Տանձերի գողությունը – Գրադարան – Mashtoz.org

Տանձերի գողությունը

Ձեռնարկը

4. 9. Քո օրենքը, Տե՜ր, հստակ կերպով դատապարտում է գողությունը, ինչպես վարվում է նաև մարդկանց սրտերի մեջ գրված բնական օրենքը[1], որը ջնջել չի կարող և ո՛չ իսկ իրենց չարասիրությունը: Ո՞ր գողն է հոժարությամբ հանդուրժում, երբ իր ունեցվածքները կողոպտվում են մի ուրիշ գողի ձեռքով։ Եվ ո՛չ իսկ՝ երբ ինքը հարուստ է, իսկ մյուսը՝ ծայրահեղ աղքատ: Այնուամենայնիվ, ես կամեցա մի գողություն կատարել և կատարեցի առանց կարիքից մղված լինելու, այլ՝ թերևս արդարության մեջ թերի լինելուս, արդարության համից խորշելուս և իմ մեջ ապականության գերառատության պատճառով միայն: Գողացա, իրոք, այնպիսի բաներ, որոնք ունեի արդեն՝ առավել քանակով և շա՜տ ավելի որակյալ։ Եվ ո՛չ էլ մղում էր ինձ փափագը՝ վայելելու այն, ինչը որ ձեռք էի բերելու գողությամբ, այլ՝ ցանկությունը հենց իր՝ գողության ու մեղքի: Մեր խաղողի այգու մոտակայքում աճում էր մի տանձենի, որ լի էր կերպարանքով ու համով անհրապույր պտուղներով: Գիշերը, հրապարակում մեր խաղերը երկարաձգելուց հետո, – ինչպես որ սովոր էինք վարվել ի վնաս մեր, – գնացինք, այլասերված պատանիներս, ծառը ցնցելու և հավաքելու պտուղները: Վերադարձանք բավական բեռնավորված, բայց ո՛չ մենք ինքներս ուտելու համար, այլ՝ ուղղակի նետելու համար խոզերի դիմաց: Եթե մի քանի հատ համտեսեցինք, եղավ պարզապես անիրավության համն առնելու համար: Այդպիսին է իմ սիրտը, ո՜վ Աստված, այդպիսին է իմ սիրտը, որի հանդեպ ողորմած եղար՝ մինչ անդնդի խորքերում էր: Այժմ, ահա՛, սիրտս Քեզ կխոստովանի, թե ի՛նչ էր փնտրում այնտեղ՝ ներքևում, լինելով չար՝ առանց պատճառի, առանց՝ որ գոյություն ունենար չարությանս ինչ որ մի իմաստ: Ամոթալի էր և այն սիրեցի, սիրեցի մահը, սիրեցի իմ ոչնչացումը: Ո՛չ թե այն առարկան, որի համար ոչնչանում էի, այլ՝ իմ ոչնչացումը սիրեցի, զազրելի՜ս, որ հեռանում էի օգնությունիցդ՝ բնաջնջվելու համար[2] ո՛չ թե ինչ որ մի բանի անպարկեշտ փնտրտուքի մեջ, այլ՝ հենց անպարկեշտության:

 

