Գեղեցկության խնդիրը – Գրադարան – Mashtoz.org

Գեղեցկության խնդիրը

«Գեղեցկության և պատշաճության մասին» գրությունը

13. 20. Անգիտանալով այս ամենը և երկրային գեղեցկություններին սիրահարված, ես այն ժամանակ քայլում էի դեպի անդունդը, և իմ ընկերներին ասում էի. «Մենք ուրիշ բան չենք սիրում, եթե ո՛չ միայն՝ գեղեցիկը: Ի՞նչ է գեղեցիկը և ի՞նչ է գեղեցկությունը: Ի՞նչն է մեզ հրապուրում ու գրավելով կապում մեր սիրո առարկաներին: Պատշաճությունն ու շնորհալիությունը, որովհետև եթե զուրկ լինեին սրանցից, մեզ բնավ չէին առինքնի»: Նկատում էի, այսինքն, ու նշմարում, որ մարմինների մեջ ա՛յլ բան է այսպես ասած համալիր գեղեցկությունը, քանի որ բազմամասն են, և ա՛յլ բան է պատշաճությունը, այսինքն՝ ներդաշնակությունը ա՛յլ մարմինների հետ, ինչպես որ մեր մարմնի մասերից մեկը ներդաշնակվում է ամբողջի հետ, կամ կոշիկը՝ ոտքի հետ, և այսպես շարունակ: Այս նկատառությունը մտքիս մեջ բխեց սրտիս խորություններից, ուստի մի քանի գիրք[1] գրեցի գեղեցկության և պատշաճության մասին, կարծեմ՝ երկու կամ երեք: Դու գիտես, Աստվա՜ծ, ես կորցրել եմ դրանց հիշատակը, և այլևս չունեմ դրանք: Կորան մեր համար, ո՛վ գիտի ինչպես:

 

Գրության ձոնելը Գերիոս հռետորին

14. 21. Ի՞նչը մղեց ինձ, Տե՜ր Աստված իմ, ձոնելու այդ գրքերը հռոմեացի հռետորներից մեկին՝ Գերիոսին[2], որին անձամբ չէի ճանաչում: Սկսել էի սիրել նրան իր ուսյալ լինելու լուսավոր համբավի և այն մի քանի խոսքերի համար, որ ասել էին ինձ իր մասին և դրանք հաճելի էին եղել ինձ: Բայց հատկապես՝ հաճելի էր ինձ, որովհետև հաճելի էր ուրիշներին, նրանց կողմից պանծացված էր ու գովաբանված: Մարդիկ զարմանում էին, թե ինչպես էր նա, ասորի լինելով, հունական պերճախոսության մեջ արդեն բանիբուն դարձած, կարողացել գերազանց լինել նաև լատիներենի արտասանության մեջ, ինչպես նաև ծայրաստիճան բանիմաց՝ փիլիսոփայությանը վերաբերվող ուսումների բնագավառում: Պատահում է, ուրեմն, որ նաև հեռվից ենք գովում և սիրում ինչ որ մի մարդու: Բայց այս սերն ունկնդրողի սրտի մեջ մտնում է թերևս փառաբանողի բերանի միջոցո՞վ: Հեռո՛ւ ինձնից: Այլ՝ մեկի սիրուց է, որ բռնկվում է մյուսի սերը: Գովասանքի սերը ծնվում է, երբ հավատում ենք գովասանքների անկեղծությանը նրա, ով գովաբանում է, այսինքն՝ երբ գովաբանողը սիրում է նրան, ում գովաբանում է:

