Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

Մանկական հասակին հաջորդեց երիտասարդությունը, և այդ տարիքում փայլեցին սիրո պատրանքները և սանձազերծվեցին զգայարանները: Հաճույքների փնտրտուքի ու վայելքի մեջ, թեև երբեմն զզվանքով, երիտասարդ Օգոստինոսն անցկացրեց իր հատկապես տասնվեցերորդ տարին, որի ընթացքում, ծնողների տնտեսական դժվարությունների պատճառով, հարկադրվել էր ընդհատել ուսումները և մոտակա Մադուրասի դպրոցներից վերադարձել էր Թագաստ, սպասելով, որ հայրը հավաքեր անհրաժեշտ միջոցներ՝ իրեն Կարթագինես ուղարկելու համար: Եղավ, հետևաբար, պարապության տարի: Ոչինչ և ոչ ոք նրան հեռու չէր պահում մեղքից ու չար ընկերություններից, և ո՛չ իսկ հայրը, ով ընդհակառակը՝ հպարտ էր իր այլևս հասուն տղայով, կամ մայրը, թեև մտահոգ էր իր զավակի ապագայով:

Ահա՛ այսպես էին ընթանում դեպքերը, երբ մի գիշեր ընկերների հետ գնաց իր այգուն մոտ գտնվող մի ծառից տանձ գողանալու, հետո խոզերին նետելով պտուղների մեծ մասը: Երևութապես մի աննշան արարք, որը սակայն մինչև խորքը քննելով՝ իր ազդակների ու նպատակների մեջ, շա՜տ բաներ է հայտնում և ուսուցանում մարդկային մեղքի վերաբերյալ ընդհանրապես: Յուրաքանչյուր նույնիսկ փոքրագույն իրողություն ունի ինչ որ մի գեղեցիկ տեսանկյուն և մարդն ամենուր, առավել կամ նվազ գիտակից, փնտրում է բարիքը, այսինքն՝ Աստծուն: Նույն ինքն մեղքը, լինի հպարտություն թե սնափառություն, դաժանություն թե ցանկասիրություն, հետաքրքրություն թե անմտություն, ծուլություն թե ընչաքաղցություն, շռայլություն թե ագահություն, նախանձ թե զայրույթ, սարսափ թե ձանձրույթ, բոլորն էլ նպատակաշեղ և կույր փնտրտուքն են ինչ որ մի սահմանափակ բարիքի, տձև նմանակությունն են Աստծո սիրո և զորության անսահմանափակ գործունեության: Տանձերի գողության աննպատակ արարքը կամենում էր փաստել որոշ ազատություն: Համեմելու համար այս անկարգ հաճույքը, ներկա էր նաև այն մյուսը. հաճույքը ընկերակցության (մեղսակցության), որն ախորժելի է դարձնում մարդկային արարքներից շատերը, օրինակի համար՝ ծիծաղը: Ինչպես տեսնվում է, մեղքը նույնպես մարդկային սրտի երկդիմի ու անբացատրելի արտահայտումներից մեկն է, որին ընդդիմանում են աստվածային արդարությունն ու սրբությունը:

 

Թագաստում, 370 թվականին

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։