Մեղքի բնությունն ու ազդակները

5. 10. Գեղեցիկ կերպարանքները մարմինների մեջ, և ոսկին ու արծաթը, և նման ամեն բան, աչքերը հրապուրում են իրենց տեսքով: Շոշափելու զգայության մեջ մեծ կարևորություն ունի մարմնի և իր առարկայի միջև ներդաշնակ համաձայնությունը, ինչպես որ մյուս զգայարաններն առարկաներից ստանում են իրենց բնորոշ և իրենց պատշաճ փոփոխությունը: Նաև աշխարհային պատիվը, ուժը, իշխանությունը, ունեն իրենց որոշ արժանապատվությունը, որն, ի միջի այլոց, աղբյուրն է մարդու մեջ վրեժխնդրության ցանկության: Այնուամենայնիվ, ստանալու համար այս բոլոր բարիքները, անհրաժեշտ պայման չէ Քեզնից հեռանալը, Տե՜ր, և ո՛չ էլ՝ Քո օրենքներից շեղվելը: Կյանքն իսկ, որ ապրում ենք այստեղ՝ երկրի վրա, ունի իր հմայքը, որն իրեն տրվում է իրեն հատուկ շնորհալիության որոշ չափից և տիեզերքի մյուս նվազագույն գեղեցկությունների հետ ներդաշնակությունից։ Եվ մարդկանց միջև մտերմությունը, մի՞թե ախորժելի չէ, այն սիրալի կապի հետևանքում, որ միավորում է բազում հոգիներ: Բոլոր այս բաները և մյուս սրանց նմանները մեղքի աղբյուր են միայն այն դեպքում, երբ ցանկանում ենք բուռն անզսպվածությամբ, և սրանց համար, որ ցածրակարգ բարիքներ են, անտեսում ենք լավագույններն ու գերագույնները. Քեզ, Տե՜ր Աստված մեր, և Քո ճշմարտությունն ու Քո օրենքը[3]: Որովհետև, այո՛, այս ստորին բարիքները նույնպես ախորժելի են, բայց բերկրանք չեն պատճառում այնքան, որքան իմ Աստվածը՝ Արարիչն ամեն ինչի. հենց Նրա մեջ է վայելում արդար մարդը և հենց Նա է բերկրանքը սուրբ սրտերի[4]:

- 11. Հետևաբար, ինչ որ մի հանցանքի պատճառը փնտրելիս սովորաբար չենք հասնում մեր նպատակին, եթե ո՛չ միայն՝ երբ բացահայտում ենք քիչ առաջ ցածրակարգ որակավորված բարիքներից մեկի կամ մյուսի հանդեպ տածված տենչը, և կամ էլ՝ դրանք կորցնելու վախը, որովհետև դրանք, թեև նվաստ ու անկարգ են՝ բարձրակարգ ու երանացուցիչ բարիքների համեմատությամբ, այնուամենայնիվ՝ ունեն որոշ գեղեցկություն և շնորհալիություն: Ինչ որ մեկը մարդ սպանեց. ինչո՞ւ: Ցանկանում էր տիրանալ մեռածի կնոջը կամ պաշտոնին, և կամ էլ՝ ուզեց կողոպտել՝ ապրելու համար, կամ էլ՝ վախենում էր այս բարիքներից որևէ մեկը կորցնել մեռածի ձեռքով, և կամ էլ՝ ծարավի էր վրեժխնդրության, ստացած ինչ որ մի նախատինքի պատճառով: Երբևէ սպանություն կգործե՞ր առանց պատճառի, պարզապես մարդ սպանելու հաճույքի համար: Ո՞վ կվարվեր այսպես: Նույնիսկ այն մարդու ծայրահեղ խենթություններին ու դաժանություններին, որի մասին ասվում էր, թե սովորաբար ոչնչի համար էր սանձազերծում իր չարությունն ու դաժանությունը, նախադրվել է մի պատճառ. որպեսզի անգործության մեջ, – պատմում է իր կենսագիրը, – չտկարանային ձեռքը կամ ոգին[5]: Հարցրու նաև սրան. ի՞նչ նպատակով, ինչի՞ համար: Հանցանքների միջոցով և քաղաքին տիրելով՝ ձեռքբերելու համար փառք, իշխանություն, հարստություններ. ազատվելու համար օրենքների վախից և ունեցվածքի սակավությունից առաջ եկող նեղություններից, ինչպես նաև՝ ոճիրներին հետևող խղճի խայթերից[6]: Հետևաբար, և ո՛չ իսկ Քաթիլինասը սիրեց իր հանցանքները, այլ՝ ուրիշ բան. նպատակն, այսինքն, որի համար դրանք գործում էր:

 