- 22. Ես, այն ժամանակ, հենց այդպես էի սիրում մարդկանց՝ հետևելով մարդկանց և ո՛չ թե Քո դատողությանը, Աստվա՜ծ իմ, Ում մեջ ոչ ոք չի խաբվում։ Ինչո՞ւ, սակայն, իմ գովեստն այնպիսին չէր, ինչպիսին լինում է ժողովրդական համբավի կողմից պանծացված մի հայտնի մարտակառք վարողի կամ որսորդի գովաբանությունը, այլ՝ շատ տարբեր, և ծանրակշիռ, և այնպիսին, ինչպիսին կուզենայի ստանալ նաև ես։ Ես չէի ուզենա ստանալ հտպիտների գովասանքն ու սերը, որքան էլ որ ես նույնպես, ապա, գովեի ու սիրեի նրանց։ Կնախընտրեի նշանավոր չլինել բնավ, քան թե նմանատիպ հռչակ վայելել, մինչև իսկ ատված լինել կնախընտրեի, քան նման ձևով սիրված։ Ինչպե՞ս են միևնույն հոգու մեջ բաշխվում միմյանցից այսքա՜ն տարբեր ու զանազան սերերի ուժերը։ Ինչպե՞ս է ինձ պատահում, որ ուրիշների մեջ սիրում եմ այն, ինչից որ, մինչդեռ, չէի խորշի և ինչը որ ինձնից հեռու չէի մղի, եթե չատեի։ Եվ սակայն, երկուսս էլ մարդիկ ենք։ Այո՛, ով մի լավ ձի է սիրում, ինքը չէր ուզենա ձի լինել, նույնիսկ եթե կարողանար, բայց նույն բանը հնարավոր չէ ասել հտպիտի դեպքում, ով մասնակցում է մեր բնությանը։ Ես, հետևաբար, մի մարդու մեջ կսիրեի՞ այն, ինչը որ ես չէի ուզենա լինել՝ մարդ լինելով հանդերձ։ Ինչպիսի՜ անդունդ է մարդն ինքը, որի մասին, Տե՜ր, Դու գիտես մինչև իսկ նրա մազերի թիվը[3], և դրանցից ոչ մեկը չի կարող պակասել Քո հաշվին։ Եվ սակայն, ավելի հեշտ է հաշվել նրա մազերը, քան թե զգացմունքներն ու սրտի մղումները։

- 23. Այդ հռետորն, համենայն դեպս, պատկանում էր մարդկանց այն տեսակին, որոնց ես ա՜յն աստիճան էի սիրում, որ ուզում էի նրանց նման լինել։ Ունայնամտությունն ինձ հանում էր ճանապարհից դուրս, յուրաքանչյուր քամի[4] քշում էր ինձ մերթ այս, մերթ այն կողմ, բայց Դու, ծածուկ, ղեկավարում էիր իմ ընթացքը։ Որտեղի՞ց եմ իմանում, որտեղի՞ց եմ քաղում համոզվածությունը, մինչ խոստովանում եմ Քեզ, որ սիրեցի նրան ավելի սիրո ազդեցությամբ նրա, ով գովաբանում էր նրան, քան թե լսածս բազմաթիվ գովասանքների պատճառով։ Եթե, նրան գովաբանելու փոխարեն, միևնույն անձինք պարսավեին նրան, նրա մասին միևնույն բաները պատմած լինեին պախարակման ու արհամարհանքի շեշտադրումներով, ես չէի բորբոքվի, ո՛չ էլ կխանդավառվեի նրա նկատմամբ։ Եվ սակայն, իրողություններն անշուշտ տարբեր չէին լինի, նա ինքն էլ՝ չէր լինի ուրիշ մի մարդ. նրա մասին խոսողի զգացմունքները միայն կլինեին տարբեր։ Ահա՛, թե ինչպիսի՛ն է վիճակը ցավագար հոգու, որ դեռևս չի հարել ճշմարտության ամուր հիմքերին։ Համաձայն այն բանի, թե ո՛ր ուղղությամբ է փչում խոսքերի զեփյուռը գնահատականներ արտաբերողի կրծքավանդակից, նա տարվում ու մղվում, գալարվում ու կրկին գալարվում է, նրա լույսը մթնում է, չի նշմարում ճշմարտությունը, որն, ահա՛, գտնվում է մեր առջև։ Իմ համար, ապա, շատ կարևոր էր, որ այդ անձնավորությունը ճանաչեր իմ ոճն ու իմ ուսումնասիրությունները։ Վավերացման իր մեկ խոսքը կավելացներ իմ եռանդը, կշտամբանքի մի խոսքը կխոցեր իմ ունայն և Քո ամրությունից զուրկ սիրտը։ Մինչ այդ, «Գեղեցկության և պատշաճության մասին» մենագրությունը, որ ձոնել էի իրեն, ես այն ընթերցում ու վերընթերցում էի մտքիս մեջ, իմացական հայեցողությանս ինքնագոհ հայացքի առջև, և նրանով հիանում էի՝ առանց որևէ մեկի հավանությունը ստացած լինելու։

