Հարումը մանիքեականությանը – Գրադարան – Mashtoz.org

Հարումը մանիքեականությանը

Ճշմարտությունը և ստությունը

6. 10. Այսպիսով, հարեցի չափազանցության աստիճան գոռոզամիտ ու զառանցող, մարմնապաշտ ու լեզվագար մարդկանց: Նրանց բերաններում թաքնված էին սատանայի որոգայթները[1] և որպես թակարդ ծառայող մի սոսինձ, որը պատրաստել էին՝ միմյանց խառնելով Քո, Տեր Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու՝ մեր Մխիթարչի անունների վանկերը: Այս անունները շարունակ նրանց շուրթերի վրա էին, բայց որպես պարզ հնչյուն և լեզվի տատանում, իսկ նրանց սրտերը դատարկ էին ճշմարտությունից: Կրկնում էին «ճշմարտությո՜ւն, ճշմարտությո՜ւն», և դրա շուրջ երկարատև խոսում էին իմ հետ, և սակայն երբեք չունեին այն, և կեղծիքներ էին ասում ո՛չ միայն Քո մասին, որ իրական Ճշմարտությունն ես, այլ նաև՝ այս աշխարհի սկզբի մասին, որը Դու ես ստեղծել. մի հարց, որի վերաբերյալ պետք է որ գերազանցեի փիլիսոփաներին՝ նաև երբ ասում էին ճշմարիտը[2], հանուն Քո սիրո, Հա՜յր իմ գերագույն բարի, գեղեցկությո՜ւն բոլոր գեղեցկությունների: Ո՜վ Ճշմարտություն, Ճշմարտությո՜ւն, ինչպե՜ս էի արդեն այն ժամանակ սրտիս ամենածածուկ խորքերից հառաչում դեպի Քեզ, մինչ այդ մարդիկ հաճախ և զանազան եղանակներով խլացնում էին ինձ Անվանդ սոսկ հնչմամբ և բազմությամբ իրենց ծանր հատորների: Անոթների մեջ, որոնք հրամցվում էին Քո հանդեպ ունեցածս քաղցին, Քո փոխարեն ներկայացվում էին ինձ արևն ու լուսինը՝ Քո արարածները, որոնք այո՛ գեղեցիկ են, բայց միշտ Քո արարածներն են, ո՛չ՝ Դու Ինքդ: Ավելին. և ո՛չ իսկ Քո առաջին արարածներն են, որովհետև դրանց նախորդում են հոգևոր արարածները, քանի որ արևն ու լուսինը նյութական են, թեև լուսավոր են ու երկնային: Բայց ես և ո՛չ իսկ Քո առաջին արարածների, այլ՝ միմիայն Քո, Քո՝ Ճշմարտությո՜ւն, որ ենթակա չես փոփոխման և ո՛չ էլ փոփոխման ստվերի[3], քաղցն ու ծարավն ունեի[4]։ Եվ սակայն, այդ սկուտեղների վրա տակավին հրամցվում էին ինձ ակնթարթ միայն փայլող ու անհետացող ստվերներ: Մի՞թե ավելի լավ չէր լինի, եթե սերս ուղղեի դեպի իրական արևը, իրական՝ գեթ այս աչքերի համար, քան թե այն ստապատիրներին, որոնք աչքերի միջոցով խաբում էին հոգին: Բայց ես կլանում էի դրանք, որովհետև կարծում էի, թե Դու ես, բայց առանց գոհունակության, որովհետև բերանումս չունեիր Քո իրական համը, քանի որ Դու չէիր այդ անիմաստ կեղծիքները, և առանց սնունդ ստանալու, ընդհակառակը՝ ենթարկվելով միշտ ավելի մեծ ուժասպառության: Համանման կերպով, երազների կերակուրներն ամբողջովին նման են արթուն ժամանակվա կերակուրներին, բայց քնի մեջ ընդարմացածները չեն սնվում, որովհետև քնած են: Բայց կերակուրները, որ այն ժամանակ հրամցվում էին ինձ, ոչնչով նման չէին Քեզ, ինչպես որ ճանաչում եմ Քեզ այժմ, որ խոսեցիր ինձ: Նյութական պատրանքներ էին, կեղծ մարմիններ: Ավելի իրական են այս ճշմարիտ մարմինները, որոնք մարմնի աչքերով տեսնում ենք երկնքում և երկրի վրա, որոնք տեսնում ենք՝ ինչպես կենդանիներն ու թռչուններն են դրանք տեսնում, և որոնք առավել իրական են, քան երբ դրանք երևակայում ենք: Բայց նաև երևակայելով տեսնում ենք դրանք առավել իրական կերպով, քան երբ դրանցից մեկնելով ենթադրում ենք ուրիշ ավելի մեծեր ու անսահմանափակներ, որ երբեք գոյություն չեն ունեցել, ինչպես այն ունայնությունը, որի մեջ այն ժամանակ հովվում էի ինձ՝ առանց հովվելու: Բայց Դու, Սե՜ր իմ, որի վրա եմ հենվում՝ հզոր լինելու համար[5], այդ մարմինները չես, որոնք տեսնում ենք երկնքում, և ո՛չ էլ այն մարմիններն ես, որոնք այնտեղ չենք տեսնում, որովհետև դրանք արդյունքն են Քո արարչության: Քեզ չենք տեսնում և ո՛չ իսկ Քո հաստատած կարգի գագաթնակետում: Որքա՜ն հեռու ես իմ այն ժամանակվա երևակայություններից, երևակայություններ, որ իրենց մեջ չունեն իրականության ո՛չ մի նշույլ: Դրանցից առավել իրական են գոյություն ունեցող մարմինների պատկերացումները, իսկ սրանցից առավել իրական են նույն մարմինները, որոնք սակայն Դու չես: Բայց Դու և ո՛չ իսկ հոգին ես, որ մարմինների կյանքն է, և մարմինների կյանքն անկասկած ավելի բարձր ու իրական է, քան մարմինները: Դու հոգիների կյանքն ես, կյանքերի կյանքը, որ ապրում ես միմիայն Քո զորությամբ, առանց երբևէ փոփոխվելու[6], ո՜վ կյանք իմ հոգու[7]:

