Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

Մարդը՝ Աստծո արարչության մի մասնիկը, փառաբանում է Աստծուն, աղերսում է Նրան, փնտրում, որովհետև ստեղծված լինելով Նրա համար, առանց Աստծո մարդը չունի խաղաղություն: Թեև Աստված արդեն իսկ մեր մեջ է, ինչպես ողջ տիեզերքում, այդուամենայնիվ՝ մեզ բոլորիս գերազանցում է և անդրանցական է, մոտ է մեզ, բայց միաժամանակ՝ հեռու, զգալի է, և այդուհանդերձ՝ անիմանալի: Թող որ ուրեմն հայտնվի մեզ, այցելի մեր խոնարհ հոգիներին, ունկնդրի մեր խոստովանությունները. խոստովանությունները մեր մեղքերի և Իր ողորմության:

Հազիվ ծնվեցինք, Աստված արդեն ներկա էր Իր մխիթարությամբ, այն անթիվ ու անքանակ պարգևներից առաջիններով, որոնք շռայլեց մեզ մեր կյանքի ընթացքում: Աստծուց Օգոստինոսը ստացավ այն կաթը, որով սնվեց, երբ հայտնվեց այս աշխարհում: Վստահ ենք, որ ստեղծվել ենք Աստծուց, բայց չենք պահպանել մեր առաջին տարիների հիշատակները: Ճանաչում ենք մեր մանկությունը՝ զննելով վարքը ուրիշ մանուկների, նրանց ագահությունը, նրանց զայրույթը: Իրոք, անգամ մանուկները զերծ չեն թերություններից. եթե պատասխանատու չեն իրենց ներկա հանցանքների համար, այդուամենայնիվ վարակված են հին համընդհանուր մեղքով, որն ապականում է մարդկային ողջ բնությունը:

Խոսքով և առաջին գիտելիքներով է բնորոշվում հաջորդ տարիքը՝ մանկությունը: Խոսելու կարողությունը նա ձեռքբերեց ակամա, ինքնաբերաբար, լսելով հասուն անձանց խոսակցությունները, առաջին բառերին միացնելով արտահայտիչ շարժումներ ու հնչյուններ: Ապա դպրոցում, խիստ կանոնների ներքո, սովորեց գրականություն, աղոթքներ, լատին քերականություն և թվաբանություն: Տարօրինակ է, որ ծնողները, որ այնքա՜ն սիրալիր էին իր հանդեպ, թույլատրում էին վարժապետի ճիպոտի հարվածները. նույնքան տարօրինակ է, որ մեծահասակները պատժում են դպրոցականների ծուլությունները, որոնք կատարվում են ի սեր խաղի, մինչ իրենց՝ մեծահասակաների զբաղմունքներն էլ առավել լուրջ չեն:

Այդ ժամանակների սովորության համաձայն, մկրտության թեկնածությանն անդամագրվելով ծննդյան օրից ի վեր, մի ծանր հիվանդության ժամանակ Օգոստինոսը խնդրում է մկրտվել: Մայրը, նրա հավիտենական փրկությամբ մտահոգ, պատրաստվում է բավարարել որդու խնդրանքը, երբ պատանին հանկարծակի առողջանում է և մկրտությունը անպատշաճ կերպով հետաձգվում է, սովորության համաձայն, որպեսզի ավելի ուշ տարիքում կատարվելով՝ ջնջեր նաև պատանեկության անխուսափելի մեղքերը: Օգոստինոսը մեծացավ քրիստոնյական հավատքի մեջ, որն առավել քան բոցավառ էր մոր սրտում և ընդհանուր էր ամբողջ ընտանիքի համար, բացառությամբ Օգոստինոսի հոր, որն հեթանոս էր: Օգոստինոսն այնքան էլ ջանասեր դպրոցական չէր, վատ համապատասխանեց ծնողների սպասումներին ու զոհողություններին, սովորելով ըստ քմահաճույքի: Բանաստեղծների հեքիաթներն էին միայն, – որոնք այժմ նրան թվում են ունայն, անօգուտ, և ավելին՝ վնասակար, – որ հմայում էին նրան: Վիրգիլիոսից ներկայացնում և արտասանում էր մեծ հաջողությամբ, մինչ ոչ մի հրապույր չէր գտնում հունական քերթվածքներում, որովհետև մեջտեղ էր գալիս այդ երբեք չսիրված օտար լեզվի նյարդայնացնող խոչընդոտը: Եվ այդպես, բանաստեղծների ընթերցումը և թատերական ներկայացումները – որ վավերական միջոցներ են մեղքի, շնորհիվ այն անբարո տեսարանների, որ ներկայացնում են հրապուրիչ ձևավորմամբ – շեղեցին Օգոստինոսի աշխույժ միտքը, որը մինչդեռ կարող էր օգուտ քաղել Սուրբ Գրվածքներից: Ինչպես նաև անմիտ, ապականված, նախանձոտ մարդկանց չար օրինակները, որ ուներ իր առաջ, չէին մոտեցնում նրան առ Աստված, այլ ընդհակառակը՝ տանում էին նրան հեռու, դեպի անկարգապահ ու խավար կյանքը, որն արդեն իսկ սերմանված էր ստախոսություններով, փոքրիկ գողություններով, գոռոզությամբ ու բռնի նկարագրով:

Եվ սակայն, ինչպե՞ս երախտագիտություն չհայտնել Տիրոջը այն ողջամիտ ազդակների, ազնիվ զգացումների ու մաքուր ուրախությունների համար, որոնք հյուսում էին իր գոյությունը և գալիս էին իրեն Նրանից:

 

Թագաստում, 354 թվականի Նոյեմբերի 13-ից մինչև 369 թվականը

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։