 

Մենագրության բովանդակությունը

15. 24. Տակավին չէի տեսնում, սակայն, Քո արվեստի մեջ, ո՜վ հրաշալիքների ամենակարող ու միակ Հեղինակ[5], այսքա՜ն մեծ իրականության գլխավոր տարրը։ Իմ հոգին քննում էր մարմնական կերպարանքները, և ես գեղեցիկ էի սահմանում այն, ինչը որ ներդաշնակ է ինքն իր մեջ, պատշաճ՝ այն, ինչը որ ներդաշնակ է ա՛յլ առարկաների հետ ունեցած հարաբերության մեջ, կոնկրետ օրինակներով հիմնավորելով այս զանազանությունը։ Ապա շրջվեցի՝ քննելու հոգու բնությունը։ Բայց կեղծ գաղափարը, որ ունեի հոգևոր գոյացությունների վերաբերյալ, խանգարում էր ինձ՝ նշմարելու ճշմարիտը։ Որքան էլ որ ճշմարտությունը հանկարծափայլ հստակությամբ հայտնվում էր աչքերիս առաջ իր ողջ ուժով, ես հոգեխռով միտքս չէի անջատում անմարմին իրականությունից դեպի ուրվագծերը, գույներն ու ուռուցիկ զանգվածները[6]. և քանի որ դրանցից չէի կարող գտնել հոգու մեջ, կարծում էի, թե չէի կարողանալու գտնել ինքնին հոգին։ Եվ քանի որ առաքինության մեջ ինձ առինքնում էր խաղաղությունը, մոլության մեջ հակակրանք էր պատճառում խռովքը, նշմարում էի առաջինի մեջ մի տեսակ միություն, երկրորդի մեջ՝ մի տեսակ բաժանում։ Ապա թվում էր ինձ, թե այդ միության մեջ է կայանում բանական հոգին՝ ճշմարտության էությունն ու գերագույն բարիքը. բաժանման մեջ, մինչդեռ, թշվառս նշմարում էի անբանական կյանքի մի անորոշ գոյացություն և գերագույն չարիքի էությունը, որն իմ համար ո՛չ միայն գոյացություն էր, այլ՝ ճշմարիտ կյանք, թեև չէր սերում Քեզնից, Աստվա՜ծ իմ, Ումից սերում են բոլոր գոյությունները[7]։ Երկուսից առաջինին տալիս էի «մոնադե»[8] անունը, քանի որ անսեռային իմացականություն է, երկրորդին՝ «դիադե»[9] անունը, և սա զայրույթն է ոճիրների մեջ, ցանկասիրությունը՝ մոլությունների մեջ։ Չգիտեի՝ ի՛նչ էի ասում։ Իրոք, անգիտանում էի և չէի սովորել, որ չարը գոյացություն չէ, և ո՛չ էլ մեր իմացականությունն է գերագույն ու անփոփոխելի բարիքը։

 

Ապականված մարդու գոռոզությունը

- 25. Ինչպես որ ոճիրներ են գործվում, երբ մեր գործողությունները շարժման մեջ դնող հոգևոր ազդակն ապականված է և սանձազերծվում է պղտոր ամբարտավանությամբ. ինչպես որ մոլության մեջ ենք ընկնում, երբ հոգին չի չափավորում ֆիզիկական հաճույքները սնուցող հակումները. նույն կերպ՝ սխալներն ու ստապատիր կարծիքները փչացնում են կյանքը, եթե բանական հոգին ապականված է։ Ապականված էր իմ կյանքն այն ժամանակ, քանի որ անգիտանում էի, որ մի ա՛յլ լույս պետք է լուսավորեր այն, եթե կամենում էի վայելել ճշմարտությունը, քանի որ ինքը չէր ճշմարտության էությունն իր համար։ Դու, արդարև, կլուսավորես իմ կանթեղը, Տե՜ր. Դու, Աստվա՜ծ իմ, կլուսավորես իմ խավարը[10]։ Բոլորս Քո լիությունից ենք քաղել[11]. Դու ես ճշմարիտ լույսը, որ լուսավորում է յուրաքանչյուր մարդու, որ գալիս է այս աշխարհ[12]. որովհետև ենթակա չես աղավաղման, ո՛չ էլ՝ փոփոխության մի ստվերի անգամ[13]։

