Կարթագինեսում – Գրադարան – Mashtoz.org

Կարթագինեսում

Մխիթարական նոր ընկերություններ

8. 13. Ժամանակն անգործ չի մնում, պարապ չի անցնում մեր զգացմունքների վրայով: Ընդհակառակը, զարմանալի արդյունավետությամբ ազդում է մեր հոգու վրա: Ահա՛, գալիս ու անցնում էր օր օրի ետևից, և գալով ու անցնելով՝ համբերատար վերանորոգմամբ կամաց կամաց ներմուծում էր իմ մեջ նոր հույսեր ու նոր հիշատակներ, որոնց մեջ՝ հաճույքի վաղեմի կերպերի առջև ետ էր ընկրկում վերջերս պատահած վիշտը: Բայց պատահում էին, եթե ո՛չ նոր ցավեր, առնվազն՝ նոր ցավերի պատճառներ: Որովհետև, ի դեպ, ինչպե՞ս էր այն առաջին ցավը մեծագույն հեշտությամբ թափանցել ներաշխարհիցս ներս, եթե ո՛չ՝ որովհետև հոգիս հեղել էի ավազի վրա, մահկանացու արարածին սիրելով այնպես, կարծես անմահ լիներ: Մեծագույն կազդուրում ու սփոփանք էի ստանում մյուս ընկերներիցս եկող մխիթարություններից, որոնց հետ ընդհանուր մի բան ունեի՝ սերն այն բաների հանդեպ, որոնք սիրում էի Քո փոխարեն. ահռելի ձևացումը, երկարատև խաբեբայությունը, որն իր խարդախ շոյանքներով ապականում էր լսելու մոլուցքով բռնված մեր մտքերը[1]: Իմ համար այդ ձևացումը չէր մեռնում, նույնիսկ եթե մեռնում էր ընկերներիցս մեկը: Ուրիշ կապեր էին, ապա, շղթայած սեղմում իմ հոգին հավելյալ կերպով. զրույցները, ծիծաղը, երբ հավաքված էինք միասին, սիրալիր քաղաքավարությունների փոխանակումը, հաճելի գրքերի համատեղ ընթերցումը, ընդհանուր ժամանցները՝ երբեմն թեթևսոլիկ, երբեմն վայելուչ, պատահական անհամաձայնությունները՝ առանց հիշաչարության, ինչպես յուրաքանչյուր մարդու պատահում է նաև ինքն իր հետ, և առավել հաճախակի համաձայնությունները, որոնց համ ու հոտ էին տալիս այդ նույն, հազվադեպ անհամաձայնությունները. լինելը մեկը մյուսին մերթ ուսուցիչ, մերթ աշակերտ, բացակաների հանդեպ անհամբեր կարոտը, վերադարձողների տոնախինդ ընդունելությունը: Մեկը մյուսին սիրահարված սրտերի այս և նմանատիպ ուրիշ շատ նշանները, արտահայտված՝ բերանով, լեզվով, աչքերով և մեծապես հաճելի հազարավոր ժեստերի միջոցով, աբեթն են, կասեի, այն կրակի, որը ձուլում է հոգիներին միասին, և շատերին դարձնում է միայն մեկը:

 

Երանի՜ Աստծո մտերիմներին

9. 14. Բոլոր այս բաներն ենք սիրում մեր ընկերների մեջ, և սիրում ենք այնպես, որ մեր մարդկային խիղճն իրեն հանցավոր է զգում, եթե սիրույն միշտ սիրով չի պատասխանում, սիրած անձից գորովի փաստեր միայն ակնկալելով: Այստեղից են ծնվում ընկերների մահվան համար սուգը, վշտի խավարը, քաղցրության փոխվելը դառնության, արցունքներով թրջված սիրտը, և ողջերի մահը՝ մեռածների կորսված կյանքի համար[2]: Երջանիկ է նա, ով սիրում է Քեզ, ընկերոջը՝ Քո մեջ, թշնամուն՝ Քո համար[3]: Միակը, որ երբեք չի կորցնում իրեն թանկագին էակներին, նա է, ում համար բոլորը թանկագին են հանձինս Նրա, Ով չի կորսվում երբեք: Իսկ ո՞վ է դա, եթե ո՛չ՝ մեր Աստվածը, Աստված, որ ստեղծեց երկինքն ու երկիրը[4] և լիացնում է դրանք[5], որովհետև լիացնելով է ստեղծել դրանք: Ոչ ոք Քեզ չի կորցնում, այլ՝ միայն նա, ով թողնում է Քեզ: Եվ, քանի որ թողնում է Քեզ, ո՞ւր է գնում, ո՞ւր է փախչում[6], եթե ո՛չ՝ բարյացակամությունիցդ դեպի զայրույթդ: Ամենուր գտնելու է օրենքդ իր տվայտանքի մեջ, և Քո օրենքը ճշմարտություն է[7], և ճշմարտությունը Դու ես[8]:

 

Արարածների մահկանացու ճակատագիրը

10. 15. Աստվա՜ծ զորությունների, դարձրո՜ւ մեզ դեպի Քեզ, ցո՜ւյց տուր մեզ երեսդ և կփրկվենք[9]: Մարդու հոգին շրջվում է մեկ այս, մեկ այն կողմ, բայց Քեզնից դուրս՝ ամենուր գամված է վշտին, եթե նույնիսկ սևեռվում է Քեզնից և իրենից դուրս գտնվող գեղեցկությունների վրա։ Եվ սակայն, գեղեցկություններ գոյություն չէին ունենա, եթե չսերեին Քեզնից: Ծնվում են ու անհետանում. ծնվելով սկսում են, այսպես ասած, գոյություն ունենալ, աճում են՝ հասունանալու համար, իսկ հազիվ հասունացած՝ ծերանում են մինչև մեռնելը: Բոլորը չեն ծերանում, բայց բոլորը մեռնում են: Ծնվելիս, հետևաբար, և գոյության ձգտելիս, որքան ավելի ճեպընթաց է նրանց աճը դեպի գոյությունը, այնքան ավելի հապճեպ է նրանց վազքը դեպի անգոյությունը: Սա է նրանց սահմանը, այսքանից ավելի չես շնորհել նրանց, որովհետև մասերն են ա՛յլ գոյությունների, որոնք գոյություն չունեն բոլորը միաժամանակ, բայց բոլորն էլ իրենց անհետանալով ու հայտնվելով կազմում են տիեզերքը, որի մասերն են: Այսպես, ահա՛, մեր ճառերը նույնպես զարգանում են մինչև իրենց եզրակացությունը՝ շնորհիվ հնչյունների հաջորդականության, և ամբողջական ճառ չէինք ունենա, եթե բառերից յուրաքանչյուրը չանհետանար՝ թողնելու համար տեղը մի ուրիշի, արտաբերած լինելուց հետո ձայնի իր բաժինը: Այս բաների համար թող գովաբանի Քեզ հոգիս[10], Աստվա՜ծ, Արարի՜չ ամենայնի[11], բայց առանց թողնելու, որ դարձնեն ինձ իրենց սիրո որսը՝ մարմնի զգայարանների միջոցով: Նրանք գնում են՝ ուր գնում էին[12], դադարելու համար գոյություն ունենալ, և հոգին պատառոտում են ժանտախտային կրքերով, քանի որ նրա փափագը գոյություն ունենալն է և իրեն սիրելի իրողությունների մեջ հանգստանալը: Բայց այնտեղ չի կարող գտնել հաստատուն մի կետ, քանի որ իրողություններն անհողդողդ չեն: Փախչում են, և ո՞վ կարող է նրանց հասնել մարմնի զգայարաններով, կամ բռնել նրանց, նույնիսկ երբ մոտիկ են: Մարմնի զգայարանները դանդաղ են, հե՛նց որովհետև մարմնինն են, և սա նրանց սահմանն է: Բավական են ա՛յլ նպատակների համար, որոնց համար որ ստեղծվել են, բայց բավական չեն կանգնեցնելու համար իրողությունների ընթացքը, որոնք պատշաճ սկզբից ընթանում են դեպի պատշաճ վախճանը: Քո խոսքի մեջ, որով ստեղծվել են, լսում են, թե ինչպե՛ս է իրենց ասվում. «Այստեղի՛ց, և մինչև այստե՛ղ»[13]:

 

Աստծո անսասանությունը

11. 16. Ունայն մի՛ եղիր, հոգի իմ, սրտիս ականջը մի՛ խլացրու քո ունայնությունների խռովարար ժխորով: Դու նույնպես լսի՛ր. Բանն[14] Ինքն է, որ բարձրագոչ ձայնով կանչում է քեզ դարձի: Անխախտելի անդորրի վայրն այնտեղ է, ուր սերն անվերադարձ բաժանումների չի ենթարկվում, եթե հենց ինքը չի առաջինը լքում: Այստեղ, մինչդեռ, տեսնում ես, ամեն բան չքանում է՝ տեղ տալու համար ուրիշների, և կազմելու համար այս ստորին տիեզերքն իր ամբողջության մեջ: «Բայց ես», ասում է Աստվածային Բանը, «մի՞թե չքանում եմ ինչ որ մի տեղ»: Նրա մեջ, ուրեմն, հաստատիր բնակությունդ[15], Իրեն հանձնիր այն ամենը, որ Իրենից ես ստացել, հոգի՜ իմ, որ վերջապես հոգնել ես խաբեություններից: Ճշմարտությանը հանձնիր այն ամենը, որ ճշմարտությունից ես ստացել, և ոչինչ չես կորցնի: Վերստին ծաղիկներով են պատվելու փտություններդ, բոլոր տկարություններդ բժշկվելու են, նորոգվելու, նորացվելու են մահկանացու մասերդ[16], սերտորեն ամրացվելով քո հետ: Քեզ իրենց անդունդների մեջ քաշելու փոխարեն, հաստատուն ու տևական կմնան քո հետ, հավիտենապես հաստատուն ու տևական Աստծո հետ[17]:

- 17. Ինչո՞ւ ես, այլասերված, հետևում մարմնիդ: Ավելի շուտ, թող որ նա հետևի քեզ՝ դարձի եկած: Նրա զգացողությունների միջոցով դու ունես մասնակի ճանաչողություններ, բայց անգիտանում ես ամբողջությունը, որի մասերն, համենայն դեպս, հաճույք են պատճառում քեզ: Եթե մարմնիդ զգայարաններն ընդունակ լինեին ըմբռնելու ամբողջությունը և արդարացիորեն սահմանափակված չլինեին, քեզ ի պատիժ, բաղադրյալի միայն մի մասի մեջ, ուզենալու էիր, որ այժմ գոյություն ունեցող բաներն անցնեին՝ առավել ուժգին կերպով վայելելու համար բոլորը միասին: Դու լսում ես՝ ինչ ասում ենք, մարմնի միևնույն զգացողության միջոցով, և անշուշտ՝ երբեք չես ուզում, որ վանկերը կանգ առնեն, այլ՝ որ սրընթաց անցնեն, տեղն ուրիշների զիջելով, այնպես՝ որ ամբողջ ճառը լսես: Միշտ այսպիսին է բոլոր այն մասերի պարագան, որոնք կազմում են մեկ միակ գոյացություն, բայց գոյություն չունեն բոլորը միաժամանակ՝ այն ձևավորելու համար. ավելի համ ես առնում բոլորից միասին, քան թե յուրաքանչյուրից առանձին առանձին, երբ իհարկե հնարավոր է զգալ դրանք բոլորը միասին: Ստեղծված բաներից շա՜տ ավելի լավ է, սակայն, Նա, Ով ստեղծել է այդ բոլորը, և սա մեր Աստվածն է[18], Ով երբեք չի հեռանում՝ ետ քաշվելով, որովհետև ոչ ոք Նրա տեղը չի գրավում:

 

