Շատ սիրելի ընկերներից մեկի մահը – Գրադարան – Mashtoz.org

Շատ սիրելի ընկերներից մեկի մահը

Մի մտերմության պատմությունը

4. 7. Այն տարիներին, երբ դեռ նոր էի սկսել դասավանդել այն քաղաքում, ուր ծնվել էի, ընկերացել էի մի տղայի հետ, ով ինձ շա՜տ թանկագին մեկն էր դարձել՝ ճաշակների ընդհանրության պատճառով: Իմ տարեկիցն էր, պատանեկության ծաղկուն շրջանում, ինչպես ես, մանկությունից մեծացել էր իմ հետ, միասին էինք գնացել դպրոց և միասին խաղացել: Մինչև այդ ժամանակը, սակայն, մոտիկ ընկերներիցս չէր եղել, թեև դրանից հետո էլ չեղավ, ճշմարիտ ընկերության համաձայն: Իրոք, չկա ճշմարիտ ընկերություն, եթե ո՛չ միայն՝ երբ Դու ես այն կապում սիրո զոդով Քեզ միացած անձանց միջև. սեր, որ մեր սրտերի մեջ հեղվել է շնորհիվ Սուրբ Հոգու, որ տրվել է մեզ[1]: Բայց որքա՜ն քաղցր էր այն, համանման ճաշակների ջերմության ներքո իսկապես հասունացած: Ես նրան նաև շեղել էի ճշմարիտ հավատքից, թեև պատանի լինելով՝ ջինջ համոզվածությամբ չէ, որ դավանում էր այն. շեղել էի դեպի սնոտիապաշտության այն չարաշուք հորինվածքները, որոնց պատճառով էր իմ համար արցունքներ հեղում իմ մայրը: Իմ հետ, այլևս, երիտասարդի միտքը նույնպես թափառում էր, և իմ սիրտն այլևս չէր կարողանում առանց նրա մնալ: Երբ, ահա՛, Դու հասար փախստականներիդ թիկունքին, ո՜վ վրիժառությունների Աստված[2] և, միաժամանակ, աղբյո՜ւր ողորմության, որ արտակարգ միջոցներով վերադարձնում ես մեզ դեպի Քեզ[3]: Ահա՛, խլեցիր նրան այս կյանքից հազիվ մեկ տարի անց, ինչ ընկերացել էր ինձ, և որպես ընկեր իմ համար ավելի քաղցր էր, քան այն ժամանակվա կյանքիս մյուս բոլոր քաղցրությունները:

 

Ընկերոջ հիվանդությունն ու մահը

- 8. Ո՞վ կարող է միայնակ թվարկել արժանիքներդ[4], որոնք միայն իր մեջ է ճանաչել: Ի՞նչ արեցիր Դու այն ժամանակ, Աստվա՜ծ իմ: Անքննելի է Քո որոշումների վիհը[5]: Ուժեղ տենդի ու տապի մեջ տվայտվելով, երկար ժամանակ ուշակորույս մնաց մահվան քրտինքների մեջ: Քանի որ հուսահատվել էին նրան փրկելուց, նրան մկրտել էին՝ անգիտակից վիճակում: Ես չմտահոգվեցի այդ բանով, ինքնահավան մեծամտությամբ, որ իր հոգին պահպանելու էր ինձնից ստացած գաղափարները, ընդունելու փոխարեն մի գործողություն, որ կատարվել էր անգիտակից մարմնի վրա: Իրականությունը, մինչդեռ, ամբողջովին ա՛յլ էր: Արդարև, նրա վիճակը բարելավվեց և նա վտանգից դուրս ելավ: Եվ հազիվ կարողացա խոսել իր հետ, ինչը որ շատ շուտով պատահեց. հազիվ ինքը նույնպես կարողացավ խոսել, քանի որ չէի թողնում իրեն երբեք, այնքա՜ն որ կապված էինք միմյանց. ենթադրելով, որ ինքը նույնպես կծիծաղեր իմ հետ, փորձեցի իր աչքերի առջև ծիծաղելի ներկայացնել մկրտությունը, որ ստացել էր՝ մինչ մտքով ու զգայարաններով ամբողջովին բացակա էր, բայց այլևս գիտեր, որ այն ստացել էր: Նա, մինչդեռ, սարսափած հայացքով ինձ նայեց, ինչպես նայում են մի թշնամու, և արտակարգ ու անմիջական համարձակությամբ զգուշացրեց ինձ, որ եթե կամենում էի իր ընկերը լինել, պետք է դադարեի խոսել իր հետ այդ կերպ: Ապշած ու այլայլված, հետագային թողեցի բոլոր հակազդեցություններս, սպասելով, որ նախ կազդուրվեր ու վերագտներ պատշաճ ուժերը, որպեսզի կարողանայի խոսել իր հետ իմ ոճով: Բայց խլեցիր նրան իմ խելագարությունից, որպեսզի Քո մոտ լիներ, պահված իմ մխիթարությունից[6]: Քիչ օրեր անց, երբ ես բացակա էի, կրկին տենդով էր բռնվել և հոգին ավանդել էր:

 

Օգոստինոսի վիշտը

- 9. Տագնապալի թախիծը խավարով պատեց սիրտս[7]: Յուրաքանչյուր առարկա, որի վրա հառում էի հայացքս, մահ էր: Տանջանք էր իմ համար հայրենիքս, հայրական տունը՝ մի արտասովոր դժբախտություն: Այն բոլոր բաները, որ համատեղ ունեցել էի նրա հետ, նրա բացակայությունը դրանք վերածել էր զարհուրելի կտտանքների: Աչքերս ամենուր նրան էին սպասում, առանց հանդիպելու, ատում էի աշխարհն ամբողջ, որովհետև նրան չուներ և այլևս չէր կարող ինձ ասել. «Ահա՛, կգա», ինչպես իր բացակայությունների ժամանակ, կենդանության օրերին: Ես ինքս իմ համար դարձել էի մի մեծ առեղծված: Հարցնում էի իմ հոգուն, թե ինչո՞ւ էր տխուր և թե ինչո՞ւ էր ալեկոծում ինձ այդքան, բայց չէր կարողանում ինչ որ մի պատասխան տալ ինձ: Իսկ եթե նրան ասում էի. «Հուսա՛ Աստծուն»[8], ինձ իրավացիորեն չէր հնազանդվում, քանի որ ինձ շա՜տ սիրելի մարդը, որին կորցրել էի, ավելի իրական ու բարի էր, քան այն ուրվականը, որի հանդեպ հորդորում էի իրեն հույս ունենալ[9]: Միմիայն արցունքներն էին իմ համար քաղցր, և սրանք հոգուս սփոփանքների մեջ[10] գրավեցին ընկերոջս տեղը:

 

Արցունքների խորհրդավոր սփոփանքը

5. 10. Իսկ այժմ, Տե՜ր, այդ ամենն այլևս անցյալում է և ժամանակը սպիացրել է վերքս: Կարո՞ղ եմ Քեզնից լսել, որ ճշմարտությունն ես[11], սրտիս ականջը մոտեցնել շուրթերիդ, որպեսզի ասես ինձ, թե ինչպե՛ս է լացը քաղցր թվում տարաբախտներին. կամ գուցե, թեև Դու ամենուր ներկա ես, Քեզնից հեռու ես վանել մեր դժբախտությունը, և, մինչ Դու հաստատուն ես Ինքդ Քո մեջ, մենք նեղությունների խթանմամբ ենք շարժվում[12]։ Եվ սակայն, եթե չկարողանայինք լացել ականջներիդ առաջ, մեր հույսից ոչինչ չէր մնա։ Ինչպե՞ս կարող է պատահել, ուրեմն, որ կյանքի դառնությունից քաղում ենք քաղցր պտուղներ հեծեծանքների, լացի, հառաչանքների, ողբասացության: Թե՞ քաղցրությունը ծնվում է այն հույսից, որ Դու լսում ես դրանք: Դա արդարացիորեն տեղի է ունենում աղոթքների ժամանակ, քանի որ դրանք մինչև Քեզ հասնելու փափագի կողմից են ոգևորված. բայց նաև՝ մի կորստի համար կրած տառապանքի՞ց, եղերումի՞ց, ինչպիսին այն մեկն էր, որն այն ժամանակ ճնշում էր վրաս: Ես հույս չունեի և իմ արցունքներով չէի հայցում ընկերոջս վերադարձը կյանքին, այլ՝ տառապում էի ու լացում միայն: Ես դժբախտ էի և իմ երջանկությունն այլևս չկար: Կամ գուցե լացը մի դառը իրականությո՞ւն է, և մեզ հաճույք է պատճառում այն տհաճությամբ, որը զգում ենք մի ժամանակ վայելած և այժմ ատած իրականությունների հանդեպ:

 

Կյանքի պատճառաբանությունները մահվան դիմաց

6. 11. Բայց ինչո՞ւ եմ խոսում այս բաների մասին: Սա ժամանակը չէ Քեզ հարցեր ուղղելու, այլ՝ Քեզ ներկայացնելու իմ խոստովանությունները: Այո՛, դժբախտ էի, և դժբախտ է ամեն ոք, ով բռնված է մահկանացու իրողությունների սիրով: Միայն երբ դրանց կորուստը պատառոտում է իր սիրտը, զգում է դժբախտությունը, որի ճիրանների մեջ էր, սակայն, նաև դրանց կորստից առաջ: Այսպես էր կատարվում, այն ժամանակ, իմ դեպքում: Աղիողորմ լացում էի, և հանգստանում էի դառնության մեջ[13]. զգում էի ինձ չափազանց դժբախտ, բայց այդ դժբախտ կյանքն իմ համար ավելի թանկ էր, քան կորցրած ընկերս: Կուզենայի փոխել, բայց չէի ուզենա կորցնել այն՝ ընկերոջս փոխարեն: Չգիտեմ, կընդունեի՞ արդյոք անել նաև իր համար՝ Օրեստեսի ու Պիլադեսի նման[14], ովքեր, ավանդության համաձայն, եթե հորինվածք չէ, ընդունել էին մեռնել մեկը մյուսի համար կամ միասին, որովհետև իրենց համար այդպիսի մահից ավելի վատ էր ապրելն առանց իրար: Իմ մեջ գլուխ էր բարձրացրել մի անսահմանելի զգացում, ամբողջովին հակառակ սրան, ուր կյանքի ձանձրույթը, ահավոր ծանր, իմ մեջ միավորվում էր մահվան սարսափին: Որքան ավելի էի նրան[15] սիրում, կարծում եմ, այնքան ավելի էի ատում մահվանը ու սարսափում նրանից՝ այդ դաժանագույն թշնամուց, որ խլել էր նրան ինձնից, և պատրաստվում էր կարճ ժամանակամիջոցում լափել, երևակայությանս մեջ, բոլոր մարդկանց, եթե կարողացել էր լափել այդ մեկին: Վստահաբար այդպիսին էր հոգեվիճակս, հիշում եմ: Ահա՛ իմ սիրտը, Աստվա՜ծ իմ. ահա՛ այն, ինչ կա նրա ներսում: Հիշատակներիս միջով տե՛ս այն, ո՜վ հույս իմ[16], Դու, որ սրբում ես ինձ այդ զգացմունքների անմաքրությունից, աչքերս դեպի Քեզ ուղղելով և ազատելով ոտքերս թակարդներից[17]: Ապշում էի, որ մյուս մահկանացուները շարունակում էին ապրել, երբ նա, ում սիրում էի այնպես, կարծես երբեք չէր մահանալու, մահացել էր։ Եվ դե՛ռ ավելի ապշում էի, որ շարունակում էի ապրել ես, երբ մահացել էր նա, ում մի ա՛յլ եսն էի[18]: Լավ է սահմանել մեկն իր ընկերոջը. իր հոգու կեսը[19]: Ես զգացի, որ իմ հոգին ու իրենը միայն մեկ հոգի էին եղել երկու մարմիններում: Կյանքն, ուստի, զարհուրեցնում էր ինձ, քանի որ չէի ուզում կիսատ ապրել, և թերևս սրա համար էի վախենում մահանալուց. ամբողջովին չմահացնելու համար նրան, ում շա՜տ էի սիրել:

 