- 26. Ես, սակայն, ձգտում էի դեպի Քեզ, իսկ Դու ետ մղելով հեռացնում էիր ինձ Քեզնից[14], որպեսզի ճաշակել տայիր ինձ մահը[15], քանի որ Դու հակառակվում ես հպարտներին[16]։ Եվ կարո՞ղ է իմ դիրքորոշումից ավելի հպարտ դիրքորոշում գոյություն ունենալ, երբ չլսված մտագարությամբ հաստատում էի, թե բնությամբ այն եմ, ինչը որ Դու ես։ Փոփոխական էի, և դա քաջ հասկանում էի հենց իմանալու ցանկությունից՝ դառնալու համար ավելի վատից ավելի լավը[17]. և սակայն, նախընտրում էի Քեզ էլ փոփոխական համարել, քան թե ինձ տարբեր այն բանից, ինչը որ Դու ես։ Այստեղից էլ՝ վանումները Քո կողմից, Քո հակառակությունը՝ իմ գոռոզ համառության դիմաց։ Պատկերացումներս սևեռում էի մարմնական ձևերի վրա, մարմին էի և մարմինն էի արտահայտում, մի անցողիկ շունչ էի և տակավին չէի վերադառնում[18] Քո մոտ, անցողիկ՝ անցնում էի բաների միջով, որ գոյություն չունեն իմ մեջ, Քո մեջ, նյութի մեջ, ստեղծված չեն իմ համար Քո ճշմարտության կողմից, այլ՝ իմ ունայնության կողմից երևակայված են նյութի համաձայն։ Եվ ասում էի Քո փոքրիկներին՝ Քո հավատավորներին՝ իմ համաքաղաքացիներին, – որոնցից հեռու, ինքս տեղյակ չլինելով հանդերձ, գտնվում էի աքսորի մեջ, – հիմար աներեսությամբ նրանց ասում էի. «Ինչո՞ւ է, ուրեմն, հոգին կարողանում սխալվել, եթե ստեղծված է Աստծո կողմից», և չէի ուզում լսել, որ պատասխանեին ինձ. «Ի՞նչ է, ուրեմն, Աստված սխալվո՞ւմ է միթե»։ Նախընտրում էի հաստատել, թե Քո անփոփոխական գոյացությունը հարկադրված է սխալվելու, քան թե ճանաչել, որ իմ փոփոխական գոյացությունն ինքնակամ կերպով շեղվել էր և, որպես պատիժ, սխալվում էր։

- 27. Թերևս քսանվեց կամ քսանյոթ տարեկան էի, երբ գրեցի այդ գրքերը՝ ներսումս ծամելով նյութապաշտական խուռներամ խոհերը, որոնք ժխոր էին բարձրացնում սրտիս ականջների մեջ։ Եվ սակայն, ո՜վ քաղցր ճշմարտություն, այս ականջներս ես ուղղում էի՝ լսելու Քո ներքին մեղեդին, այն նույն գործողությամբ իսկ, որով մտորում էի գեղեցկության ու պատշաճության մասին։ Իմ ցանկությունն էր՝ ուղիղ կանգնել Քո առաջ, լսել Քեզ, ինձ ուրախությամբ համակված զգալ՝ ի լուր Փեսայի ձայնի[19]. և չէի կարողանում իրագործել դա, քանի որ իմ սխալի ձայներն ինձ քաշում էին ինքս ինձնից դուրս և հպարտությանս ծանրությունն ինձ ընկնել էր տալիս դեպի ցած։ Իրոք, ուրախություն ու բերկրանք չէիր տալիս լսողությանս, ո՛չ էլ ցնծում էին ոսկորները, որոնք տակավին չէին խոնարհեցվել[20]։

 