- 11. Որտե՞ղ էիր, ուրեմն, այն ժամանակ, և որքա՞ն հեռու էիր ինձնից: Ես Քեզնից հեռու թափառում էի, զրկված մինչև իսկ խոզերին նետվող կաղիններից. ես, որ կաղիններով էի սնուցում անձս[8]: Քանի՜ցս նախընտրելի են դպրոցի վարժապետներիս և բանաստեղծների հեքիաթները, քան այդ թակարդները: Հանգերը, բանաստեղծությունը, Մեդեան, որ թռչում է, անշուշտ շա՜տ ու շա՜տ ավելի օգտակար են, քան այն հինգ տարրերը, որ զանազան կերպերով դարձել էին խավարի հինգ անձավները. զուտ հորինվածքներ, որ սակայն սպանում են յուրաքանչյուրին, ով իրենց ընծայում է հավատք[9]: Հանգերից, բանաստեղծությունից կարող եմ ստանալ նաև իրական սնունդ: Եթե այն ժամանակ արտասանում էի Մեդեայի պատմությունը, որ թռչում է, այն չէի հռչակում իրական, ինչպես որ իրական չէի համարում, երբ ես ինքս էի լսում։ Եվ սակայն, այն մյուսներին հավատացի, ի դժբախտություն իմ: Այդ աստիճաններն ի վար՝ քաշքշվեցի մինչև դժոխային անդունդները[10], տենդատառապ, ճշմարտության պապակից չարչրկված, մինչ, Աստվա՜ծ իմ, խոստովանում եմ Քո առաջ, որ ողորմեցիր ինձ, երբ տակավին չէի խոստովանում Քեզ, մինչ փնտրում էի Քեզ ո՛չ թե մտքի ճանաչողական կարողություններիս օգնությամբ, որով կամեցար զանազանել ինձ անասուններից, այլ՝ մարմնի զգայարաններով: Իսկ Դու ներաշխարհիս ամենախորը խորքերից էլ ավելի խորն էիր, և ավելի բարձր, քան իմ ամենաբարձր բարձունքը: Հանդիպեցի այն անմիտ և իմաստությունից զուրկ կնոջը[11], որը Սողոմոնի առակում նստած է դռան մոտ, աթոռակի վրա, և ասում է. «Ճաշակեցե՜ք գաղտնի հացերը և վայելեցե՜ք գողացված ջուրը, որ այնքա՜ն քաղցր է»[12]: Նա խաբեց ինձ, որովհետև գտավ ինձ դրսում, նստած՝ մարմնիս աչքերի մեջ, մինչ ինքս իմ մեջ որոճում էի այն իրողությունները, որ կլանել էի այդ ճանապարհով:

 

Մանիքեական բանավեճերը

7. 12. Անգիտանալով, իրոք, մյուս իրականությունը, ճշմարիտը, մղվում էի վավերացնելու իմ տխմար խաբեբաների նրբամիտ թվացող առարկությունները, երբ ինձնից հարցնում էին, թե ինչպե՞ս է առաջացել չարը, թե արդյո՞ք Աստված պարագրված է մարմնեղեն կերպարանքով և կամ ունի՞ մազեր ու եղունգներ, թե արդյո՞ք հնարավոր է արդար համարել մեկին, ով միաժամանակ ունի բազում կանայք, սպանում է մարդիկ և զոհաբերում կենդանիներ[13]: Ես, այդ բնագավառում տգետ, դրանցից տպավորված էի մնում: Մինչ հեռանում էի ճշմարտությունից, կարծում էի, թե քայլում եմ դեպի այն, առանց իմանալու, որ չարիքն ա՛յլ բան չէ, եթե ո՛չ միայն՝ բարու բացակայությունը մինչև բացարձակ ոչնչություն: Որտե՞ղ, ի միջի այլոց, կարող էի տեսնել ճշմարտությունը, եթե աչքերս չէին տեսնում մարմիններից, իսկ միտքս՝ պատրանքներից այն կողմ։ Եվ չէի իմանում, որ Աստված հոգի է[14], և ո՛չ թե երկարությամբ ու լայնությամբ ու զանգվածով տարածված անդամներով օժտված էակ: Որովհետև որևիցէ զանգվածի մասերը միշտ փոքր են ամբողջից, և եթե նույնիսկ զանգվածը լինի անսահմանափակ, որոշակի տարածքի մեջ սահմանափակված մասերում նվազ է, քան անսահմանափակ ամբողջության մեջ, և ո՛չ էլ զանգվածն ամենուր ներկա է ամբողջությամբ, ինչպես հոգին, ինչպես Աստված: Իսկ այն, որի շնորհիվ ենք և Աստվածաշնչում ամենայն արդարացիությամբ կոչվում ենք Աստծո պատկերով ստեղծված[15], բացարձակ կերպով անգիտանում էի:

 

Բարոյականության զարգացումը

- 13. Չէի ճանաչում և ո՛չ իսկ ճշմարիտ արդարությունը, ներքինը, որ չի դատում սովորույթների հիմքի վրա, այլ՝ հիմնվում է ամենակալ Աստծո ուղղագույն օրենքի վրա, որին պետք է համաձայնեցվեն երկրների ու ժամանակների սովորույթները, երկիր առ երկիր, ժամանակ առ ժամանակ, մինչ ինքն անփոփոխ է յուրաքանչյուր երկրում և յուրաքանչյուր ժամանակաշրջանում, տարբեր չէ տարբեր վայրերում, ո՛չ էլ տարբեր կերպերով է հաստատված տարբեր պարագաներում: Որի համաձայն արդար էին Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Մովսեսը, Դավիթը և Աստծուց գովված մյուս բոլոր մարդիկ, որոնք անարդար են հռչակվում անպատիվ տգետների կողմից, որոնք դատում են մարդկային օրվա համաձայն[16] և մարդկության ամբողջ պատմության հանգրվանների սովորույթները չափում են ըստ իրենց մասնակի սովորույթների: Այսպես կվարվեր նա, ով զինարվեստի ասպարեզում հմուտ չլինելով հանդերձ, չիմանալով, թե հանդերձանքի յուրաքանչյուր կտորը մարմնի ո՛ր մասի համար է նախատեսված, կկամենար գլուխը ծածկել կրկնակոշիկով, իսկ ոտքերին հագնել սաղավարտը, տրտնջալով, թե ինչո՞ւ չեն հարմարվում։ Եվ կամ մի օր, որ տոնական է հայտարարված կեսօրից սկսած, մեկը զայրանար, թե ինչո՞ւ չեն թույլատրում շարունակել վաճառքը, մինչ առավոտյան թույլատրված էր: Կամ էլ՝ տեսնելով, որ մեկ միևնույն տան մեջ ծառաներից մեկը գործածում է մի առարկա, որին հպվել անգամ արգելված է մատռվակին, կամ՝ ագարակի ետևում կատարվում են որոշ բաներ, որոնք սեղանի շուրջ արգելված են, բարկանար, որովհետև նույնը լինելով տունը և նույնը լինելով ծառայությունը, այնուամենայնիվ ամենուր և ամենքին շնորհված չեն միևնույն հատկությունները: Տարբեր կերպով չեն վարվում նրանք, ովքեր զայրանում են՝ լսելով, որ հին դարերում արդարներին թույլատրված էին որոշ արարքներ, որոնք մեր ժամանակներում թույլատրված չեն արդարներին. և թե ինչպե՛ս Աստված տարբեր պատվիրաններ տվեց այդ մարդկանց և մեր ժամանակակիցներին, պարագայական պատճառներից մեկնելով, մինչ և՛ առաջինները, և՛ երկրորդները հնազանդվում են միևնույն արդարությանը: Ուրեմն չե՞ն տեսնում, թե ինչպե՛ս միևնույն անձի մեջ, միևնույն օրվա ընթացքում, միևնույն շենքում, անդամներից մեկին վայելում է մի բան, մյուսներին՝ ա՛յլ բաներ. և թե ինչպե՛ս շատ ժամանակվանից ի վեր օրինավոր նկատված մի բան մեկ ժամ հետո այլևս օրինավոր չէ, մի անկյունում թույլատրված կամ հրամայված բանն արգելված կամ պատժված է այս մյուսում, թեև միմյանց այսքան մոտ են: Մի՞թե պետք է ասենք, թե արդարությունը տարբեր է և փոփոխական[17]: Ո՛չ, այլ՝ իրենով կանոնավորվող ժամանակն է, որ չի ընթանում միշտ նույն քայլքով. սրա համար է արդեն կոչվում ժամանակ: Արդ, մարդիկ, որոնց կյանքը կարճատև է երկրի վրա[18], անընդունակ՝ միմյանց հետ իմաստությամբ հարաբերելու անցյալ դարերում և զանազան ազգերի մոտ վավերական համարված պատճառները, որոնց վերաբերյալ փորձառություն չունեն, նրանց հետ, որոնց վերաբերյալ փորձառություն ունեն. ընդունակ, ընդհակառակն, պատրաստակամությամբ տեսնելու մեկ մարմնի մեջ, մեկ օրվա ընթացքում, մեկ տան մեջ այն, ինչը որ վայելում է անդամներից մեկին, որոշակի պահի, որոշակի վայրի կամ անձի. առաջին դեպքում խորշում են, երկրորդում՝ ենթարկվում:

- 14. Ես ինքս այն ժամանակ անգիտանում էի այս ճշմարտությունները և չէի ըմբռնում: Ամեն կողմից սրասլաք նետահարում էին աչքերս, բայց չէի տեսնում: Ինչ որ մի բանաստեղծություն արտասանելիս ինձ թույլատրված չէր տաղաչափ որևէ ոտք տեղադրել պատահական որևէ կետում, այլ՝ պարտավոր էի տարբեր ոտքեր գործածել՝ տարբեր չափերի համաձայն, ինչպես նաև միևնույն ոտանավորի մեջ՝ ո՛չ միշտ միևնույն ոտքը: Այնուամենայնիվ, արվեստը, որ կանոնավորում էր իմ արտասանությունը, զանազան կետերում չէր հետևում զանազան սկզբունքների, այլ՝ ներկայանում էր որպես մի միասնական համակարգ: Չէի նկատում, սակայն, որ արդարությունը նույնպես, որին հնազանդվում էին լավ և սուրբ մարդիկ, իրենից ներկայացնում էր պատվիրանների մի միասնական համակարգ, առավել գերազանց ու վսեմ ասպարեզում: Չէի նկատում, որ անփոփոխ լինելով իր բոլոր մասերի մեջ, իր պատվիրանները բոլորը միասին և միաժամանակ չի առաջարկում և ո՛չ էլ պարտադրում զանազան ժամանակներում, այլ՝ միայն այն պատվիրանները, որոնք հատուկ են ժամանակաշրջաններից յուրաքանչյուրին։ Եվ կուրությանս մեջ՝ հանդիմանում էի բարեպաշտ նահապետներին ո՛չ միայն որովհետև իրենց ներկայի մեջ վարվել էին Աստծո հրամանների ու ներշնչումների համաձայն, այլ նաև՝ որովհետև կանխավ ավետարանել էին ապագան, Նրանից ստացած հայտնությունների համաձայն:

 

Բնության օրենքի հաստատությունը և պատշաճությունների զանազանությունը

8. 15. Կա՞ միթե մի ժամանակ կամ մի վայր, որում անարդար լինի Աստծուն ողջ սրտով, ողջ հոգիով, ողջ մտքով, իսկ մերձավորին՝ սեփական անձի պես սիրելը[19]: Ուրեմն, ամենուր և միշտ, նախևառաջ հարկավոր է պախարակել և պատժել բնությանը հակառակ մոլությունները, օրինակի համար՝ սոդոմականների մոլությունը, որը, եթե երկրի բոլոր ժողովուրդներն էլ կիրառեին, իրենց հանցանքի համար՝ աստվածային օրենքը բոլորին էլ կպատժեր միևնույն դատավճռով, որովհետև մարդկանց չի ստեղծել իրենք իրենց այդ կերպ գործածելու համար: Իրոք, այլասերված կրքով մարդկային բնության վարակումը խզումն է այն կապի, որ պետք է գոյություն ունենա մեր և Աստծո միջև. բնություն, որի Արարիչն է Նա: Իսկ ինչ վերաբերվում է արարքներին, որոնք նկատվում են մոլի, որովհետև հակառակվում են մարդկային սովորույթներին, դրանցից հարկավոր է խուսափել՝ հարմարվելով սովորույթների զանազանությանը, քաղաքացի կամ օտարական անհատի քմահաճ ցանկության պատճառով չխախտելու համար այն դաշինքը, որը սովորույթի կամ օրենքի կողմից հաստատված է տվյալ քաղաքի կամ երկրի բնակիչների միջև: Իրոք, մասերից որևէ մեկի տարաձայնությունը ամբողջի հետ՝ տձևություն է և թերի կազմակերպվածություն: Բայց երբ Աստված Ինքն է, որ տալիս է մի հրաման՝ հակառակ որևէ սովորության կամ դաշինքի, հարկավոր է կիրառել այն, նույնիսկ եթե տվյալ վայրում երբեք չի կիրառվել. իսկ եթե զանց է առնվել, պետք է վերականգնել. եթե չի հաստատվել, հարկ է հաստատել: Մի թագավոր, իր թագավորությանը պատկանող քաղաքներում իրավասու է տալու այնպիսի հրամաններ, որոնք իրենից առաջ ոչ ոք չէր տվել, և ոչ էլ ինքն էր տվել դրանից առաջ: Այդ հրամաններին հնազանդվելն, ապա, քաղաքն անսասան պահող ավանդությանը հակառակ չէ, ընդհակառակը՝ ավանդությանը հակառակ կլիներ չհնազանդվելը, քանի որ մարդկային որևէ հասարակություն անսասան պահող դաշինքն ու ավանդությունը սեփական թագավորին հնազանդվելն է: Որքա՜ն ևս առավել առանց երկմտանքի հարկավոր է ծառայել Աստծուն, ամբողջ արարչության Թագավորին, երբ հրամայում է: Ինչպես մարդկային հասարակության իշխանությունների և պաշտոնների շարքում ավագը նախորդում է կրտսերին, այն բոլոր հարցերում, որ վերաբերվում են հնազանդության պարտականությանը, այնպես էլ՝ Աստված նախորդում է բոլորին:

- 16. Միևնույն նկատառումները վերաբերվում են նաև մերձավորին հասցված վիրավորանքներին, որոնց դեպքում գործում է անարգանք կամ նյութական վնաս հասցնելու ցանկությունը, և երկու պարագաներում էլ՝ կա՛մ վրեժխնդրության համար, ինչպես տեղի է ունենում թշնամիների միջև, կա՛մ ուրիշի ունեցվածքին տիրանալու համար, ինչպես տեղի է ունենում գողության դեպքում, հարձակվելով ճամփորդների վրա, կա՛մ ինչ որ մի վնասից խուսափելու համար, ինչպես տեղի է ունենում ահազդու մարդկանց պատճառով, կա՛մ նախանձից մղված, ինչպես տեղի է ունենում ամենաաղքատին, իրենից առավել բախտավորների նկատմամբ, կա՛մ էլ ինչ որ մի բանի մեջ հաջողություն գտած մեկին, որ վախենում է իրեն հավասարն ունենալուց և հառաչում է։ Եվ կամ պարզապես ուրիշներին պատահող չարիքներից հաճույք ստանալու համար, ինչպես պատահում է գլադիատորական մենամարտների հանդիսատեսներին, կամ նրանց, ովքեր ծաղրում են իրենց մերձավորներին ու ծիծաղում նրանց վրա: Ահա՛ սրանք են անարդարության երեք աղբյուրները, որ բխում են իշխանության, հետաքրքրության և զգայարանների ցանկասիրությունից[20]: Երբեմն մեկից, երբեմն երկուսից, երբեմն էլ երեքից միաժամանակ: Այդպես վարվելով՝ մարդն ապրում է չարիքի մեջ, ընդդեմ առաջին երեք և մյուս յոթը պատվիրանների, ընդդեմ տասնալարյան տավղի[21], տասը պատվիրաններիդ, Աստված բարձրյա՜լ և քաղցրագույն: Մոլություններից որո՞նք, մինչդեռ, կարող են հասնել Քեզ հպվելու, որ ենթակա չես ապականությանը, կամ ոճիրներից որո՞նք կարող են վնասել Քեզ, Ում ոչ ոք չի կարող վնասել: Դու պատժում ես հանցանքները, որոնք մարդիկ գործում են ի վնաս իրենց: Նրանք, նաև երբ մեղանչում են Քո դեմ, անգթորեն գործում են իրենց իսկ հոգու դեմ, և իրենց ամբարշտությունը սխալվում է[22], օրինավորը անվայել կերպով գործածելով կամ բնությանը հակառակ գործածության համար[23] ապօրինին տենչալով՝ փչացնելով ու այլասերելով իրենց բնությունը, որ ստեղծվել և կանոնավորվել է Քո կողմից: Իրենց սրտերում հանցապարտ են նաև բոլոր նրանք, ովքեր ապստամբում են Քո դեմ և փորձում են խթանիդ դեմ աքացել[24], կամ հաճույք են զգում՝ հանդգնորեն խախտելով մարդկային հասարակության պարիսպները անհատական կուսակցություններով ու հափշտակություններով, ըստ սեփական ճաշակների ու անօրենության: Այս ամենը տեղի է ունենում, երբ մեկը լքում է Քեզ, ո՜վ աղբյուր կյանքի[25], տիեզերքի միակ ճշմարիտ Արարիչ ու կարգավորիչ, անհատական հպարտության պատճառով սիրելով այդ տիեզերքի միայն մի մասը։ Եվ ահա՛ այսպես ենք վերադառնում Քեզ, խոնարհ բարեպաշտությամբ, և Դու մաքրում ես մեզ մեր չար սովորություններից, ներողամիտ՝ խոստովանված մեղքերի հանդեպ, հակված՝ ունկնդրելու հառաչանքները նրա, ում ոտքերը շղթայված են[26], ազատում ես մեզ թակարդներից, որոնք մենք ինքներս ենք մեր ճանապարհներին լարել, որպեսզի Քո դեմ այլևս չբարձրացնենք եղջյուրները[27] կեղծ ազատության՝ ավելիի տիրանալու անկշտությամբ, և ամեն բան կորցնելու վտանգով՝ մեր մասնակի բարիքի հանդեպ առավել մեծ սիրո պատճառով, քան սերը Քո հանդեպ, բարի՜ք ընդհանրական:

 

Մարդկային արարքների բարդությունը

9. 17. Բայց անձնական մոլությունների, մերձավորին հասցված բազում վնասների ու ոճիրների կողքին, գոյություն ունեն մեղքերը նրա, ով ընթանում է ուղիղ ճանապարհով. մեղքեր, որ պախարակվում են լավ դատավորների կողմից՝ ըստ կատարելության օրենքի, բայց նաև գնահատվում են՝ ապագա պտղի հույսով, ինչպես գնահատվում է բույսը՝ ցորենի համար: Գոյություն ունեն նաև որոշ արարքներ, որ նմանվում են մոլություններին կամ ոճիրներին, բայց այնուամենայնիվ՝ մեղքեր չեն, որովհետև չեն վշտացնում ո՛չ Քեզ, Տեր Աստված մեր, ո՛չ էլ մարդկային հասարակությանը: Այդպիսին է պարագան նրա, ով հայթայթում է ունեցվածքներ՝ իր կյանքի ընթացքում պատեհ ժամանակին գործածելու համար, բայց թերևս գործում է ընչաքաղցությունից մղված. կամ էլ պարագան է նրա, ով օրինավոր հեղինակություն ունենալով՝ պատժում է հանցագործին, ուղղելու համար, բայց թերևս գործում է վնասելու ցանկությամբ: Գոյություն ունեն, հետևաբար, բազում արարքներ, որոնք պախարակելի են թվում մարդկանց, մինչ վավերացված են Քո վկայության կողմից, և ուրիշներ, որոնք մարդիկ գովում են, իսկ Դու դատապարտում ես Քո վկայությամբ: Հաճախ միմյանցից տարբերվում են արարքի արտաքին տեսքը և արարքը գործողի դիտավորությունը, ինչպես նաև՝ մեր համար անհայտ պարագաների բարդությունը: Բայց եթե Դու անակնկալ հրամայում ես մի արարք, որ մինչ այդ չէր կիրառվում և չէր նախատեսվում, կամ ուղղակի Դու Ինքդ նախապես արգելել էիր դա, ո՞վ կարող է կասկածել այն գործադրելու պարտականության շուրջ, նույնիսկ եթե այդ պահին չես հայտնում տվյալ հրամանիդ պատճառը, թեև հակառակվում է մի խումբ մարդկանց հասարակական դաշինքին: Մարդկային միակ արդար հասարակությունն այն է, որ ծառայում է Քեզ: Երանի՜ նրանց, ովքեր ըմբռնում են, որ Քեզնից է բխում կարգուկանոնը, որովհետև ծառաներիդ արարքներից յուրաքանչյուրը կա՛մ իրագործում է այն, ինչ պահանջում է ներկան, կա՛մ կանխավ ավետարանում է, թե ինչպիսի՛ն է լինելու ապագան:

 

Մանիքեականների ծիծաղելի հավատալիքները

10. 18. Անգիտանալով այս ամենը, ծաղրում էի սուրբ ծառաներիդ ու մարգարեներիդ։ Եվ ի՞նչ էի ստանում ծաղրանքիս փոխարեն, եթե ո՛չ միայն՝ Քո ծաղրանքն իմ դեմ: Կամաց կամաց, բայց զգալի կերպով, թույլատրել էի ինձ հավատալ այդպիսի ապուշությունների. որ թուզը, երբ քաղվում է, սկսում է կաթնեղեն արցունքներով լալ, ինչպես նաև իր մայրը՝ բույսը. մինչդեռ, եթե այդ նույն թուզն ուտում է իրենց ընտրյալներից մեկը, անշո՜ւշտ ո՛չ թե իր, այլ՝ ուրիշ մեկի կողմից անգթորեն քաղված, նա այդ թզից իր աղիքներում շաղախում է, հրեշտակային աղոթքների ու հառաչանքների բխմամբ, – այս ի՜նչ եմ ասում, – ուղղակի Աստծո մասնիկներ, մասնիկներ գերագույն և ճշմարիտ Աստծո, որոնք բանտարկված կմնային պտղի մեջ, եթե իրենց ընտրյալների ատամներն ու աղիքները չազատեին նրանց[28]։ Եվ ես՝ թշվա՜ռս, հավատացի, թե առավել ողորմություն պետք է գործի դնել երկրի պտուղների, քան մարդկանց հանդեպ, որոնց համար են այդ պտուղները: Եթե մի քաղցած ոչ-մանիքեական ինձնից խնդրում էր հագենալու մի բան, նրան տրված հացի կտորը բավական էր թվում՝ գլխավոր պատիժներին դատապարտվելու համար:

 

Մոնիկայի երազը

11. 19. Բայց Դու տարածեցիր աջդ ի վերուստ[29] և դուրս հանեցիր հոգիս[30] խավարի այդ խորխորատից, մինչ իմ սիրո համար Քո առաջ արտասվում էր մայրս՝ Քո հավատարիմը, ավելի շատ արցունքներ հոսեցնելով, քան երբևէ մայրերն՝ իրենց որդիների մարմնական մահվան համար: Քեզնից ստացած հավատքի և հոգու[31] շնորհիվ նա տեսնում էր իմ մահը։ Եվ Դու լսեցիր նրան, Տե՜ր: Լսեցիր նրան, չարհամարհեցիր նրա արցունքները, որոնք հորդահոս ոռոգում էին հողն իր աչքերի ներքևում, ուր աղոթում էր: Դու լսեցիր նրան, որովհետև ումի՞ց եկավ նրան այն մխիթարական երազը, որից հետո համաձայնվեց ապրել իմ հետ և ճաշել միևնույն սեղանի շուրջը, ինչը որ նախապես մերժում էր՝ իմ սրբապիղծ շեղվածությունից խորշելով և տհաճություն զգալով: Ուրեմն, թվացել էր իրեն, թե կանգնած էր մի փայտյա պատվանդանի վրա, ուր մի զվարթադեմ և ուրախ երիտասարդ իր առջևն էր ելել ժպտալով, մինչ ինքը վշտացած էր, տրտմությունից ուժասպառ եղած: Երիտասարդը հարցրել էր վշտի ու ամեն օր հեղած արցունքների պատճառը, ավելի ուսուցանելու, քան տեղեկանալու դիտավորությամբ, ինչպես հաճախ է պատահում: Մայրս պատասխանել էր, որ ողբում էր իմ կորուստը: Այդ ժամանակ երիտասարդը, նրան խաղաղեցնելու համար, հրավիրել էր նրան և հորդորել՝ նայել իր շուրջը. մի՞թե չէր տեսնում, որ այնտեղ, ուր ինքն էր, ես նույնպես այնտեղ էի: Նա նայել և ինձ տեսել էր միևնույն պատվանդանի վրա կանգնած, իր կողքին: Ինչպիսի՞ն է եղել այդ երազի ծնունդը, եթե ո՛չ՝ Քո շշնջալը նրա սրտին, ո՜վ Բարություն ամենակարող, որ հոգատարությունդ ցուցաբերում ես մեզնից յուրաքանչյուրի հանդեպ այնպես, կարծես խնամելիք միայն այդ մեկին ունես, և բոլորին նույնպես խնամում ես, ինչպես յուրաքանչյուրին մեկ առ մեկ:

- 20. Եվ ինչպիսի՞ն էր արդյոք ծնունդը այս մյուս իրողության. երբ պատմեց ինձ իր երազը և մինչ ես փորձում էի հետևյալ նշանակությունը տալ պատահածին, այսինքն՝ որ նա ինքը չպետք է հուսահատվեր մի օր լինելու այնտեղ, ուր ես էի, իսկույն, առանց մի ակնթարթ անգամ երկմտելու, բացականչեց. «Ո՛չ, ինձ չասվեց. Ո՛ւր ինքն է, կլինես նաև դու. այլ՝ Ո՛ւր որ դու ես, կլինի նաև ինքը»: Խոստովանում եմ Քեզ, Տե՜ր, իմ այս հիշատակը, որքան որ մտաբերում եմ, որովհետև դրան երբեք կարևորություն չտվեցի. երազից է՛լ ավելի ցնցեց ինձ արթուն մորս բերանով տրված այս Քո պատասխանը: Նա չշփոթվեց այսքան նուրբ, բայց կեղծ մեկնաբանությանս առաջ, և անմիջապես տեսավ այն, ինչ պետք է տեսներ, և ինչը որ ես չէի տեսել իր խոսքերից առաջ: Այդպիսով, այդ երազի միջոցով և իրականության կատարումից շատ ժամանակ առաջ, բարեպաշտ մորս կանխավ ավետարանվեց այն բերկրանքը, որ վայելելու էր հեռավոր ապագայում, մխիթարելու համար նրան այն վշտի մեջ, որի պատճառով մաշվում էր ներկայում: Անցան, հետագայում, իննը տարիներ, որոնց ընթացքում ես թավալվում էի անդնդային ցեխի[32] ու կեղծիքի խավարների մեջ, որտեղից բազում անգամներ կամենում էի դուրս ելնել, բայց փորձերից յուրաքանչյուրին՝ գետին էի տապալվում առավել ծանրորեն։ Եվ սակայն, այդ ողջախոհ, բարեպաշտ և ժուժկալ այրին[33], – Դու սիրում ես այդպիսիներին, – որ հույսով այլևս վերագտել էր կենսունակությունը, բայց այդուամենայնիվ՝ արցունքների ու հառաչանքների միշտ մնում էր պատրաստ, շարունակում էր ողբալ իմ համար Քո առաջ, իր բոլոր աղոթքների ժամերին: Իր աղոթքները ներթափանցում էին մինչև հայացքիդ առաջ[34], բայց տակավին թողնում էիր ինձ խավար ստվերների մեջ թավալվել ու թավալվել:

 

Եպիսկոպոսի մաղթանքը

12. 21. Հիշում եմ մի երկրորդ պատասխան, որ տվեցիր այդ ժամանակներում, իսկ շա՜տ ուրիշ միջադեպեր զանց եմ առնում, աճապարանքով հասնելու համար նրանց, որոնք առավել ստիպում են ինձ խոստովանել իրենց. առանց ասելու, որ շա՜տ շատերն էլ արդեն մոռացել եմ: Ուրեմն, եղավ մի երկրորդ պատասխան, որ տվեցիր քահանաներիցդ մեկի բերանով, մի եպիսկոպոս՝ սնված Եկեղեցում և Գրքերիդ գիտության մեջ հմուտ: Խնդրանք ստանալով ա՜յդ կնոջից՝ բարեհաճել զրուցել իմ հետ՝ հերքելու համար իմ սխալները, տարհամոզել ինձ կեղծ սկզբունքներից, և համոզել՝ ընդունելու ճշմարիտները. – ինչպես որ, ի դեպ, սովոր էր վարվել[35], երբ պատահաբար գտնում էր հարմար մի անձ. – հրաժարվել էր[36], հիրավի իմաստությամբ, ինչպես ավելի ուշ հասկացա: Պատասխանել էր, արդարև, որ տակավին ըմբոստ էի, որովհետև գոռոզությամբ փքված էի, քանի որ այդ հերետիկոսության հետ շփումս դեռ թարմ էր. ինչպես նաև, որովհետև իմաստակի հակաճառություններով հաղթել էի բազմաթիվ անփորձ անձանց. մի բան, որ իմացել էր մորս միջոցով: «Ընդհակառակը», հավելել էր, «դու թող, որ մնա այնտեղ, որտեղ գտնվում է: Միայն աղոթիր Տիրոջը նրա համար: Կբացահայտի ինքնուրույն կերպով, ընթերցելով, թե որտե՛ղ է իր սխալը և թե քանի՜ցս մեծ է իր ամբարշտությունը»: Միաժամանակ պատմել էր նրան, թե ինչպես ինքն էլ, պատանի հասակում, իր մոր կողմից հանձնվել էր մանիքեականներին, նրանց կողմից սին հույսերով խաբված, և ո՛չ միայն ընթերցել, այլ նաև՝ կամաց կամաց ընդօրինակել էր նրանց գրեթե բոլոր գրքերը: Այդպիսով, ինքնուրույն կերպով բացահայտել էր, առանց վիճաբանությունների կամ որևէ մեկի կողմից համոզվելու հարկավորության, թե որքա՜ն պետք է խուսափել նրանց աղանդից, որից և իսկապես հեռացել էր: Այս խոսքերը, սակայն, բավական չէին եղել մորս հանդարտեցնելու համար: Մանավանդ թե, շարունակել էր է՛լ ավելի հորդահոս արցունքներով ու պաղատանքներով աղերսել, որ համաձայնվի տեսակցել իմ հետ և վիճաբանել. մինչև որ եպիսկոպոսը, մի քիչ զայրացած և մի քիչ ձանձրացած, բացականչել էր. «Գնա՛, ապրի՛ր խաղաղությամբ, որովհետև անհնարին է, որ այսքա՜ն արցունքների զավակը կորչի»: Այս խոսքերը նա ընդունել էր – ինչպես հետագայում հաճախ էր հիշում մեր զրույցների ժամանակ – այնպես, որ կարծես երկնքից էին հնչել:

