Ուսանողական տարիները – Գրադարան – Mashtoz.org

Ուսանողական տարիները

Սիրո փնտրտուքն ու վայելքը

1. 1. Հասա Կարթագինես և ամենուր շուրջբոլորս տարածվում էր անդունդը մեղանչական սերերի: Դեռ չէի սիրում, բայց սիրում էի սիրելը, և ամենախորին թշվառությամբ ատում էի ինձ՝ բավական թշվառ չլինելուս համար: Սիրույն սիրահար, փնտրում էի մի առարկա, որին սիրեի, և ատում էի ապահովությունը, որոգայթներից զերծ ճանապարհը[1]: Ներսումս հազիվ զգացվող մի ախորժակ ունեի հոգևոր սննդի հանդեպ, Քո հանդեպ, Աստվա՜ծ իմ, բայց այդ ախորժակս քաղցի չէր վերածվում, այլ ընդհակառակը՝ չէի փափագում անապական կերակուրներ, ո՛չ անշուշտ դրանցով հագեցած լինելուս պատճառով: Ավելին. որքան ավելի զուրկ էի դրանցից, այնքան ավելի զզվանք էի զգում դրանց հանդեպ: Ո՜վ հոգուս հիվանդություն. վերքերով պատված, դեպի դուրս էր նետվում, զգայական իրողությունների հետ անարգորեն շփվելու տենչով, որոնք, սակայն, ոչ ոք չէր սիրի, եթե հոգի չունենային: Սիրելն ու սիրված լինելը ինձ ավելի անուշ էր, եթե սիրված անձի մարմինն էլ կարող էի վայելել: Այդպիսով, մտերմության ջինջ աղբյուրը թունավորում էի ցանկասիրության աղբերով, նսեմացնում էի նրա հստակությունը տռփանքի ցեխերով: Ողորմելի, գռեհիկ լինելով հանդերձ, ուզում էի, չափերն անցած ունայնությանս հետևանքում, լինել վայելչագեղ և նուրբ: Այդպես նետեցի անձս սիրո ցանցերի մեջ, կամենալով բռնվել դրանց մեջ: Աստվա՜ծ իմ, ողորմությո՜ւն իմ[2], անսահման բարությամբդ որքա՜ն լեղի խառնեցիր այդ քաղցրությանը: Սիրվեցի, մեկ ակնթարթում հասա հաճույքի հանգույցին և ուրախությամբ պատվեցի նրա ցավալի կապերով, բայց՝ ենթարկվելու համար խանդի, կասկածների, վախերի, զայրույթի ու վեճերի[3] հրաշեկ մտրակումներին[4]:

 

Թատրոնի խենթ կիրքը

2. 2. Հրապուրում էին ինձ թատերական բեմադրումները, որոնք լի էին իմ թշվառությունների ներկայացումներով և ավելի էին բորբոքում իմ մեջ տիրող հուրը: Բայց ինչպե՞ս է, որ մարդիկ փնտրում են տառապանքը՝ դիտելով ողբերգական արտասվալի պատմություններ։ Եվ մինչ ոչ ոք չի կամենում տառապել, որպես հանդիսատես ջանում է կրել հերոսների ամբողջ վիշտը, և հենց վի՞շտն է իր հաճույքը: Տարօրինակ խենթություն է սա, ուրիշ ոչինչ: Այդպիսի դեպքերում իսկապես ավելի հուզվում է նա, ով նվազ զերծ է ալեկոծող կրքերից. և սակայն, մինչ սովորաբար թշվառություն է անվանում իր տառապանքը, ուրիշների տառապանքի հանդեպ կարեկցանքն անվանում է ողորմություն: Բայց վերջիվերջո, որտե՞ղ է ողորմությունը թատերական ներկայացումներում: Այնտեղ չենք հրավիրվում օգնելու, այլ՝ պարզապես վշտանալու, և այնքան ավելի է գնահատվում դերասանը, որքան ավելի է վշտանում հանդիսատեսը, իսկ եթե հեռավոր ժամանակներում տեղի ունեցած դժբախտությունների բեմադրումը չի տառապեցնում իրեն, հանդիսատեսը հեռանում է դժգոհ և անիծելով. մինչ, եթե տառապում է, մնում է ուշադիր և վայելելով արտասվում է:

 