Արիստոտելի «Տասը Դասակարգումներ»ի ընթերցումը

16. 28. Եվ ինձ ի՞նչ օգուտ էր տալիս[21] ինքնուրույն կարդացած և հասկացած լինելը, մոտավորապես քսան տարեկան հասակում, ձեռքս անցած արիստոտելական աշխատություններից մեկը, որն անվանում էին «Տասը Դասակարգումները»։ Այդ աշխատության անունը միայն արտասանելիս՝ պերճախոսության կարթագինեսյան իմ վարժապետի և ուսյալ համարվող ա՛յլ անձանց շնչերակներն ուռչում էին պայթելու աստիճան. ուստի, ես մնում էի այնտեղ բերանս բաց, կարծես մի արտասովոր ու աստվածային իրողության դիմաց։ Այդ աշխատության մասին հետո քննարկումներ անցկացրեցի անձանց հետ, ովքեր ասում էին, թե մեծ ջանքով էին կարողացել հասկանալ այն, թեև եղել էին չափազանց ուսյալ վարժապետների առաջնորդության ներքո և ստացել էին ո՛չ միայն նրանց խոսքերի, այլ նաև՝ փոշու վրա գծված բազմաթիվ պատկերների օժանդակությունը. բայց չկարողացա ավելին իմանալ, քան որքան որ սովորել էի ինքնուրույն կերպով, կարդալով այն առանց որևէ մեկի օգնության։ Թվում էր ինձ, որ աշխատությունը բավական հստակությամբ խոսում էր գոյացությունների մասին, ինչպես օրինակ՝ մարդը, և դրանց հատկությունների, ինչպես օրինակ՝ մարդու տեսքը, թե ինչպիսի՛ն է. հասակը, թե քանի՛ ոտնաչափ է. հարաբերությունը, թե ո՛ւմ եղբայրն է. և կամ որտե՛ղ է բնակություն հաստատել, ե՛րբ է ծնվել. թե ոտքի կանգնած է կամ նստած. թե ոտքերին կոշիկներ ունի հագած կամ կրում է արդյոք զենքեր. թե կատարում է ինչ որ մի գործողություն կամ ենթարկվում է ինչ որ մի գործողության. և, մի խոսքով, բոլոր անթվարկելի հատկությունները, որ բովանդակված են իննը դասակարգումների մեջ, որոնցից մի քանի օրինակ տվեցի, և ինքնին գոյացության դասակարգի մեջ։

- 29. Սա ինձ ի՞նչ օգուտ էր տալիս։ Մանավանդ թե, ուղղակի վնասում էր ինձ։ Համոզված, թե այդ տասը ստորոգելիները կատարյալ կերպով ներառում են գոյություն ունեցող ամեն բան, ջանում էի հասկանալ նաև Քեզ, Աստվա՜ծ իմ, սքանչելիորեն պարզ ու անփոփոխ Էակիդ, որպես Քո մեծությամբ ու գեղեցկությամբ պայմանավորյալ։ Կարծում էի, թե այս հատկությունները Քո մեջ գոյություն ունեն ինչպես մի պայմանավորյալ էակի մեջ, ինչպես մի մարմնի մեջ, մինչդեռ Դու Ինքդ ես Քո մեծությունն ու գեղեցկությունը, իսկ մարմինները մեծ ու գեղեցիկ չեն իրենց բնության համաձայն։ Արդարև, կարող էին նվազ մեծ և նվազ գեղեցիկ լինել, առանց դրա պատճառով կորցնելու իրենց բնությունը։ Քո վերաբերյալ ունեցածս բոլոր գաղափարները սխալ էին, ո՛չ ճիշտ. ունայն երևակայությունն էին իմ թշվառության, ո՛չ թե՝ հաստատահիմն տեսությունը Քո երանության։ Այդպես էիր կամեցել, և այդպես էր կատարվում իմ մեջ. որ երկիրն իմ համար փուշ ու տատասկ աճեցներ, և ես ջանքերի գնով ստանայի հացը[22]։

 