Մեղքը. Աստծո իշխանության կեղծումը

6. 12. Բայց ես՝ թշվառս, ի՞նչ սիրեցի քո մեջ, ո՜վ գողություն իմ, ո՜վ իմ տասնվեց տարեկանիս գիշերային հանցանք: Գեղեցիկ չէիր, եթե գողություն էիր: Ավելին. ինչ որ մի բա՞ն ես, որիդ կարողանամ խոսք ուղղել[7]: Գեղեցիկ էին պտուղները, որ գողացանք, որովհետև գործն էին Քո ձեռքերի, ո՜վ բոլորի մեջ գերագույն Գեղեցկություն, Արարիչ ամեն ինչի, Աստված բարի, Աստված գերագույն բարիք և բարիք իմ ճշմարիտ: Գեղեցիկ էին, ուրեմն, պտուղները, բայց դրանք չփափագեց ողորմելի հոգիս, որովհետև դրանցից ավելի ընտիրներն ունեի, և առատությամբ։ Եվ սակայն, հենց դրանք քաղեցի՝ գողություն կատարելու նպատակով միայն: Իրոք որ, հազիվ քաղած՝ դեն նետեցի, առանց ճաշակելու, ճաշակելով միայն ոճիրս, որն այնքա՜ն արբեցուցիչ է գործադրելիս: Եթե նույնիսկ այդ պտուղներից մի փոքրիկ կտոր բերանիցս ներս մտավ, համ տվեց դրան հանցանքը: Իսկ այժմ, Տե՜ր Աստված իմ, հարցնում եմ ինձ. ի՞նչը հրապուրեց ինձ այդ գողության մեջ: Իրոք, չեմ գտնում դրա մեջ ո՛չ մի գեղեցկություն. ի նկատի չունեմ բնատուր գեղեցկությունը արդարության ու իմաստության, և կամ մարդկային մտքի, հիշողության, զգալու կարողության, բուսական կյանքի, և կամ էլ՝ իրենց կարգին հատուկ գեղեցկությունն ու շնորհալիությունը աստղերի ու երկրի ու ծովի, ուր բնակվում են արարածներ, որ միմյանց հաջորդում են ծնունդով ու մահվամբ, և ո՛չ էլ՝ այն թերին ու անիրականը, որով մեզ խաբում են կրքերը:

- 13. Իրոք, հպարտությունը կեղծելով նմանակում է գերազանցությանը, մինչ ամեն ինչի նկատմամբ գերազանց միակ Աստվածը Դու ես: Հավակնոտությունն ի՞նչ բանի է ձգտում, եթե ո՛չ՝ պատիվների ու փառքի, մինչ միայն Դու ես ամեն ինչից վեր արժանի պատվի ու հավիտենական փառաբանության: Իշխանավորների դաժանությունը որպես նպատակ ունի սարսափ ներշնչելը. բայց ո՞վ է իսկապես ահարկու, եթե ո՛չ՝ միայն Աստված, որի իշխանությունից ի՞նչ կարելի է խլել կամ հափշտակել, ե՞րբ կամ որտե՞ղ կամ ինչպե՞ս կամ ո՞ւմ ձեռքով: Ցանկասեր մարդկանց հրապույրներն, ապա, կամենում են արթնացնել սեր, բայց ոչինչ առավել հրապուրիչ չէ, քան Քո սերը, և ո՛չ էլ գոյություն ունի առավել փրկարար մի սեր, քան սերը Քո ճշմարտության, այնքա՜ն որ գեղեցիկ ու պայծառափայլ է, ամեն ինչից ավելի: Հետաքրքրասիրությունը փորձում է ներկայանալ որպես ճանաչողության փափագ, մինչ ով անթերի գիտի ամեն բան, Դու ես: Մինչև իսկ տգիտությունն ու սակավամտությունը ծածկվում են պարզության ու անմեղության անվան ներքո, որովհետև գոյություն չունի Քեզնից առավել պարզ ոչինչ, և Քեզնից առավել անմեղը կա՞, մինչ չարագործներին վնասում են իրենց իսկ գործերը: Ծուլությունն իր հերթին թվում է, թե հանգիստ է փնտրում, բայց ապահով հանգիստ գոյություն ունի՞ առանց Տիրոջ: Ցոփությունը ցանկանում է գոհունակություն և միջոցների առատություն կոչվել. Դու ես, սակայն, լիությունն ու անսպառելի առատությունը անապական գեղեցկությունների: Շվայտությունը թաքնվում է առատաձեռնության ստվերի ետևում, բայց բոլոր բարիքների ամենաառատ մատակարարողը Դու ես: Ագահությունը տենչում է շատ ունենալ, մինչ Քոնն է ամեն բան: Նախանձը վիճաբանում է գերազանցելու համար, բայց ո՞վ է գերազանցում Քեզ: Զայրույթը պահանջում է վրեժ, բայց Քո վրիժառություններից ավելի արդարը չկա։ Վախկոտությունը դողում է, ապահովության իր փնտրտուքի մեջ, արտասովոր ու հանկարծահաս վտանգների մտքից, որոնք սպառնում են իր սիրո առարկաներին. Քո համար, հիրավի, կարո՞ղ է ինչ որ մի բան արտասովոր լինել կամ հանկարծահաս, կամ ինչ որ մեկը կարո՞ղ է զրկել Քեզ սիրույդ առարկաներից, և կամ որտե՞ղ ենք հաստատապես ապահով, եթե ո՛չ՝ հովանուդ ներքո: Ատելությունը մաշվում է բարիքներ կորցրած լինելու մտքից, որոնք վայելքն էին իր ընչասիրության, որովհետև կուզենար, որ ինչպես Քեզնից, այնպես էլ իրենից ոչինչ հնարավոր չլիներ հափշտակել:

- 14. Այս կերպերով է հոգին մեղանչում, երբ անջատվում է Քեզնից և Քեզնից դուրս է փնտրում սրբությունն ու անարատությունը, որոնք չի գտնում, եթե ո՛չ՝ վերադառնալով Քեզ: Բոլորն էլ, մի խոսքով, նմանակում են Քեզ, – կեղծելով, – ովքեր բաժանվում են Քեզնից և Քո դեմ ապստամբում: Բայց նաև նմանակելով Քեզ, իրենց ձևով, փաստում են, որ Դու Արարիչն ես տիեզերքի, և հետևաբար՝ անհնարին է որևիցէ մի կերպ հեռանալ Քեզնից: Ուրեմն ի՞նչ սիրեցի այն գողության մեջ և ի՞նչ բանի մեջ նմանակեցի Տիրոջս, թեև չարությամբ ու կեղծիքով: Կամեցա չարությա՞մբ խախտել Իր օրենքը, չկարողանալով նույնը անել զորությամբ: Բանտարկյալը կամենում էր նմանակել մի թևատ ազատությո՞ւն, միակ ողջ ձեռքով կատարելով ապօրինի մի գործ, ամենակարողության մի խավար ձևացմամբ: Ահա՛ իր տիրոջից փախած այս ծառան, որ հասել է մի ստվերի[8]: Ա՜հ ապականություն, ա՜հ հրեշայնություն կյանքի, ա՜հ մահվան անդունդ: Կարողացավ երբևէ հաճելի լինել ինձ ապօրինին, պարզապես ապօրինի լինելու համար, և ուրիշ ոչի՞նչ:

 