Մեկնումը Կարթագինես՝ սփոփանքներ որոնելու

7. 12. Ա՜հ խելագարություն, անընդունակ՝ սիրելու մարդկանց որպես մարդիկ: Ա՜հ մարդու անմտություն, անկարեկից՝ մարդկային վիճակին: Այդպիսիք էին իմ այն ժամանակվա զգացմունքները, և այդտեղից էին ծնվում կատաղություններս, հառաչանքներս, արցունքներս, վրդովմունքներս ու անհանգստություններս ու անորոշությունս: Ներսումս կրում էի մի բզկտված ու արյունլվա եղած հոգի, որ չէր հանդուրժում իր իմ կողմից կրված լինելը: Բայց չէի գտնում, թե ո՛ւր կարող էի նրան վար դնել: Նա, անշուշտ, ո՛չ զվարթատեսիլ անտառներում, ո՛չ խաղերի ու երգերի մեջ, ո՛չ բուրումնավետ պարտեզներում, ո՛չ շքեղ խրախճանքների մեջ, ո՛չ անկողնու ու փետուրների հաճույքների մեջ, և ո՛չ էլ, ի վերջո, գրքերի կամ բանաստեղծությունների մեջ, դադար չէր գտնում: Ամեն բան հոգուս համար արհավիրք էր, մինչև իսկ ցերեկվա լույսը: Եվ որևէ բան, որ այն չէր, ինչ նա եղել էր, տխուր էր ու ատելի, հեծեծանքներից ու լացից բացի: Միայն այստեղ էր մի քիչ հանգիստ առնում, բայց հազիվ էի այստեղից նրան դուրս հանում, իմ հոգին, ճնշում էր ինձ դժբախտության ծանր բեռան ներքո: Նրան բժշկելու համար, պետք է որ բարձրացնեի նրան դեպի Քեզ, ո՜վ Տեր[20], հասկանում էի դա, բայց չէի ուզում, ո՛չ էլ՝ ուժ ունեի այդքան, և է՛լ ավելի պակաս, քանի որ իմ մտքի համար Դու մի կայուն ու անհողդողդ էակ չէիր, այսինքն՝ այն չէիր, ինչ որ ես: Մի ունայն ուրվական և իմ սխալն էին իմ աստվածը: Եթե, հանգստացնելու համար, փորձում էի հոգիս տարածել նրա վրա, սահում էր դատարկության մեջ՝ նորից ընկնելով իմ վրա: Եվ ես ինքս իմ համար դարձել էի դժբախտության վայր, ուր չէի կարողանում մնալ, բայց որտեղից չէի կարողանում նաև հեռանալ: Ո՞ւր, արդարև, կարող էր փախչել իմ սիրտը՝ հեռու իմ սրտից, ո՞ւր կարող էի փախչել ես՝ հեռու ինքս ինձնից, առանց ինքս ինձ հետապնդելու:

Հայրենիքիցս, սակայն, փախա, քանի որ աչքերս ավելի քիչ էին փնտրում ընկերոջս այնտեղ, որտեղ սովոր չէին տեսնել նրան: Այդպիսով, Թագաստի բերդաքաղաքից տեղափոխվեցի Կարթագինես:

[1] Հռմ 5, 5
[2] Սղմ 93, 1
[3] Հմմտ. Սղմ 50, 15
[4] Հմմտ. Սղմ 105, 2
[5] Հմմտ. Սղմ 35, 7; Հռմ 11, 33
[6] Օգոստինոսն այդ ժամանակ կմխիթարվեր, եթե ընկերոջը ետ քաշեր դեպի մանիքեական հավատալիքները, բայց ընկերոջ մահը թույլ չտվեց, որ դա տեղի ունենար։ Դա բարիք եղավ ընկերոջ համար, որովհետև տարվեց Աստծո մոտ, Մկրտությունից գրեթե անմիջապես հետո։
[7] Հմմտ. Ողբ 5, 17
[8] Հմմտ. Սղմ 41, 6.12; 42, 5
[9] Օգոստինոսը, որպես մանիքեական, Աստծո վերաբերյալ ուներ անիրական ու երևակայական անըմբռնելի պատկերացում, ինչպես ասում է քիչ հետո (7. 12.):
[10] Սղմ 138, 11; հմմտ. Առկ 29, 17
[11] Հմմտ. Հվհ 14, 6
[12] Հմմտ. Իմս 7, 27
[13] Հոբ 3, 20; 23, 2; Ես 38, 15
[14] Հունական դիցաբանության կերպարներից։ Օրեստեսը Ագամեմնոն արքայի որդին էր։ Պիլադեսը Օրեստեսի զարմիկն էր, Ստրոֆիոս արքայի որդին։
[15] Ընկերոջը։
[16] Սղմ 70, 5
[17] Սղմ 24, 15
[18] Մարկուս Թուլլիուս Կիկերոն, Նամակներ ընկերներին, 7. 5. 1.
[19] Հմմտ. Քուինթուս Հորացիուս Ֆլակքուս, Տաղ հանդիսական, 1. 3-8.
[20] Սղմ 24, 1
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։