[1] Հմմտ. 1Տմ 3, 7; 6, 9; 2Տմ 2, 26
[2] Ամենայն հավանականությամբ, Օգոստինոսն ակնարկում է այն փիլիսոփաներին, որոնք մասնակիորեն հասնում էին ճշմարտությանը՝ տիեզերքի սկզբի վերաբերյալ, կարելի է ասել՝ հասնում էին արվարձաններին, բայց չէին կարողանում խորանալ մինչև կենտրոնը: Այդպիսիք էին, օրինակի համար, Պլատոնն ու Պլոտինը:
[3] Հկբ 1, 17
[4] Հմմտ. Մտթ 5, 6; 1Կր 4, 11
[5] Հմմտ. 2Կր 12, 10
[6] Հմմտ. Մղք 3, 6
[7] Հմմտ. Առկ 3, 22
[8] Հմմտ. Ղկս 15, 16
[9] Չարը, մանիքեականների բարդ աշխարհայացքի համաձայն, հաստատվել էր հինգ տարրերի հինգ քարայրների կողմից, որոնք լի էին խավարով, ջրով, քամիով, կրակով և ծխով, ուր և առաջացել են սողունները, ջրային կենդանիները, թռչունները, չորքոտանիները և երկոտանիները: Սրանց հաղթելու համար՝ առաքվել էին ուրիշ հինգ տարրեր, որոնք հատուկ են աստվածային թագավորությանն ու գոյացությանը, և որոնք պատերազմի ընթացքում խառնվում են առաջիններին. խավարին՝ լույսը, ծխին՝ օդը, և չար կրակին, ջրին ու քամուն՝ բարի կրակը, ջուրը և քամին:
[10] Հմմտ. Առկ 9, 18
[11] Այլաբանական պատկերն է ապուշության, անմտության, հիմարության, որն իմաստության հակառակն է. անընդունակ է, բայց հրապուրող, թեև տալիք ոչ մի լավ բան չունի: Նրա խաբեությունից խուսափել կարողանալու համար՝ հարկավոր է ապրել ներանձնացած և գործի դնել խոհեմ ընտրողությունն ու կշռադատությունը:
[12] Առկ 9, 17
[13] Աստվածային մարդանմանությունը և նահապետների որոշ սովորությունների կամ արարքների երևութական անպատեհությունը երկու գլխավոր հարցերն էին, որոնցից մեկնելով՝ մանիքեականները քննադատում էին Հին Կտակարանը: Կենդանիների զոհաբերման վերաբերյալ՝ հմմտ. Դ 2. 3. և համապատասխան ծանոթագրությունը:
[14] Հմմտ. Հվհ 4, 24
[15] Ծնդ 1, 27
[16] 1Կր 4, 3
[17] Հմմտ. Պուբլիուս Վերգիլիուս Մառո, Էնեական, 4. 569.
[18] Հմմտ. Իմս 15, 9; Հոբ 14, 1.5; 8, 9
[19] Մրկ 12, 30.33; Մտթ 22, 37.39; Ղկս 10, 27
[20] Հմմտ. 1Հվհ 2, 16
[21] Հմմտ. Սղմ 143, 9
[22] Հմմտ. Սղմ 26, 12
[23] Հռմ 1, 26
[24] Հմմտ. Գրծ 9, 5; 26, 14
[25] Հմմտ. Երմ 2, 13
[26] Սղմ 101, 21
[27] Հմմտ. Սղմ 74, 5...
[28] Մանիքեականների համաձայն, խոտերը և բույսերը նույնպես օժտված էին զգալու կարողությամբ, «կենդանի էակներ» էին: Այդ իսկ պատճառով, մանիքեականների ամենաբարձր խավի հավատացյալները, կամ ինչպես իրենք էին անվանում՝ ընտրյալները, խուսափում էին արտերը հերկելուց և պտուղներ հավաքելուց, ընդունելով և գործածելով միայն այն, ինչն իրենց բերում էին ստորին դասակարգի մանիքեականները, կամ՝ ունկնդրողները: Իրենց ''մաքրամաքուր'' կյանքի պատճառով, ապա, ընտրյալներն իբր թե կարող էին, Աստծո զորությանը հավասար, աղոթքներով ազատել աստվածային գոյացության լուսեղեն մասնիկները, որոնք, ինչպես ամբողջ տիեզերքում, խառնված էին նաև կերակուրների մեջ: Հմմտ. Դ 1. 1.
[29] Հմմտ. Սղմ 143, 7
[30] Սղմ 85, 13
[31] Հմմտ. Գղտ 5, 5
[32] Սղմ 68, 3
[33] Հմմտ. Տիտ 2, 5
[34] Սղմ 87, 3
[35] Մայրը՝ Մոնիկան։
[36] Եպիսկոպոսը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։