրացնում ես. ո՛չ թե Դու բաժանվում ես, այլ՝ մեզ միավորում ես: Սակայն, երբ լիացնում ես – ինչպես որ վարվում ես – էակներից յուրաքանչյուրին, լիացնում ես նրան ողջ էությամբդ։ Եվ հետևաբար, եթե տիեզերքի բոլոր էակները չեն կարողանում բովանդակել ամբողջ էությունդ, բովանդակում են թերևս մի փոքրիկ մասնի՞կ, և այդ միևնույն մասնիկը բոլորը միասի՞ն: Թե՞ յուրաքանչյուր էակ բովանդակում է մի առանձին մասնիկ, մեծերը՝ մեծ, փոքրերը՝ փոքր: Հետևաբար, գոյություն ունեն Քո մեջ մասնիկնե՞ր, ոմանք մեծ, ոմանք փոքր, թե՞ ամբողջական ես ամենուր և ոչինչ չի բովանդակում Քեզ ամբողջովին:

 

Աստծո անարտահայտելի հատկությունները

4. 4. Ի՞նչ ես Դու, ուրեմն, Աստված իմ: Ուրիշ ի՞նչ ես, անշուշտ, եթե ո՛չ՝ մեր Տեր Աստվածը: Ո՞վ է, հիրավի, տեր, Տիրոջից բացի, ո՞վ է Աստված, Աստծուց բացի[13]: Ո՜վ Դու գերագույն, լավագույն, զորեղագույն, ամենակարող, ողորմած ու արդարագույն, մերձավոր ու ամենահեռու, գեղեցկագույն ու ամենաուժեղ, հաստատուն ու անըմբռնելի, անփոփոխ, որ ամեն բան փոխում ես, երբեք նոր, երբեք զառամյալ, նորոգող ամեն ինչի[14], որ առանց իրենց իմանալու՝ ծերացնում ես հպարտներին[15], միշտ գործող, միշտ հանգիստ, որ հավաքում ես առանց կարոտության, որ կրում ես և լիացնում և պահում, որ ստեղծում ես և սնում և հասունացնում, որ փնտրում ես, մինչ ոչինչ Քեզ չի պակասում: Սիրում ես, բայց առանց խելագարվելու. նախանձախնդիր ես[16], բայց միշտ խաղաղ. զղջում ես[17] առանց տառապելու, զայրանում ես[18] առանց անդորրդ կորցնելու, փոփոխում ես գործերը, բայց ո՛չ երբեք ծրագիրը, ձեռք ես բերում այն, ինչ գտնում ես, առանց երբևէ կորցրած լինելու. ամենահարուստ՝ ուրախանում ես ձեռքբերումներովդ, երբեք ագահ՝ պահանջում ես շահերդ[19], Քեզ փոխ է տրվում՝ Քեզ պարտապան ունենալու համար[20], բայց ո՞վ ինչ որ մի բան ունի, որն իրականում Քոնը չէ: Վճարում ես պարտքեր՝ առանց որևէ մեկին պարտական լինելու, ներում ես ու շնորհում՝ առանց որևիցէ մի բան կորցնելու:

Արդյոք ի՞նչ ասացի, Աստվա՜ծ իմ, կյա՜նք իմ, քաղցրությո՜ւն իմ սուրբ: Արդյոք ի՞նչ է ասում նա, ով խոսում է Քո մասին։ Եվ սակայն, տարաբախտ են նրանք, ովքեր լռում են Քո մասին, որովհետև համր շատախոսներ են[21]:

 