Ներում և գութ մեղավորի հանդեպ

7. 15. Ինչպե՞ս հատուցեմ Տիրոջը[9] փոխարեն այն բանի, որ հիշողությունս մտաբերում է նման գործերս, իսկ հոգիս չի խռովվում դրանցից: Սիրելու եմ Քեզ, Տե՜ր, երախտագիտությունս եմ հայտնելու Քեզ և դավանելու եմ Քո Անունը[10], որովհետև ներեցիր իմ այսքա՜ն մեծ չարությունն ու ոճիրները: Քո շնորհին եմ վերագրում ու ողորմությանդ՝ մեղքերիս հալվելը սառույցի նման[11]: Քո շնորհին եմ վերագրում նաև այն ամբողջ չարիքը, որ չեմ գործել: Արդյոք ի՞նչ չէի կարողանա անել, եթե մինչև իսկ ոճիրը սիրեցի ինքն իր մեջ։ Եվ սակայն, այս բոլոր մեղքերը, և նրանք, որոնք իմ ինքնաբուխ կամքով գործեցի, ինչպես նաև նրանք, որոնցից խուսափեցի Քո առաջնորդությամբ, ներեցի՜ր ինձ, դավանում եմ սա: Սեփական տկարությանը գիտակից ո՞ր մարդն է համարձակվում իր ուժերին վերագրել արժանիքը ողջախոհության ու անարատության, որ պահպանում է, և հետևաբար՝ սիրում է Քեզ ավելի քիչ, կարծես նվազ կարիք է ունեցել ողորմությանդ, որով ներում ես դեպի Քեզ դարձողների մեղքերը[12]: Ով, ուրեմն, Քո կանչին պատասխանելով՝ հետևեց ձայնիդ և խուսափեց այն հանցանքներից, որոնք ես այժմ հիշատակում եմ այստեղ ու խոստովանում, թող որ չծաղրի ինձ, որ հիվանդ էի և ապա դարմանվեցի այն Բժշկի ձեռքով, Ով իրեն հեռու պահեց հիվանդություններից, կամ ավելի ճիշտը՝ առավել ծանր հիվանդություններից: Այս իսկ պատճառով, պարտավոր է սիրել Քեզ նո՛ւյնքան, մանավանդ թե՝ ինձնից է՛լ ավելի ուժգին, որովհետև տեսնում է, թե ինչպե՛ս եմ ես մեղքերի պատճառած այդպիսի ուժասպառությունից ինձ ազատում Նրա շնորհիվ, Ով, ինչպես տեսնում է, մեղքերի այդպիսի ուժասպառության մեջ իրեն չթողեց ընկնել:

 

Գողության հրապույրները

8. 16. Ի՞նչ պտուղ ստացա, ուրեմն, ես՝ ողորմելիս, այն բանից, որն այժմ մտաբերում եմ ո՛չ առանց կարմրելու, և հատկապես՝ այն գողությունից, որի մեջ սիրեցի միայն գողությունը և ուրիշ ոչինչ։ Եվ դա նույնպես ոչինչ էր, հետևաբար՝ ավելին էր իմ թշվառությունը։ Եվ սակայն, դա մենակ չէի կատարել: Քաջ հիշում եմ, թե ինչպիսի՛ն էր հոգիս այն ժամանակ. մենակ չէի կատարի դա, բացարձակապես: Հրապուրեց ինձ նաև ընկերությունը նրանց, որոնց հետ կատարեցի այն: Հետևաբար, ուրիշ ոչինչ չսիրեցի, եթե ո՛չ՝ գողությունը: Այո՛, ուրիշ ոչինչ, որովհետև նմանատիպ ընկերությունը նույնպես ոչինչ է: Ի՞նչ է իրականում: Ո՞վ կարող է արժանապես կրթել ինձ, եթե ո՛չ Նա, Ով լուսավորում է սիրտս և ճեղքում նրա խավարը[13]: Ինչպե՞ս է պատահում, որ միտքս է գալիս հետազոտել, պատճառաբանել, քննել այս իրողությունները: Եթե այն պահին սիրած լինեի պտուղները, որ գողացա, և փափագած լինեի դրանց համը, կկարողանայի, եթե հնարավոր էր, նաև միայնակ կատարել այդ հանցանքը, գոհացում տալով ցանկությանս առանց ինչ որ մի մեղսակցի քսվելու՝ սաստկացնելու համար տենչանքիս քորը: Բայց պտուղները ոչ մի հրապույր չունեին իմ համար. ուրեմն, հրապուրիչ էր միմիայն ձեռնարկը և այս վերջինն իմ մեջ արթնացնողը ընկերությունն էր ուրիշների, որոնք մեղանչում էին իմ հետ միասին:

 