Կարեկցանքը

- 3. Ուրեմն, սիրում ենք նաև տառապանքը: Անկասկած, ամեն ոք կամենում է վայելել և ոչ ոք չի կամենում թշվառ լինել. բայց հաճելի է գթառատ լինելը: Թերևս, որովհետև չկա ողորմություն առանց տառապանքի, այդ իսկ պատճառո՞վ ենք սիրում տառապանքը: Սա նույնպես ընկերությունից բխող առվակ է, բայց դեպի ո՞ւր է ուղղված, դեպի ո՞ւր է վազում, ինչո՞ւ է թափվում եռացող ձյութի գետի մեջ[5], խառնվելով խավարային հաճույքների հորձանքներին, ուր ապականվում է ու կերպարանափոխվում իր իսկ սլացքով, շեղվելով և ընկնելով իր երկնային պայծառությունից: Ուրեմն, մերժե՞նք կարեկցանքը: Ո՛չ, անշուշտ: Երբեմն սիրում ենք տառապանքը, բայց, հոգի՜ իմ, խուսափիր անմաքրությունից, իմ Աստծո՝ մեր հայրերի Աստծո պաշտպանության ներքո մնալով, Ով արժանի է գովքի և փառաբանված է հավիտյանս հավիտենից[6]: Խուսափի՜ր անմաքրությունից: Դեռևս այսօր էլ, հիրավի, ունենում եմ կարեկցանքի զգացումներ. բայց այն ժամանակ, թատրոններում, մասնակցում էի սիրահարների ուրախությանը, երբ անմաքուր կերպով վայելում էին իրար, թեև դա կատարվում էր սոսկ բեմադրական խաղի մտապատրանքի մեջ. և ընդհակառակը, գթալով գրեթե, տխրում էի, երբ լքում էին իրար. երկու դեպքերում էլ հաճույք զգալով, սակայն: Այսօր, մինչդեռ, ավելի կարեկցանք եմ զգում նրա հանդեպ, ով վայելում է անմաքրության մեջ, քան նրա հանդեպ, ով ինքն իրեն դժբախտ է համարում՝ վնասակար ինչ որ մի հաճույքից զրկված և տխուր երջանկությունը կորցրած լինելու համար: Այս դեպքում կարեկցանքս անկասկած ավելի իրական է, բայց տառապանքը հաճույք չի առաջացնում: Եթե գովասանք է ստանում նա, ով կարեկցում է այլոց թշվառությանը, որովհետև գործադրում է սիրո իր պարտքը, իրական կարեկցանքն, այնուամենայնիվ, կնախընտրեր, որ գոյություն չունենային տառապանքի պատճառները: Միմիայն եթե գոյություն ունենար մի չար բարություն, – ինչը որ անհնարին է, – կկարողանար նաև փափագել, – նա, ով իր մեջ սնում է իրական ու անկեղծ կարեկցանքի զգացումներ, – տառապողների գոյությունը՝ նրանց հանդեպ կարեկցանք գործադրելու համար: Հնարավոր է, հետևաբար, որոշ պարագաներում վավերացնել վիշտը, բայց երբե՛ք՝ սիրել: Դու, Տե՜ր Աստված, որ սիրում ես հոգիներին, նրանց հանդեպ տածում ես մեր զգացումներից անսահմանորեն ավելի մաքուր ու անապական զգացումներ՝ գթության ու ողորմության, որովհետև ոչ մի վիշտ չի խոցում Քեզ: Բայց ո՞վ է այդքանի ունակ[7]:

 

Զգացումների փնտրտուքը

- 4. Ես՝ թշվառս, այն ժամանակ սիրում էի տառապելը և տառապանքի առիթներ էի փնտրում իմ համար: Ուրիշների վշտակրությունների մեջ, նաև երբ խոսքը վերաբերվում էր խեղկատակի ձևական վշտերին, կեղծ կատակերգու դերասանի խոսքերն ու շարժումները ինձ հաճելի էին լինում, և այնքան ավելի սաստկությամբ էին ինձ հրապուրում, որքան ավելի արցունքներ էին խլում աչքերիցս։ Եվ զարմանալի չէ, որ տարաբախտ ոչխարս, հոտերիցդ հեռու մոլորված և չհանդուրժող Քո հսկողությանը[8], չարչրկվում էի ահավոր քոսոտությամբ[9]: Այստեղից էր ծնվում վշտի հանդեպ սերս. ո՛չ այնպիսին, որ կարող լիներ անջնջելի քանդակվել հոգուս խորքում, քանի որ չէի սիրում ենթարկվել այն վշտերին, որոնք սիրում էի դիտել. այլ՝ այնպիսին, որն – այսպես ասած – քորում էր մաշկս, երբ լսում ու տեսնում էի այդ ներկայացումները։ Եվ ինչպես որ պատահում է եղունգներով ճանկռտելու դեպքում, հետևում էին այրող ուռեցքներ, վարակումներ և մի ահավոր նեխվածություն: Բայց այդ կյանքը կյա՞նք էր, Աստվա՜ծ իմ:

 