Հոգու փափագն առ Աստված

5. 5. Ո՞վ կարող է հանգստացնել ինձ Քո մեջ, ո՞վ կարող է բերել Քեզ սրտիցս ներս՝ այն արբեցնելու: Հայնժամ կմոռանայի բոլոր տառապանքներս[22] և իմ միակ բարիքին կփարվեի. Քեզ: Ի՞նչ ես Դու իմ համար: Ողորմի՜ր, որպեսզի կարողանամ խոսել։ Եվ ի՞նչ եմ ես ինքս Քո համար, որ պատվիրում ես ինձ սիրել Քեզ և զայրանում ես իմ դեմ[23] և սպառնում ծանր հետևանքներ, եթե չհնազանդվեմ, կարծես թե թեթև դժբախտություն է Քո հանդեպ սիրո բացակայությունը: Ա՜հ, ասա՜ ինձ, հանուն Քո ողորմության, Տեր Աստված իմ, ի՞նչ ես իմ համար: Ասա՜ հոգուս. «Քո փրկությունն եմ ես»[24]: Ասա՜ այս խոսքերը, որպեսզի ես լսեմ: Ահա՛, սրտիս ականջները շուրթերիդ առջև են, Տե՜ր: Բա՜ց դրանք և ասա՜ հոգուս. «Քո փրկությունն եմ ես»: Հետևելով այս ձայնին՝ ես Քեզ կհասնեմ, բայց Դու մի՛ թաքցրու ինձնից երեսդ[25]: Թող որ ես մեռնեմ ո՛չ թե մեռնելու, այլ՝ երեսդ տեսնելու համար:

- 6. Նեղ է հոգուս խրճիթը, որպեսզի կարողանաս մտնել. ընդարձակի՜ր այն, ուրեմն: Խարխուլ է. վերանորոգի՜ր: Պարունակում է իր մեջ որոշ բաներ, որ կարող են վշտացնել հայացքդ. ընդունում եմ և գիտակից եմ դրանց: Բայց ո՞վ կարող է սրբել դրանք, ո՞ւմ դիմեմ, եթե ո՛չ՝ Քեզ. «Մաքրի՜ր ինձ, Տե՜ր, ինձ իսկ անծանոթ հանցանքներիցս, և ուրիշների մեղքերից հեռո՜ւ պահիր ծառայիդ»[26]: Հավատում եմ, այդ իսկ պատճառով խոսում եմ[27]: Տեր իմ, Դու գիտես[28]. մի՞թե չխոսեցի Քո հետ իմ դեմ, ընդդեմ իմ հանցանքների, Աստվա՜ծ իմ, և մի՞թե Դու չներեցիր սրտիս չարությունը[29]: Չեմ վիճում Քո հետ[30], որ Ճշմարտությունն ես[31], և չեմ կամենում խաբել ինքս ինձ, վախենալով, որ անօրենությունս կարող է սխալվել[32]: Հետևաբար, չեմ վիճում Քո հետ, որովհետև եթե սկսես մեղքերը քննել, Տեր, Տե՜ր, ո՞վ կփրկվի[33]:

[1] Սղմ 47, 1; 95, 4; 144, 3; 146, 5
[2] Հմմտ. 2Կր 4, 10
[3] Հկբ 4, 6; 1Պտ 5, 5
[4] Հմմտ. Սղմ 118, 34.73.144
[5] Հռմ 10, 14
[6] Սղմ 21, 27
[7] Հմմտ. Մտթ 7, 8; Ղկս 11, 10
[8] Ծնդ 1, 1; 2Մն 2, 12
[9] Սղմ 138, 8
[10] 1Կր 8, 6; Հռմ 11, 36
[11] Երմ 23, 24
[12] Հմմտ. Գղտ 2, 28... (= Գրծ 2, 17...); Տտս 3, 6
[13] Սղմ 17, 32
[14] Հմմտ. Իմս 7, 27
[15] Հոբ 9, 5
[16] Հմմտ. Գղտ 2, 18; Զքր 1, 14; 8, 2
[17] Հմմտ. Ծնդ 6, 6...
[18] Հմմտ. Ել 4, 14
[19] Հմմտ. Մտթ 25, 27
[20] Հմմտ. Ղկս 10, 35
[21] Հմմտ. Մտթ 15, 31
[22] Հմմտ. Երմ 44, 9
[23] Հմմտ. Սղմ 84, 6
[24] Սղմ 34, 3
[25] Հմմտ. 2Օր 31, 17; 32, 20
[26] Հմմտ. Սղմ 18, 13...
[27] Սղմ 115, 10 (= 2Կր 4, 13)
[28] Տբթ 8, 9; Հվհ 21, 15...
[29] Սղմ 31, 5
[30] Հմմտ. Հոբ 9, 3; Երմ 2, 29
[31] Հմմտ. 1Յվհ 5, 6
[32] Հմմտ. Սղմ 26, 12
[33] Սղմ 129, 3
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։