Մեղսակցության համը

9. 17. Ինչպիսի՞ զգացում էի կրում այն ժամանակ սրտիս խորքում: Անկասկած, դա մի զգացում էր իրոք շատ զազրելի, և իմ համար պատուհաս էր այն զգալը: Բայց սա նույնպես, ինչի՞ մեջ էր կայանում: Ո՞վ է հասկանում մեղքերը[14]: Ծիծաղն էր, որն – այսպես ասած – խտղտում էր մեր սրտերը՝ խաբելու մտքով նրանց, ովքեր նման արարք չէին սպասում մեզնից և ովքեր հաստատապես հակառակ կլինեին դրան: Ինչո՞ւ էի, ուրեմն, ուրախ՝ միայնակ չլինելուս համար: Թերևս, որովհետև դյուրին չէ՞ միայնակ ծիծաղելը: Անշուշտ դյուրին չէ, բայց երբեմն պատահում է, որ ծիծաղում ենք միայնակ եղած ժամանակ, ինքներս մեր մեջ, ոչ ոքի ներկայության, եթե մեր զգայարանների կամ մտքի առաջ հայտնվում է մի շատ ծիծաղելի բան: Սակայն, ես միայնակ չէի կատարի այդ արարքը, միայնակ բացարձակապես չէի կատարի այն: Ահա՛, ուրեմն, Քո առաջ, Աստվա՜ծ իմ, կենդանի հիշատակն իմ հոգու: Միայնակ չէի կատարի այդ գողությունը, որի մեջ ո՛չ թե ավարը, այլ՝ գողանալն էր ինձ հրապուրում: Այն միայնակ կատարելն իսկապես չէր հրապուրում ինձ և չէի կատարի: Ա՜հ թշնամագույն ընկերություն, հոգու անբացատրելի մոլորում, խաղերից ու կատակներից ծնված վնասելու մոլուցք, ուրիշների ունեցվածքի կորստի ծարավ՝ առանց սեփական շահի կամ վրիժառության: Մեկն ասում է. «Գնա՛նք, անե՛նք», և ամաչում ենք՝ անամոթ չլինելու համար:

 

Անմեղության ու խաղաղության փափագ

10. 18. Ո՞վ կարող է քանդել մի այսքա՜ն խճճված ու քարկապներով լի հանգույց: Զազրելի է, այլևս չեմ ուզում հիշել, չեմ ուզում նայել դրան: Ուզում եմ Քեզ, արդարություն և գեղեցիկ անմեղություն, որ զարդարված ես Քո մաքուր լույսերով ու չհագեցող հագեցածությամբ: Քո մոտ տիրում են խոր անդորրն ու անվրդով կյանքը: Ով ընկղմվում է Քո մեջ, մուտք է գործում իր Տիրոջ ուրախությունից ներս[15]: Չի ունենա այլևս վախեր, և գերազանցապես բարեվիճակ կլինի գերազանց Բարիքի մեջ: Ես անձս վատնեցի Քեզնից հեռու և մոլորվեցի, Աստվա՜ծ իմ, երիտասարդությանս ընթացքում, հաստատահիմն ժայռիցդ չափազանց հեռու ճանապարհներում։ Եվ այդպիսով, ինքս իմ համար դարձա չքավորության երկիր[16]:

[1] Հռմ 2, 14...; հմմտ. Ելց 20, 15; Ղւտ 15, 11; 2Օր 5, 19 (= Մտթ 19, 18; Մրկ 10, 19; Ղկս 18, 20; Հռմ 13, 9)
[2] Հդթ 4, 10; Սրք 39, 36
[3] Հմմտ. Սղմ 118, 142
[4] Հմմտ. Սղմ 63, 11
[5] Գայուս Սալլուստիուս Քռիսպուս, Քաթիլինասի դավադրությունը, 16. 3.
[6] Գայուս Սալլուստիուս Քռիսպուս, Քաթիլինասի դավադրությունը, 5. 5.
[7] Չարը որպես այդպիսին գոյություն չունի. ապականությունն է, գոյություն ունեցող բարիքի նվազումը՝ մինչև ամբողջական ոչնչություն (հմմտ. Խոստովանություններ Գ 7. 12; Դ 15. 24; Է 12. 18):
[8] Հմմտ. Հոբ 7, 2
[9] Սղմ 115, 12
[10] Հմմտ. Սղմ 53, 8
[11] Հմմտ. Սրք 3, 17
[12] Հմմտ. Սղմ 50, 15
[13] Հմմտ. Սրք 2, 10
[14] Սղմ 18 [19], 13
[15] Մտթ 25, 21
[16] Հմմտ. Ղկս 15, 14
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։