Գրական և գիտական տարբեր աշխատությունների ընթերցանությունը

- 30. Եվ ինձ ի՞նչ օգուտ էր տալիս ինքնուրույն կարդացած և հասկացած լինելը այսպես կոչված ազատական առարկաների այն բոլոր գրքերի, որ կարողացա, եթե այն ժամանակ ծայր աստիճան լկտի ստրուկ էի չարաղետ կրքերին[23]։ Վայելք էի գտնում դրանց ընթերցանության մեջ՝ առանց իմանալու դրանց մեջ պարունակված ապահով ճշմարտությունների ծագումը, քանի որ թիկունքս դարձնում էի լույսի, իսկ երեսս՝ լուսավորված առարկաների կողմը. այդպիսով՝ իմ երեսը, թեև տեսնում էր դրանք լուսավորված, ինքը, սակայն, լուսավորված չէր։ Թե պերճախոսության ու տրամախոսության, երկրաչափության ու երաժշտության ու թվաբանության քանի՜ քանի՜ գիտելիքներ ըմբռնեցի առանց մեծ ջանք գործադրելու և առանց մարդկային ուսուցման, Դու դա գիտես, Տե՜ր Աստված իմ[24], քանի որ մտքի կորովն ու դատողության սրությունը Քո պարգևն են։ Բայց դրանք չէի ընծայում Քեզ[25], ուստի իմ համար ավելի վնասակար, քան թե օգտակար կարողություն էին։ Իսկապես, ճիգ գործադրեցի՝ ինքս ինձ վերագրելու իմ գոյացության լավագույն մասը. փոխանակ իմ ուժը Քո մոտ պահպանելու[26], հեռացա Քեզնից դեպի մի հեռավոր երկիր, ուր այն վատնեցի պոռնկական կրքերի մեջ[27]։ Ինձ ի՞նչ օգուտ էր տալիս, իսկապես, մի լավ բանի ո՛չ լավ գործածումը։ Չէի նկատում այն մեծ դժվարությունները, որոնք այս ուսմունքների ըմբռնումը ներկայացնում է նաև հանճարեղ ուսումնասերների համար. միայն այն ժամանակ էի դա նկատում, երբ դրանք փորձում էի բացատրել նրանց, և նրանց միջից ամենագերազանցը նվազ դանդաղն էր լինում՝ հասկանալու իմ բացատրությունը։

 

Աստծուց բաժանված հանճարի ու մշակույթի անօգուտությունը

- 31. Ինձ ի՞նչ օգուտ էր տալիս, եթե կարծում էի, թե իբր Դու, Տե՜ր Աստված և ճշմարտություն, մի լուսավոր ու անբավելի մարմին ես, իսկ ես՝ այդ մարմնի մի մասնիկը։ Անչափելի՜ այլասերում։ Եվ սակայն, դա էր իմ վիճակը, և ես չեմ ամաչում, Աստվա՜ծ իմ, խոստովանել Քեզ ողորմությանդ դրսևորումներն[28] իմ հանդեպ և աղերսել Քեզ, ինչպես որ այն ժամանակ չամաչեցի մարդկանց առաջ դավանել իմ պիղծ հավատալիքները՝ հաչելով Քո դեմ[29]։ Այն ժամանակ ինձ ի՞նչ օգուտ էր տալիս գիտությունների միջոցով հանճարիս հմուտ գործածությունը, առանց մարդկային ուսուցիչների օգնության բազմաթիվ բարդագույն գրքեր հասկացած լինելը, եթե հետո այլանդակ ու սրբապիղծ անարգությամբ սխալվում էի աստվածպաշտության ուսմունքի հարցում։ Բայց և ինչո՞ւ էր Քո փոքրիկներին այդքա՜ն վնասում իմ խելացիությունից շա՜տ ավելի դանդաղաշարժ մտածողությունը, երբ նրանք չէին էլ քաշվում Քեզնից հեռու[30], և հետևաբար՝ ապահով կերպով աճեցնում էին իրենց փետուրները բնի մեջ Քո Եկեղեցու և սիրո թևերը կազմավորում էին առողջ հավատքի սնունդով[31]։ Ո՜վ Տեր Աստված մեր, թող որ մենք հուսանք Քո թևերի հովանուն, և Դու պաշտանի՜ր մեզ[32], նեցո՜ւկ եղիր մեզ։ Դու նեցուկ կլինես մեզ. նեցուկ կլինես մեզ մանուկ հասակում, և երբ ալեհեր դառնանք, տակավին նեցուկ կլինես մեզ[33]։ Մեր ամրությունը, երբ Քո մեջ է, այդ ժամանակ ամրություն է. երբ մեր մեջ է, թուլություն է։ Մեր բարիքն ապրում է միշտ Քո կողքին, և Քեզնից երես թեքելու մեջ է կայանում մեր այլասերումը։ Թող որ իսկույն ետ շրջվենք, Տե՜ր, որպեսզի չամայանանք։ Մեր բարիքն անսպառելի կերպով ապրում է Քո կողքին, որովհետև Դու Ինքդ ես մեր բարիքը[34], և մենք վախ չունենք, թե մեր վերադարձին կարող ենք չգտնել այն բույնը, որից վար ենք ընկել։ Մեր տունը մեր բացակայության ժամանակ չի փլուզվում. Քո հավիտենությունն է մեր տունը։