Հորդոր՝ Աստծո մեջ փնտրելու երջանկությունը

12. 18. Եթե հաճելի են քեզ մարմինները, գովաբանիր Աստծուն դրանց համար, սերդ դրանց Հեղինակին ուղղիր, որպեսզի խուսափես Նրան տհաճ լինելուց՝ արարածների տված հաճույքի պատճառով: Եթե հաճելի են քեզ հոգիները, Աստծո մեջ սիրիր նրանց, որովհետև նրանք էլ են փոփոխական, բայց Նրա մեջ ամրացվում են հաստատուն կերպով, մինչ այլուր կանցնեին ու կմեռնեին: Նրա մեջ սիրիր նրանց, ուրեմն, Նրա համար առևանգիր այնքան ավելի հոգիներ, որքան որ կարող ես, և ասա՛ նրանց. «Սիրե՜նք Նրան: Նա՛ է այս բաների Արարիչը[19] և դրանցից հեռու չէ[20], որովհետև դրանք ստեղծելուց հետո չլքեց դրանց, այլ՝ Նրա կողմից ստեղծված՝ Նրա մեջ են պահպանում իրենց գոյությունը: Որտե՞ղ է: Որտե՞ղ է ճաշակվում ճշմարտությունը: Սրտի խորքում է, բայց սիրտը թափառում էր Նրանից հեռու[21]: Ձեր սրտերի մեջ վերադարձեք, օրինազանցնե՜ր[22], և միացեք Նրան, Ով ստեղծել է ձեզ: Նրա հետ մնացեք և հաստատուն կմնաք. Նրա մեջ հանգստացեք և հանգիստ կունենաք: Ո՞ւր եք գնում[23], դեպի վշտակրություննե՞րը: Ո՞ւր եք գնում: Բարիքը, որ սիրում եք, Իրենից է սերում, բայց միայն այնքանով է բարի ու անուշ, որքանով որ դեպի Իրեն է ձգտում: Մինչդեռ արդարացիորեն դառն է լինելու, որովհետև Իրեն թողնելով՝ անարդարացի կերպով սիրվում է այն, ինչն Իրենից սերում է: Ի՞նչ շահ եք ստանում անհարթ ու դժնդակ ճանապարհների վրա[24] կատարած ձեր երկար ու շարունակական քայլքից: Անդորր չկա այնտեղ, որտեղ դուք այն փնտրում եք: Փնտրեցեք այն, ինչ փնտրում եք, բայց այնտեղ չէ, ուր որ դուք այն փնտրում եք: Դուք երջանիկ կյանք եք փնտրում մահվան երկրում[25]: Այնտեղ չէ։ Ինչպե՞ս կարող էր երջանիկ կյանք լինել այնտեղ, ուր կյանքն ինքնին պակասում է:

- 19. Աշխարհ իջավ մեր կյանքը, ճշմարիտը[26], Իր ուսերի վրա վերցրեց մեր մահը և սպանեց այն[27] Իր կյանքի գերառատությամբ, որոտալով գոչեց դեպի մեզ՝ վերադառնալ աշխարհից Իրեն, այն սրբատեղին, որտեղից Ինքը եկավ մեր մոտ՝ նախ մտնելով կույսի արգանդի մեջ, ուր Նրան հարսի նման միացավ մարդկային արարածը՝ մեր մահկանացու մարմինը, որպեսզի վերջնականորեն մահկանացու չմնար: Այնտեղից, ապա, ինչպես փեսան է դուրս գալիս առագաստից, հսկայի ոստումով դուրս ելավ՝ ընթանալու համար Իր ճանապարհը[28], և առանց երբևէ հապաղելու՝ ընթացավ աղաղակելով՝ խոսքերով ու գործերով, մահվամբ ու կյանքով, իջնելով ու վեր բարձրանալով[29], աղաղակելով, որպեսզի վերադառնայինք Իրեն: Ապա հեռացավ մեր աչքերից[30], որպեսզի վերադառնայինք սրտին, ուր կարող ենք գտնել Իրեն: Մեկնեց, իրոք, բայց ահա՛ Նա, այստեղ է[31]: Չուզեց երկար մնալ մեր հետ, և չլքեց մեզ: Մեկնեց դեպի մի վայր, որտեղից երբեք չէր հեռացել, որովհետև աշխարհը ստեղծվել է Իր միջոցով, և Ինքն այս աշխարհում էր[32] և եկավ այս աշխարհ՝ փրկելու մեղավորներին[33]: Հոգիս խոստովանվում է Նրան և Նա բժշկում է այն, քանի որ մեղանչել է Նրա դեմ[34]: Մարդկանց որդիներ, մինչև ե՞րբ եք պահելու այս բեռը ձեր սրտում[35]: Նաև այն բանից հետո, որ կյանքն իջավ ձեր մոտ, չեք ուզո՞ւմ վեր բարձրանալ՝ ապրելու: Ո՞ւր կարող եք բարձրանալ, եթե արդեն իսկ վերևում եք և ձեր բերանները հաստատել եք երկնքում[36]: Վա՛ր իջեք՝ վեր բարձրանալու համար, և առ Աստվա՛ծ բարձրանալու համար, քանի որ ընկաք՝ փորձելով բարձրանալ Աստծո դեմ»: Ասա՛ նրանց այս խոսքերը, հոգի՜ իմ, որպեսզի լացեն արցունքների այս հովտում[37], և այսպես՝ հափշտակի՛ր նրանց և տա՛ր քո հետ Աստծո մոտ: Թող որ Աստծո Հոգին ներշնչի քեզ այս խոսքերը, եթե խոսելիս այրվում ես աստվածային սիրո հրով:

[1] Հմմտ. 2Տմ 4, 3...; Ընկերները, որոնց մասին խոսվում է, մանիքեականության մեջ իր հավատակիցներն են:
[2] «Ողջերի մահը», այսինքն՝ կյանքի համը կորցնելը, խորը վիշտը։
[3] Հմմտ. Տբթ 13, 18; Մտթ 5, 44; Ղկս 6, 27
[4] Ծնդ 1, 1
[5] Հմմտ. Երմ 23, 24
[6] Հմմտ. Սղմ 138, 7
[7] Սղմ 118, 142
[8] Հմմտ. Հվհ 14, 6
[9] Սղմ 79, 8
[10] Սղմ 118, 175
[11] 2Մկ 1, 24
[12] Հմմտ. Սղմ 138, 7
[13] Հոբ 38, 11
[14] Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
[15] Հմմտ. Հվհ 14, 23
[16] Հմմտ. Սղմ 12, 3.5; Մտթ 4, 23; Մահկանացու մասեր ասելով՝ Օգոստինոսն ակնհայտորեն ի նկատի ունի մարմինն ու նրա մասերը, որոնք հակադրում է հոգուն, որն անմահ է: Բայց այս հակադրությունը կատարում է՝ չմոռանալով նրանց վերջնական հաշտությունն ու հավիտենական միությունը հարությունից հետո:
[17] Հմմտ. Սղմ 101, 13.27 (= Եբր 1, 11); 1Պտ 1, 23
[18] Սղմ 99, 3
[19] Սղմ 99, 3
[20] Հմմտ. Գրծ 17, 27
[21] Հմմտ. Սղմ 118, 176
[22] Ես 46, 8
[23] Հմմտ. Սղմ 137, 7
[24] Իմս 5, 7
[25] Ես 9, 2 (= Մտթ 4, 16)
[26] Հմմտ. Հվհ 6, 33.41.59; 11, 25; 14, 6
[27] Հմմտ. 1Տմ 1, 10
[28] Սղմ 18, 6
[29] Հմմտ. Եփս 4, 9...
[30] Գրծ 1, 9; հմմտ. Ղկս 24, 51
[31] Մտթ 24, 23; Մրկ 13, 21
[32] Հվհ 1, 10
[33] 1Տմ 1, 15
[34] Հմմտ. Սղմ 40, 5
[35] Սղմ 4, 3
[36] Սղմ 72, 9. «Երկնքում հաստատեցին իրենց բերանները, իսկ լեզուները սողում էին երկրի վրա»: Սաղմոսի այս տողը մեկնաբանելով (Սաղմոսների մեկնություն, 72. 15), Օգոստինոսը բացատրում է, որ «բերանները երկնքում հաստատել» նշանակում է խոսել հպարտությամբ, գոռոզությամբ: Իսկ «լեզուները սողում էին երկրի վրա» նշանակում է, որ շարունակում էին ստրուկ մնալ երկրային իրողություններին:
[37] Սղմ 83, 7
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։