Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

Պերճախոսության դասընթացքներին հետևելու համար՝ Օգոստինոսը տեղափոխվեց Կարթագինես, և այնտեղ անառակությունն ու մեղանչական սերերը վարակեցին իր հոգին: Մի սաստիկ ուժով հմայեց նրան թատրոնը՝ արթնացնողը բուռն զգացումների. տարօրինակ է, թե ինչպե՛ս են մարդիկ, տառապանքից խուսափելով հանդերձ, սիրում թատերական ներկայացումները, որոնց ժամանակ հրավիրված և հարկադրված են կիսելու, ինչպես այն ժամանակ Օգոստինոսը, սիրահարների վշտերը, դերասանների կեղծ դժբախտությունները:

Դպրոցում, սակայն, Օգոստինոսը չէր մասնակցում այն անկարգություններին, որոնցով հայտնի էին կարթագինեսացի աներես ու անբարո ուսանողները: Ընդհակառակը, մեծապես տպավորվել էր Կիկերոնի Հոռթենսիուս[1] գրքի ընթերցումից, որտեղ հեղինակը ցույց էր տալիս փիլիսոփայության անհրաժեշտությունն ու օգտակարությունը, տալով դրա շուրջ պատմական տեղեկություններ և խորհուրդներ: Այդ էջերի ընթերցման հետևանքում, Օգոստինոսը զգաց իրեն կողմնորոշված դեպի Աստված և դեպի իմաստության յուրացումը, և այդ գրքի մեջ Քրիստոսի Անվան բացակայությունն էր միայն ճնշում իրեն: Վճռեց, հետևաբար, ընթերցել Աստվածաշունչը, բայց հուսախաբ մնաց նրա անհասկանալի բովանդակությունից ու անտաշ ոճից: Այդպիսով, հարեց մանիքեականների աղանդին, ովքեր հավակնելով, թե ճանաչում և տարածում էին ճշմարտությունը, իրականում ուսուցանում էին մի շարք սխալներ Աստծո և աշխարհի մասին: Բայց առաջին պահին Օգոստինոսին թվաց, թե հագեցնում էին ճշմարտության իր ծարավը. քննադատությունները, որ նրանք ուղղում էին Հին Կտակարանին, ուր Աստծուն վերագրվում են մարդկային հատկություններ և նահապետները գործում են պախարակելի արարքներ, միմյանց ընդդիմադիր ու հավասարազոր բարու և չարի երկու գոյացությունների ուսմունքի հետ միասին, համոզում էին Օգոստինոսի տգիտությանը: Իր տակավին անբավարար կրթությամբ, Օգոստինոսը դեռևս չէր կարողանում զանազանել արդարության հավիտենական կայունությունը ժամանակի մեջ բարոյական պատվիրանների զարգացումից. միշտ և ամենուր արգելված և բնական օրենքներին իսկ հակառակ որոշ արարքների կողքին կան նաև այնպիսիք, որոնք օրինավոր կամ ապօրինի են ըստ սովորությունների ու պարագաների, որովհետև Աստծո օրենքը միաժամանակ գերիշխան է ու նախախնամող: Ահա՛ այս պատճառով է, որ Աստված անպատշաճ չէր համարում մասնակցել պախարակմանն ու դատապարտությանը նրա, ով մաքուր սրտով կատարում էր արարքներ, որոնք թերևս անվայել էին ուրիշ պարագաներում, բայց այն ժամանակ համապատասխանում էին ներկայի պահանջներին կամ էլ պատրաստում էին ապագան:

Մոնիկան, սակայն, չէր դադարում ճշմարիտ Աստծուց հավատքով խնդրել իր որդու փրկության շնորհը: Աստված Ինքը մխիթարեց նրան հույսով, նախ մի երազի միջոցով, որից հետո մայրը համաձայնվեց կրկին ապրել Օգոստինոսի հետ, որին տնից դուրս էր վռնդել որպես հերետիկոս. ապա նաև մի եպիսկոպոսի բերանով, որին, ինչպես ուրիշ շատերի, աստվածապաշտ կինը խնդրել էր խոսել Օգոստինոսի հետ: Իրոք, այդքա՜ն արցունքների որդին չէր կարող մեռնել:

 

Կարթագինեսում և Թագաստում, 370-374 թվականներին

[1] Հոռթենսիուսը (լրիվ անվամբ՝ «Հոռթենսիուս, կամ Գիրք փիլիսոփայության մասին» - «Hortensius seu De philosophia liber»), եղել է Մարկուս Թուլլիուս Կիկերոնի (Ք.ա. 106-43) մեզ չհասած աշխատություններից մեկը, գրված՝ Ք.ա. 45 թվականին։ Գրության վերնագիրը ձոնված է հռոմեացի հռետոր և իրավաբան, ասիականության ներկայացուցիչ Քուինթուս Հոռթենսիուս Հոռթալուսին (Ք.ա. 114-50)։ Դա մի զրույց է եղել Կիկերոնի, հռոմեացի քաղաքական գործիչ Քուինթուս Լութացիուս Կաթուլուս Կապիթոլինուսի (Ք.ա. 123-61), հռոմեացի զինվորական և քաղաքական գործիչ, կուսակալ Լուկիուս Լիկինիուս Լուկուլլուսի (Ք.ա. 117-56) և Հոռթենսիուսի միջև, որոնցից առաջինն իր ընկերներին փորձել է համոզել փիլիսոփայության օգտակարության վերաբերյալ, որպես նպատակ ունենալով տարածել փիլիսոփայությունը հռոմեական աշխարհում Արիստոտելի հունական աշխատությունների միջոցով։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։