[1] Այդ ժամանակ գիրք ասելով հասկանում էին աշխատության մի քիչ ծավալուն գլուխները, կամ մասերը։
[2] Գերիոսը ծագումով ասորի, հունարենին ու լատիներենին հմտորեն տիրապետող հռետոր էր, ով իր գործունեությունը ծավալում էր մայրաքաղաք Հռոմում։
[3] Հմմտ. Մտթ 10, 30
[4] Եփս 4, 14
[5] Սղմ 71, 18; 135, 4
[6] Այսինքն՝ աննյութական իրականությունը չէի տարանջատում նյութին բնորոշ հատկություններից։
[7] 1Կր 8, 6; Հռմ 11, 36
[8] Ուշ շրջանի լատիներենի « monas -ădis » եզրից, որն էլ իր հերթին սերում է հունարեն « μονάς -άδος » եզրից («միություն» միավոր իմաստով), « μόνος » արմատից, որ նշանակում է «միայն, մենակ»։ Փիլիսոփայության մեջ գործածվում է՝ մատնանշելու համար միությունը (միավոր լինելը) որպես բազմակիության սկզբունք, և միավորները, որոնցով կազմվում է իրականությունը։ Այս միավորը հասկացվում է որպես գերագույն պարզություն, որ մասեր չունի, բայց ո՛չ թե ֆիզիկական, այլ՝ մետաֆիզիկական իմաստով։
[9] Ուշ շրջանի լատիներենի « dyas -ădis » եզրից, որն էլ իր հերթին սերում է հունարեն « δυάς -άδος » եզրից, « δύο » արմատից, որ նշանակում է «երկու»։ Տառացի նշանակում է գոյացությունների կամ տարրերի զույգ։ Ընդհանուր իմաստով՝ փիլիսոփայության մեջ մատնանշում է բազմակիությունը, էության բարդ ու բաղադրյալ լինելը, պարզ չլինելը։
[10] Սղմ 17, 29
[11] Հվհ 1, 16
[12] Հվհ 1, 9
[13] Հկբ 1, 17
[14] Հմմտ. Սղմ 42, 2
[15] Հմմտ. Մտթ 16, 28; Մրկ 8, 39
[16] Հկբ 4, 6; 1Պտ 5, 5
[17] Փոփոխական լինելու հնարավորությունը բարիք է բանական և ազատ կամքով օժտված արարածի համար, որովհետև նրան կարողություն է տալիս ինքնակատարելագործվելու, կերտելու սեփական ինքնությունն ըստ աստվածային բնօրինակի։
[18] Սղմ 77, 39
[19] Հվհ 3, 29
[20] Սղմ 50, 10
[21] Ժղվ 2, 15
[22] Ծնդ 3, 18...
[23] Օգոստինոսը երբեք չի արտահայտվում ուսումների դեմ որպես այդպիսիք, այլ ընդամենը՝ նշում է դրանց անբավարարությունը։ Ուսումներն առանց Աստվածային Շնորհի ընդունակ չեն փրկագնելու մարդուն։
[24] Տվբ 3, 16; Սղմ 68, 6
[25] Հմմտ. Սղմ 53, 8
[26] Սղմ 58, 10
[27] Ղկս 15, 13
[28] Հմմտ. Սղմ 106, 8.15.21.31
[29] Հմմտ. Հդթ 11, 15
[30] Օգոստինոսն, ամենայն հավանականությամբ, ցանկանում է զգուշացնել նաև հակառակ ծայրահեղությունից. եթե գիտելիքները վնասակար են առանց Աստվածային Շնորհի, քրիստոնյայի համար շատ անգամներ վնասակար է նաև տգիտությունը։ Ուստի, լավագույն ճանապարհը երկուսի միությունն է. Աստվածային Շնորհի լույսով լուսավորված գիտելիքը։
[31] Հմմտ. Սղմ 83, 4; Հոբ 39, 26
[32] Սղմ 35, 8; 56, 2; 62, 8; 60, 5; 16, 8
[33] Ես 46, 4
[34] Հմմտ. Սղմ 101, 28 (= Եբր 1, 12)
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։