Ուսման առաջին տպավորությունները – Գրադարան – Mashtoz.org

Ուսման առաջին տպավորությունները

Կիկերոնի Հոռթենսիուսի ընթերցումը

4. 7. Այսպիսի ընկերության մեջ է, որ անցկացրեցի տակավին դողդոջուն այդ տարիքս, սերտելով պերճախոսության դասերը: Այդ ասպարեզում կամենում էի երևալ, զանազանվել, մի պախարակելի ու դատարկ նպատակի համար, ինչպիսին որ է մարդկային ունայնամտությանը գոհացում տալը։ Եվ հենց ուսումների բնականոն ընթացքն էր, որ ինձ առաջնորդեց դեպի գիրքը մի ոմն Կիկերոնի, ով շատերի կողմից հիացմունքի է արժանանում ավելի լեզվի, ո՛չ նույնքան՝ սրտի համար: Իր այդ գիրքը մղում է սիրելու փիլիսոփայությունը և կոչվում է «Հոռթենսիուս»: Այդ գիրքը, պետք է ընդունեմ դա, փոխեց աշխարհայացքս, փոխեց աղոթքներն իսկ, որ ուղղում էի Քեզ, Տե՜ր, նոր իղձեր և նոր փափագներ արթնացրեց իմ մեջ, մի ակնթարթում աչքերիս առջևից հեռացրեց բոլոր ունայն հույսերը և ինձ փափագել տվեց անմահ իմաստությունը՝ սրտի անհավատալի եռանդով: Այդպես սկսում էի ոտքի կանգնել՝ դեպի Քեզ վերադառնալու համար[1]: Այն այլևս չէի ընթերցում լեզուս նրբացնելու նպատակով, պտուղի համար, այսինքն, որ երևութապես ստանում էի մորս փողերով. այդ ժամանակ տասնութ տարեկան էի և հայրս արդեն երկու տարի է, ինչ մահացել էր. ուրեմն, ասում էի, որ այլևս լեզուս նրբացնելու համար չէ, որ կարդում էի այդ գիրքը, որ նվաճել էր ինձ ո՛չ թե ներկայացնելու ոճով, այլ՝ նրանով, ինչը որ ներկայացնում էր:

- 8. Ինչպե՜ս էի բուռն կերպով փափագում, Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս էի բուռն կերպով փափագում վեր բարձրանալ երկրային իրողություններից, ճախրել դեպի Քեզ, թեև անգիտանում էի, թե ի՛նչ էիր կամենում դարձնել ինձ: Իմաստությունը Քո մոտ է[2], բայց իմաստության հանդեպ սերն ունի մի հունական անուն. «ֆիլոսոֆի՛ա»: Նրա կրակով էի հրդեհվում այդ ընթերցանության ժամանակ: Ոմանք մարդկանց խաբում են փիլիսոփայության միջոցով, այդ մեծ, հմայիչ ու ազնվազարմ անվան ներքո գունավորելով ու ծպտելով իրենց սխալները: Լա՛վ ուրեմն. գրեթե բոլոր նրանք, ովքեր – լինի իր ժամանակներում, թե իրենից առաջ – վարվել են այդ կերպ, մատնանշված ու պախարակված են այդ գրքում: Այդպիսով, նրանում որոշ կերպով արտահայտված է այն փրկարար զգուշացումը, որ տվեց մեզ Հոգիդ, բարի ու հավատարիմ ծառայիդ բերանով. «Զգո՛ւյշ եղեք, որ ոչ ոք չխաբի ձեզ փիլիսոփայության և ունայն շատախոսության միջոցով, որոնք ըստ մարդկանց ավանդության են, ըստ այս աշխարհի սկզբունքների, բայց ո՛չ ըստ Քրիստոսի, որովհետև Քրիստոսի մեջ է մարմնապես բնակվում Աստվածության ողջ լիությունը»[3]: Այնժամ – Դու այդ գիտես[4], ո՜վ լույս իմ մտքի – ես տակավին անգիտանում էի Առաքյալի այս խոսքերը։ Եվ սակայն, փիլիսոփայությունը սիրելու հորդորող այդ գրքում միայն մի բան արդեն բավական էր ինձ հմայելու համար. նրա խոսքերն ինձ խթանում էին, բորբոքում, հրդեհում՝ սիրելու, փնտրելու, հետևելու, հասնելու, մեծ եռանդով փարվելու ո՛չ թե փիլիսոփայական այս կամ այն դպրոցին, այլ՝ իմաստությանն ինքն իր մեջ և ինքն իր համար, այնտեղ՝ ո՛ւր որ գտնվում է: Այսպիսով, այդքա՜ն մեծ հրդեհման մեջ, միայն մի բան էր սահմանափակում եռանդս. նրա էջերում Քրիստոսի Անվան բացակայությունը: Այդ Անունը, ըստ Քո ողորմության, Տե՜ր[5], Անունն իմ Փրկչի, Քո Որդու, դեռ մատղաշ սիրտս մայրական կաթի հետ բարեպաշտությամբ ծծել էր և պահում էր իր խորքում: Այնպես, որ եթե մի գիրք նրանից զուրկ էր, թեև լիներ բանիմաց և վայելուչ և ճշմարտախոս, չէր կարողանում նվաճել ինձ ամբողջովին:

 

Հուսախաբ հանդիպումն Աստվածաշնչի հետ

5. 9. Հետևաբար, որոշեցի ուշադրությունս կենտրոնացնել Սուրբ Գրվածքների վրա, տեսնելու համար, թե ինչպե՛ս էին։ Եվ ահա՛, թե ի՛նչ տեսա. մի մութ առարկա՝ հպարտների համար, և ո՛չ նվազ ծածուկ՝ մանուկների համար[6]. մի ցածլիկ մուտք, ապա՝ խորհուրդներով քողարկված մի վեհ արահետ: Ես ընդունակ չէի մուտքը հաղթահարելու, կամ վիզս խոնարհելու՝ նրանով անցնելու համար[7]: Զգացումներս, իրոք, այն ժամանակ, երբ դրանք զգում էի, նույնը չէին, ինչ այժմ, երբ խոսում եմ: Ավելի շատ, տպավորությունն ունեցա մի գործի, որն անարժան էր համեմատվելու թուլլյան[8] վեհության հետ: Փքուն հպարտությունս խորշում էր նրա համեստությունից, տեսողությունս չէր թափանցում նրա մեկուսի սենյակներից ներս[9]: Այդ գիրքը փոքրերի հետ աճելու համար է. բայց ես չէի կամենում փոքրացնել ինձ[10], և սնապարծությամբ փքուն լինելուս պատճառով՝ համարում էի ինձ մեծ:

[1] Հմմտ. Ղկս 15, 18.20
[2] Հոբ 12, 13.16
[3] Կղս 2, 8...
[4] Տբթ 3, 16; 8, 9; Սղմ 68, 6; Հվհ 21, 15...
[5] Սղմ 24, 7
[6] Հմմտ. Հկբ 4, 6; 1Պտ 5, 5
[7] Այսպես է Օգոստինոսն արտահայտվում Սաղմոսների իր Մեկնության մեջ. «Կաթնակեր մանուկների բերանով, առանց խոսքերի հնչման գովասանք ընդունեցիր, այնպես, որ Սուրբ Գրքիդ հանդեպ հավատքից մեկներ ամեն ոք, ով կամենում է հասնել Սուրբ Գրքից իսկ գերիվեր մեծվայելչությանդ ճանաչողությանը, որովհետև վերջինս վերանցական ու գերազանց է որևէ հանդիսավորության համեմատ: Այս իսկ պատճառով, Աստված խոնարհեց Սուրբ Գիրքը մինչև կարողությունները կաթնակեր անխոս մանկանց» (Սաղմոսների մեկնություն, 8. 8):
[8] Այսինքն՝ կիկերոնյան (Կիկերոնի Թուլլիուս անունից)։ Լատիներեն բնագրում. « ... indigna, quam Tullianae dignitati compararem »։
[9] Հմմտ. Առկ 7, 27
[10] Հմմտ. Մտթ 18, 3
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։