Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

Մտաբերելով այն իննը տարիները, որոնց ընթացքում քերականություն և հռետորություն դասավանդեց Թագաստում և Կարթագինեսում, Օգոստինոսը մեղադրում է իրեն հատկապես երկու հանցանքների համար. գոռոզ ունայնամտությունը և պատկանելությունը մանիքեական աղանդին, նրանց նվիրապետության ամենացածր աստիճանի վրա: Քրմերի արարքներին հակառակ էր, բայց հրապուրվել էր աստղագուշակությամբ, թեև իր երկու մտերիմ ընկերները՝ հանրահայտ բժիշկ Ավիանուս Վինդիցիանուսը և Նեբրիդիուսը, ճիգեր էին գործադրում այդ ''գիտության'' անտրամաբանական լինելն ապացուցելու համար:

Մի ուրիշ մտերմություն էր հաստատել Թագաստում դասավանդելու տարիներին, մի քաղցր ընկերություն, որը սակայն դատապարտված էր կարճատև լինելու: Մեկ տարի անց ընկերը հիվանդանում է և Մկրտությունն ընդունում է ծանր վիճակում: Օգոստինոսը փորձում է ծաղրել խորհուրդը, որը հիվանդը ստացել էր գրեթե անգիտակից վիճակում, բայց հանդիպում է խիստ հանդիմանությունների: Երբ քիչ օրեր անց ընկերը մահանում է, Օգոստինոսն ընկնում է մի վշտահար վիճակի մեջ, միայնությունից տրտմած և ամեն ինչից սրտնեղած: Այդ տեղանքից նույնպես հոգնած, որն իրեն հիշեցնում էր կորցրած բարիքը, տեղափոխվում է Կարթագինես, ուր ժամանակի և նոր հարաբերությունների բալասանը դարմանում է իր վերքերը: Բազում տառապանք և զգացումների մեջ բազում անհարատևություն. սրանք են երկրային վաղանցուկ ու սահմանափակ իրողությունների հանդեպ տածված յուրաքանչյուր սիրո հատկությունները: Միմիայն հավիտյան անսասան ու անսահմանափակ Աստծո սերը կարող է գոհացնել մարդու սիրտը: Երանի՜ նրանց, ովքեր սիրում են Նրան, և թող որ արարածների սերը նույնպես լինի Արարչի համար, լինի Փրկչի համար, Ով Իր կյանքի յուրաքանչյուր իրադարձությամբ ու միջադեպով կանչեց մեզ դեպի Ինքը, կանչեց մեզ վերագտնելու Իրեն՝ վերադառնալով ինքներս մեր սրտերից ներս, բոցավառվելու համար բոլորս աստվածային սիրո միակ կրակով:

Մտերիմների հետ ունեցած խոսակցություններից և էսթետիկ խնդրի շուրջ խորհրդածություններից՝ այդ տարիներին ծնվում է Օգոստինոսի աշխատությունը «Գեղեցկության և պատշաճության մասին». առաջինը առարկայի միասնական ներդաշնակության հատկությունն էր, երկրորդը՝ մասերի ներդաշնակությունն էր ամբողջի հետ, կամ որևէ առարկայինը՝ ուրիշ առարկաների հետ: Իր այս աշխատությունը ձոնել էր հռոմեաբնակ հռչակավոր հռետոր Գերիոսին, որին անձամբ չէր ճանաչում. ուրեմն հնարավոր է, թեև շատ տարօրինակ է, սիրել և գովել հեռավոր ու անծանոթ անձանց, հիմնվելով ուրիշների վկայությունների ու գովասանքների վրա: Այդ այդքա՜ն հմայիչ անձնավորությունից Օգոստինոսն այն ժամանակ կարոտով սպասում էր վավերացման գեթ մեկ խոսք, բայց այժմ խոստովանում է, որ այդ աշխատությունը զերծ չէր սխալներից, որոնց զոհն էր դարձել մանիքեականների պատճառով, այսինքն՝ որ գոյություն ունեցող ամեն բան մարմնեղեն է: Հոգուն նույնպես տալիս էր նյութական կերպարանք, այն տեսնում էր խաղաղված՝ առաքինության միությամբ, և չարչարված՝ մեղքի բաժանումով: Ավելին. Օգոստինոսի համար՝ Բարիք-Միակը (մոնադե) և Չարիք-Բազմակիությունը (դիադե) գոյություն ունեցող ամեն ինչի բնազանցական (մետաֆիզիկ) երկու սկզբունքներն էին: Տակավին մանիքեական արահետների վրա քայլելով՝ ընկնում էր ամենաստվածության (պանթեիզմ) մեջ, քանի որ մարդու մեջ ընդունում էր գոյությունը Աստծո լուսեղեն մարմնի մասնիկների, Աստծո վրա բարդելով մարդկային մահկանացու և ապականված բնության հատկությունները, մեկ խոսքով՝ Նրա վրա նույնպես տարածելով գոյացությունների այն հատկությունները, որոնք Արիստոտելը թվարկում է իր Դասակարգումներում, որոնք Օգոստինոսն ընթերցել էր քսան տարեկան հասակում, զարմանալի հեշտությամբ, կորովամիտ հանճարի շնորհիվ, որ ստացել էր Աստծուց, բայց կիրառել էր շեղ արահետների վրա:

 

Թագաստում և Կարթագինեսում, 374 թվականից մինչև 383 թվականը

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։