Աստծո ողորմությունը

3. 5. Ողորմությունդ, սակայն, հավատարմորեն սավառնում էր չորս կողմս, որոշ հեռավորության վրա: Քանի՜ անօրենությունների մեջ՝ մինչև նեխվածության աստիճան չապականեցի հոգիս: Լքեցի Քեզ, հետևելու համար մի սրբապիղծ հետաքրքրասիրության, որը գահավիժելու էր ինձ անապահով վիհերն ի վար և դևերի ստապատիր պաշտամունքի մեջ. դևեր, որոնց իբրև զոհ՝ մատուցում էի ոճիրներս[10]: Իսկ Դու, մինչ այդ, չէիր դադարեցնում մտրակի հարվածներդ[11]: Մինչև իսկ համարձակվեցի տոնակատարություններիդ բազմամարդ ծիսակատարությունների ժամանակ, եկեղեցուդ պատերի ներսում հղանալ անմաքուր ցանկություններ, և ավազակային հնարամտություններ հորինել՝ մահացու պտուղներ քաղելու համար[12]: Այդ իսկ պատճառով, սաստիկ պատժեցիր ինձ: Բայց պատիժներդ ոչինչ էին հանցանքներիս համեմատ, ո՜վ անպարփակ ողորմություն իմ, Աստվա՜ծ իմ, ապաստա՜ն իմ[13] սարսափելի վտանգներից, որոնց մեջ թափառում էի հավակնոտությամբ, վեր ցցած քթով, միշտ ավելի հեռանալով Քեզնից, սիրահարված իմ, ո՛չ թե Քո ճանապարհներին, սիրահարված իմ՝ փախստականիս ազատությանը:

 

Դասընկերների անկարգությունները

- 6. Նաև ազնվագույն ուսումների ընթացքը – ինչպես դրանք անվանվում էին – ավարտվում էր կռվազան հրապարակի մեջ, այսինքն՝ դրանք իրենց որպես նպատակ ունեին ինձ փայլուն դարձնելը, այնտեղ՝ ուր այնքան ավելի գովասանքներ ես ընդունում, որքան ավելի խաբեբա ես: Մարդկանց կուրությունն այնքան մեծ է, որ մինչև իսկ իրենց կուրության համար պարծենում են: Այլևս առաջինն էի պերճախոսության դպրոցում և դրա համար լի էի մի գոռոզ ուրախությամբ, ուռում փքվում էի, թեև իրականում շատ ավելի հանդարտ էի – Տե՜ր, Դու գիտես[14] – և իսկապես հեռու էի մնում «կարգուկանոնը խռովողների» հարուցած անկարգություններից. մի ձախավեր ու դիվային մականուն, որը, սակայն, հավասարազոր է լավորակ դաստիարակության պատվանշանի՝ նրանց համար, որոնց հետ ապրում էի: Անամոթությանս մեջ, հետևաբար, դեռ մի քիչ ամոթ ունեի, որովհետև նրանց պես չէի: Զրուցում էի նրանց հետ, ինձ երբեմն հաճելի էր նրանց ընկերությունը, բայց նրանց ձեռնարկներն անախորժ էին ինձ միշտ, անիրավությունները, որոնցով հոխորտությամբ հալածում էին նորեկների երկչոտությունը և նրանց սարսափեցնում էին իրենց ծաղրանքներով՝ ո՛չ ա՛յլ նպատակով, եթե ո՛չ՝ պարզապես հագուրդ տալու համար իրենց չարասիրտ զվարթությանը: Ուրիշ ոչինչ ավելի նման չէ դևերի վարքին, ուստի չէին կարող առավել ճշգրիտ որակավորում ստանալ, քան «կարգուկանոնը խռովողներ», նախևառաջ իրենք իսկ խռովվածներ ու խանգարվածներ – ինչպիսին որ իսկապես էին – ծաղրող ոգիներից, որոնք ծածուկ կերպով ծաղրում ու հմայում էին նրանց հե՛նց այն ժամանակ, երբ իրենք վայելում էին ուրիշների ուղղված ծաղրանքն ու նվաստացումները:

[1] Հմմտ. Իմս 14, 11
[2] Հմմտ. Սղմ 59, 18
[3] Հմմտ. Գղտ 5, 20
[4] Հմմտ. Սղմ 2, 9
[5] Հմմտ. Ես 34, 9
[6] Հմմտ. Դն 3, 52.54...
[7] 2Կր 2, 16
[8] Հմմտ. Մտթ 18, 12; Ղկս 15, 4; Սղմ 118, 176; 1Պտ 2, 25
[9] Հմմտ. Ղևտ 22, 22
[10] Հմմտ. 2Օր 32, 17; 1Կր 10, 20
[11] Հմմտ. Սղմ 72, 14
[12] Հմմտ. Հռմ 7, 5
[13] Սղմ 58, 18; 143, 2
[14] Տբթ 8, 9; Հվհ 21, 15
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։